Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Չիչխանը (օբլեպիխա) ժողովրդական բժշկության մեջ
Իր օբլեպիխա անվանումը այս բույսը պատահական չի ստացել: Նրա դեղնանարնջագույն պտուղներն այնպես են փաթաթված ճյուղին, որ ռուսերեն արտասանել են՝ «ՏոսպտՌՉՔՌ», ու այդպես էլ մնացել է բույսի անվանումը: Սիբիրցիներն այն անվանում են սիբիրյան անանաս:
Չիչխանի պտուղների հյութն օժտված է շատ բուժիչ հատկություններով: Վիտամինների պարունակությամբ` այն իսկական առողջության շտեմարան է: Այն պարունակում է մեծ քանակությամբ E, C վիտամիններ, P վիտամինանյութ, կարոտին, B խմբի վիտամիններ: Հետաքրքիր է, բայց այս բույսի պտուղների մեջ վիտամին C-ի քանակը դրանց հասունանալու հետ պակասում է: Նույն բանը տեղի է ունենում նաեւ այն ժամանակ, երբ պտուղները սառեցվում են: Չիչխանի պարունակության մեջ կա գնահատելի մի նյութ, որը չեզոքացնում է խոլեստերինը: Չիչխանի հյութը շատ օգտագործում են ավիտամինոզի ժամանակ: Իսկ որպեսզի կլոր տարին չիչխանի հյութ ունենաք, դրա համար անհրաժեշտ է լվացած եւ չորացած պտուղները հյութաքամիչով անցկացնել, հետո 1:1 հարաբերությամբ ավելացնել շաքարավազ ու 40 րոպեի չափ տաքացնել` մշտապես խառնելով, մինչեւ շաքարավազի հալելը: Դրանից հետո տաք խառնուրդը չոր ստերիլիզացված տարաների մեջ լցնել: Հետո կարելի է այն ուղղակի թեյի հետ ուտել կամ օգտագործել որպես հյութ` ավելացնելով ջուր: Այն գերազանց պոլիվիտամինային միջոց է: Այն շատ օգտակար է նրանց, ովքեր ծանր վարակիչ հիվանդություն կամ վիրահատություն են տարել:
Իր բուժական նշանակությամբ ավելի լավ միջոց է համարվում չիչխանի յուղը: Այն շատ օգտակար է դժվար ապաքինվող վերքերի, այրվածքների, պառկելախոցերի համար: Նման դեպքերում պետք է վերքը մաքրել պենիցիլինի լուծույթով, հետո կաթոցիչով կաթեցնել ձեթն ու կապել բինտով: Այն շատ լավ օգնում է լորձաթաղանթի վնասվածքներին: Օրինակ` մեր ընթերցողներից մեկն իր նամակում անդրադարձել է չիչխանի բուժիչ հատկություններին. «Ստոմատիտի համար հիանալի միջոց է չիչխանի տերեւների եփուկով ողողումները: Չիչխանի մանրացրած տերեւներից 1 ճաշի գդալ եփել 1 բաժակ ջրով` մարմանդ կրակի վրա, 10 րոպե: Հետո այն քամել ու 1 շաբաթ շարունակ նման եփուկով օրը 5-6 անգամ ողողել բերանը:
Չիչխանի ձեթը նաեւ շատ օգտակար է ստամոքսի խոցի բուժման համար: Կարելի է խմել օրական 3 անգամ` 1 թեյի գդալից, 3-4 շաբաթ տեւողությամբ: Առաջին 4-5 օրերի ընթացքում հնարավոր է այրոցի զգացում: Իսկ որպեսզի այն կանխվի, հարկավոր է չիչխանի ձեթին ավելացնել 1/4 բաժակ 2 տոկոսանոց սոդայի լուծույթ:
Չիչխանի յուղը կարող է նաեւ օգնել րինիտի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է 6 մաս չիչխանի յուղը խառնել 4 մաս կալենդուլայի հյութի, 3 մաս հալած կակաոյի յուղի, 2 մաս մեղրի ու 1 մաս մեղրամոմի հետ: Բամբակը թաթախել այս խառնուրդով ու քթանցքերում պահել 20 րոպե»:
Ռեւմատիզմի եւ պոդագրայի դեպքում ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս խմել չիչխանի հյութ, իսկ ձեթը քսել հոդերին:
Ինչ խոսք, չիչխանը շատ օգտակար բույս է, բայց մարդկանց մի որոշակի խմբի կարող է վնասել: Օրինակ` չիչխանի յուղ չի կարելի ընդունել սուր խոլեցիստիտի, հեպատիտի, պանկրեատիտի եւ ենթաստամոքսային գեղձի բոլոր հիվանդությունների դեպքում: Պտուղները եւս չի կարելի աղեստամոքսային տրակտի մի շարք հիվանդությունների դեպքում: Ինչպես նշվեց՝ չիչխանի յուղը ստամոքսի խոցի բուժման համար օգտակար է, բայց պտուղներն ու հյութը` հակացուցված: Չիչխանի թարմ հյութն ու պտուղները բարձրացնում են մեզի թթվայնությունը, այդ պատճառով միզաքարային հիվանդությամբ տառապողներին այն եւս հակացուցված է:
Գազարով թեյը մաքրում է օրգանիզմը
Վերցնել միջին մեծության գազար, քերել, մանրացնել, ավելացնել 1 բաժակ եռջուր, մի քանի մեխակ, այս բոլորը լցնել թերմոսի (ջերմապահ) մեջ։ 1 ժամ հետո կարելի է քամել, վրան ավելացնել կես թեյի գդալ մեղր եւ կես օղակ կիտրոն։ Հրաշալի համ ունի։