Էրեբունի համայնքի Արցախի 32 հասցեում գտնվում է ժողովրդական լեզվով հայտնի Դեպոն, որը ներկայումս գնել է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Երկաթուղու կենտրոնական կայանը զբաղեցնում է մի քանի հեկտար տարածություն, որտեղ «շարքից դուրս եկած», վերանորոգման ենթակա գնացքի վագոններից բացի, պարզվում է` նաեւ մարդիկ են ապրում: Գնացքների «գարաժում» մեծանում են երեխաներ, որոնց վաղվա օրը խիստ անորոշ է: Բանն այն է, որ սովետական տարիներին Դեպոյի աշխատակիցներից շատերն, ովքեր գտնվել են անօթեւան կարգավիճակում` հաստատության ղեկավարության կողմից ժամանակավորապես բնակեցվել են Դեպոյի ադմինիստրացիայի շենքում: Անտուն ընտանիքները բնակարան ստանալու հերթացուցակում են եղել` հույսով, որ շուտով պետությունն իրենց էլ բնակարանով կապահովի: ԽՍՀՄ փլուզումից հետո, բնականաբար, ոչ միայն այդ հերթացուցակն ուժը կորցրեց, այլեւ գործարանները վաճառվեցին: Արդյունքում հազարավոր ընտանիքներ կամ շարունակեցին ապրել գործարանների տրամադրած ժամանակավոր կացարաններում, կամ էլ` պարզապես գործարանների նոր տերերի հրահանգով վռնդվեցին: Դեպոյի նախկինում ադմինիստրացիայի երկու երկհարկանի շենքերից յուրաքանչյուրում ապրում են 4-5 սոցիալապես ծայրահեղ անապահով ընտանիքներ, որոնց թվում նաեւ բազմազավակ ընտանիքներ կան: Վերջիններս ապրում են սարսափելի պայմաններում, որոնց մեր իշխանության ներկայացուցիչները միայն հիշում են ընտրությունների ժամանակ` ձայներ «կորզելիս»: Այս ընտանիքների անդամների կարգավիճակը հստակեցված չէ, քանի որ Էրեբունու թաղապետարանն ընդհանրապես չի «ճանաչում» նրանց: «Մենք էստեղ օդից կախված մարդիկ ենք, որոնք չգիտեն, թե վաղվա օրն ի՞նչ անակնկալ ա մատուցելու: Ամուսինս սովետի ժամանակվանից Դեպոյում սվարշչիկ ա աշխատել, ու մեզ էս սենյակը հատկացրել են` մինչեւ բնակարանի հերթը հասնի: Բայց ոչ բնակարանի հերթ հասավ, ոչ էլ գիտենք, թե ինչքան ենք ստեղ ապրելու»,- ասում է Դեպոյի վարչական շենքի բնակիչներից Անուշ Խեչումյանը, ով վեց երեխաների մայր է եւ ապրում է աննկարագրելի վատ պայմաններում: Շենքում ընդհանրապես բացակայում է ինչպես խմելու ջրի խողովակաշարն, այնպես էլ կոյուղին, եւ մարդիկ ստիպված հարակից տարածքից դույլերով ջուր են կրում: Այս տարածքում ապրող երեխաների հետ, պարզվում է` դպրոցում հոգեբանական աջակցության դասընթացներ են անցկացնում, քանի որ այս կենսակերպի պատճառով անչափահաս երեխաները հոգեբանական խնդիրներ են ունենում: Դեպոյի տարածքում ապրող մարդիկ մտավախություն ունեն, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարներն իրենց տարածքից դուրս կհանեն: «Նույնիսկ խոսակցություններ կան, որ էս շենքերում պատրաստվում են նոր բան կառուցել, գնված ա, բայց մենք չգիտենք, թե մեր ճակատագիրն ինչ ա լինելու: Գնալու տեղ չունենք, բոլորս էլ անտուն, անապահով մարդիկ ենք»,- ասում են նրանք` ՀՀ կառավարությանը հորդորելով հետաքրքրվել իրենց կարգավիճակով եւ կացարաններ տրամադրել: Թեեւ նրանք գրանցված են Արցախի 32 հասցեում, այդուհանդերձ չունեն սեփականության իրավունք: Դեպոյի տարածքում ապրող այս մարդկանց դիմումներին, ինչպես միշտ, չեն արձագանքում որեւէ պետական կառույցից, եւ մարդիկ հույս են հայտնում, որ հրապարակման միջոցով ՀՀ իշխանությունները կփորձեն հետաքրքրվել այս ընտանիքների ճակատագրով: