Ժամանակակից աշխարհում ինֆորմացիան շատ թանկ զենք է, որի օգնությանը հաճախ դիմում են միմյանց կարծիքների ու դիրքորոշումների հետ չհամաձայնող մարդիկ։ Եվ արդյունքում ինֆորմացիայի զարմանալի խեղաթյուրումներ են տեղի ունենում։
Վերջերս ինֆորմացիայի տարածման «զոհ» են դարձել գձիերը։ Այս տարվա հունիսին Մոսկվայում տպագրվող եւ ԱՊՀ տարածքում ամենախոշոր մասնագիտական «Ձիաշխարհ» ամսագրում լույս է տեսել ղարաբաղյան ցեղական ձիերին նվիրված մի հոդված, որին արձագանքել են ձիաբուծությամբ ու ձիասպորտով զբաղվող հայ մասնագետները։ Այդ հոդվածում ղարաբաղյան նժույգը ներկայացվում է որպես ադրբեջանցի ձիաբույծների աշխատանքների արդյունք, ինչն, իհարկե, չէր կարող անտեսվել հայ մասնագետների կողմից։ Սովորաբար երբ ադրբեջանցիները պատմության մեջ բացեր են տեսնում, սկսում են շուտափույթ հորինել սեփական պատմությունը եւ չեն խորշում փաստերի վերադասավորումից։ Հսկայական հոդվածում, օրինակ, բառ անգամ չկա հայերի մասին։
Պատմական ոչ մի աղբյուրի հղում չանելով, ադրբեջանամետ հոդվածագիրը ղարաբաղյան ձին կապել է ադրբեջանական ավանդույթների ու պատմության հետ։ Կենդանաբան Արտյոմ Մակարյանը ամսագրի խմբագրությանը ուղղված պատասխան նամակ-հոդվածում գրում է, որ այդ հոդվածը սեփական պատմությունը կերտելու փորձ է, քանի որ ադրբեջանցի ձիաբույծները կորցրել են ղարաբաղյան նժույգի գենոտիպը եւ հիմա ջանք ու գումար չեն խնայում՝ իրենց վերագրել այդ ձիատեսակի ստեղծումը։ «Այն, ինչ ներկայացնում են ադրբեջանցիները, ղարաբաղյան նժույգի ընդամենը խղճուկ նմանակումն է։ Որքան ասես՝ «Հալվա», բերանդ չի քաղցրանա»,- այսպես է ամբողջացնում իր միտքը Ա.Մակարյանը, ով իր հոդվածում փաստացի ապացուցել է, որ ղարաբաղյան նժույգը դարեր տեւած սելեկցիոն աշխատանքի արդյունք էր, եւ զտարյուն, ազնվական այդ ձիատեսակը զուտ հայկական ծագում ունի։ Այդ ձիատեսակը հայկական թագավորների ու մելիքների հպարտությունն է եղել, ձիու պատկերները կարելի է հանդիպել եկեղեցիների, վանքերի, խաչքարերի նկարազարդումների ու բարելիեֆների մեջ։ Հայտնի է, որ Ավարայրի ճակատամարտում մեծ դեր են խաղացել ձիավորների գնդերը, որոնց թվում էին նաեւ Արցախյան մարտիկներն ու արցախյան նժույգները։ Եվ նույնիսկ այն պատմական շրջաններում, երբ Հայաստանը զրկված է եղել պետականությունից, ղարաբաղյան նժույգների բուծումը չի դադարել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել ցեղի մաքրությունը։ Երկար սելեկցիոն ուղի անցած ղարաբաղյան նժույգն այսօր էլ համարվում է Արցախի ինքնության ապացույցներից մեկը։ Եվ այն պահից սկսած, երբ Լեռնային Ղարաբաղը միացել է Ռուսաստանի Կայսրությանը, այդ ձիերի բուծմամբ զբաղվել է Արցախում ծնված ռուսական գեներալ Մադաթովը, ով Շուշիում տոհմական ձիաբուծարան է հիմնել ու իր հայրենիքում հայտնի ձիու տեսակի բազմացմամբ է զբաղվել։
Ամսագրում տպագրված հոդվածում հիշատակվում է Աղդամի ձիաբուծարանը, որի ջանքերով է իբրեւ թե սելեկցիա արվել ու ստեղծվել ղարաբաղյան նժույգների ցեղը։ Ղարաբաղյան նժույգի պահպանման ասոցիացիայի նախագահ Գագիկ Փարադյանը նկատում է. «Նոր ցեղատեսակ ստանալու համար առնվազն 200 տարի է պահանջվում, քանի որ մի ցեղը մյուսի հետ խառնելով, երբեք նոր ցեղատեսակ չես ստանա։ 12 սերունդ պիտի անցնի, որպեսզի տվյալ ցեղատեսակի տիպային հատկությունները ի հայտ գան եւ հնարավոր լինի օրիգինալ ցեղատեսակի ստեղծման մասին խոսել։ Ձի բուծելը ազգային մշակույթ է, չէ՞ որ մարդը ձի նստած է մտել քաղաքակրթություն, եւ հետո է միայն ձիուց իջնելով, մեքենա նստել։ Ձիաբուծությունը ազգային մշակույթ է, որը երբեք չպիտի կորչի»։ Ի դեպ՝ նա դեռ խորհրդային տարիներին է այցելել Աղդամի ձիաբուծարան ու փաստում է, որ ձիերի այն տեսակները, որոնք այնտեղ բուծվում էին, ղարաբաղյան նժույգի հետ ոչ մի կապ չունեին։ 1960-ական թթ. այնտեղ արդեն զտարյուն ղարաբաղյան նժույգներ չէին բուծվում, բոլոր ձիերը կիսարյուն ծագում ունեին, քանի որ բուծարանում որձ ձիեր չկային, եւ մատրակները փոխարինվում էին արաբական նժույգներով։ 1962 թվականի վերջին զտարյուն ձին ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը նվիրեց Անգլիայի թագուհուն եւ այդպիսով ղարաբաղյան նժույգի խորհրդային կենսագրությունը կանգ առավ։ Եվ պետք է նշել, որ ադրբեջանցիներն իրոք կորցրել են զտարյուն «ղարաբաղյան ձիու» տեսակը եւ հիմա իրենց են վերագրում մի բան, որը չունեն։
Սակայն հենց հիմա Արցախում հիանալի պահպանված ղարաբաղյան նժույգների մի երամակ կա, որում 60 զտարյուն ձիեր են։ Տեսակը պահպանվել է նաեւ Հարավային Ամերիկա մեկնած հայերի ֆերմաներում։ Եվ Գ.Փարադյանը վստահ է, որ կարելի է հիանալի ձիաբուծարան հիմնել Հայաստանում ու սերնդեսերունդ հայերի կողքին գտնվող ղարաբաղյան նժույգներին նոր կյանք տալ։
Ընդհանրապես նկատելի է, որ կենդանիները տարբեր ազգերի համար «կռվախնձոր» են դարձել: Բոլորիս հայտնի է, որ տարբեր միջազգային աղբյուրներում Վանա կատուն, օրինակ, ներկայացվում է որպես թուրքական ազգային կատվատեսակ։ Կան դեպքեր, երբ կենդանիների «ազգային պատկանելությունը» շատ ավելի «խոսուն» կռվան է դառնում, քան պատմաբանների վարկածները, քանի որ կենդանիները ապահովում են այն էմոցիոնալ շերտը, որը հասկանալի է բոլորին։ Էնդեմիկ կենդանիների լայն ներկայացումը տարբեր լրատվամիջոցներում դառնում է տվյալ երկրի խորիմաստ «PR» քայլերից մեկը։ Ղարաբաղյան նժույգն իր հատկություններով թերեւս շատ լավ կարողանում է փաստել հայկական ինքնության մասին, քանի որ շարքային հայի դիմագծերով ու բնավորությամբ է օժտված։ Այդ ձին թեեւ իր չափերով մի քիչ ավելի փոքր է, քան հայտնի պարսական ձիերն ու արաբական նժույգները, սակայն ավելի դիմացկուն ու ճկուն է ու աչքի է ընկնում հիանալի մանեւրելու հատկությամբ։ Այդ ձիերի էքստերիերը՝ մասնագիտական նկարագիրը, շատ բանի մասին է վկայում. ձիու թույրը մուգ կամ բաց նարնջագույն է, նրան հաճախ նարինջ էին անվանում։ Ա.Մակարյանն իր հոդվածում գրել է. «Ադրբեջանցիները նույնիսկ ձիու ոսկեգույն կաշվի ծագումը փորձել են շատ խճճված բացատրել, մինչդեռ պարզ է, որ «նարինջ» կոչվող ձին հենց հայերեն բառից է ծնվել»։ Վարկածներից մեկի համաձայն էլ՝ ձիուն «նարինջ» են կոչել՝ պարսկական «գույն» բառը թարգմանելով։ Սակայն ամեն դեպքում, այդ ձին ոչ մի կապ չունի ադրբեջանական պատմության հետ։
Ղարաբաղյան նժույգները համաչափ կառուցվածք ունեն, նրանց մեջքը ուղիղ է, կուրծքը՝ լայն, ոտքերը՝ ամուր եւ ջլոտ։ Կա նաեւ շատ հետաքրքիր մի բնորոշիչ. բոլոր ձիերի մեջքին սեւ խաչ է դրոշմված։ Գ. Փարադյանը շատ հետաքրքիր է մեկնաբանում խաչը մեջքին կրող ձիերի հատկությունները. «Ղարաբաղյան նժույգը սպորտի բնագավառում չի կարող շատ բանով զարմացնել ու արտառոց բարձր ցուցանիշներ ցույց տալ։ Եթե այդ ձիատեսակը փորձենք սպորտային աշխարհում տեղավորել, ապա այն հիանալի կարող է պոլո խաղալ, քանի որ ընդունակ է կտրուկ պտույտներ կատարել ու արագ մանեւրել։ Որքան էլ կտրուկ լինի նրա պտույտը, ուսը չի վնասի։ Եվ եթե, ասենք, Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, ով հայտնի է որպես պոլոյի սիրահար, իր համար ձի ընտրի, ապա ամենալավ թեկնածուն հենց ղարաբաղյան նժույգը կլինի»։
Ղարաբաղյան նժույգը շատ լավ է իրեն զգում հատկապես լեռնային տարածքներում ու ունակ է ոչ միայն զինվոր կամ բեռնակիր լինել, այլեւ՝ պատրաստակամությամբ ենթարկվում է մարդուն ու դառնում նրա ընկերը։
Գ.Փարադյանն ասում է. «Եթե ավտոմեքենաների հետ համեմատենք, ապա այդ ձին ոչ թե «Ֆերրարի», այլ՝ «Ջիփ» է, քանի որ անարգել եւ արագ կարող է լեռնոտ տարածքներում տեղաշարժվել։ Նրա սմբակներն այնքան ամուր են, որ թույլ են տալիս սարերով մագլցել այնպես, ինչպես, ասենք, բեզոարյան այծը»։
Անկոտրում մեջքն ու դիմացկուն բնավորությունը նարինջ-ձիու խառնվածքի բնորոշիչներ են, որոնք ճիշտ ենթատեքստում դրվելով, կարող են ժամանակակից Հայաստանի բնութագիրը դառնալ ու դարավոր լեգենդի գեղեցիկ շարունակությունը ստեղծել։
Հարկ է նշել, որ հայ մասնագետների նամակ-հոդվածը (որի տակ ստորագրել են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը, կենդանաբաններ Աշոտ Հովհաննիսյանը, Գագիկ Փարադյանը եւ Արտյոմ Մակարյանը) այդպես էլ չի տպագրվել «Ձիաշխարհ» ամսագրի էջերում։ Հոդվածի հեղինակը խուսափել է կոնտակտի մեջ մտնել հայկական կողմի հետ, իսկ ամսագրի գլխավոր խմբագիրը պատասխանել է, որ չի ցանկանում ազգային բախում հրահրել, այդ պատճառով էլ գերադասում է ղարաբաղյան նժույգը որպես ազգային ադրբեջանական ձիատեսակ ներկայացնել։
Ի՞նչ է հարկավոր էնդեմիկ ծագում ունեցող ղարաբաղյան նժույգի կենսագրությունն ու պատմությունը ճիշտ ներկայացնելու համար, Գ.Փարադյանը չգիտե։ «Ստացվել է այնպես, որ ես ավելի շատ ոչ թե համակարգչի առջեւ, այլ՝ ձի եմ նստում։ Եվ այդ անհասկանալի տեղեկատվական կռիվներից հեռու եմ»,- ասում է նա, սակայն միաժամանակ փաստում է, որ ազգային հպարտությունը վերականգնելու համար ազգային մշակույթի հետ ծանոթանալ է պետք։ «Շատ եմ ուզում, որ մենք այս կռիվներում խեղճուկրակ չերեւանք։ Ախր հենց մենք զտարյուն ձիատեսակն ունենք, հիմա պետք է զարգացնենք այն, չթողնենք, որ թելը կտրվի»,- ասում է նա։