Արտահերթ ընտրությունների ակնա՞րկ

13/11/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին հայ-թուրքական եւ ԼՂՀ հարցերում անհարկի զիջումների գնով նվաստանալու եւ օտարներից լեգիտիմություն խնդրելու փոխարեն՝ այդ ցանկալի լեգիտիմությունը ստանալ սեփական ժողովրդից»: Նա հիշեցրել էր 17-րդ դարի փառամոլ եւ իշխանատենչ հոգեւորական Եղիազար Այնթափեցու պատմությունը, որին Էջմիածնի միաբանները որոշում են կաթողիկոս դարձնել, որպեսզի նա չպառակտի հայոց եկեղեցին: «Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ հանուն ազգային նպատակների եւս մեկ անգամ նման լայնախոհություն եւ իմաստություն դրսեւորել»,- հայտարարել էր Տեր-Պետրոսյանը: Հատկապես հոգեւորականի մասին այս մեջբերումն ու հարցադրումը լայն քննարկման եւ մեկնաբանությունների տեղիք է տվել: Բազմաթիվ գնահատականների թվում՝ կարծիքներ հնչեցին նաեւ, թե այդպիսով առաջին նախագահը «գործարքի» կամ «համագործակցության» կոչ է անում իշխանություններին: Իսկ իշխանական շրջանակներում Լ. Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը մեկնաբանվում է նաեւ որպես առաջին նախագահի կողմից հնարավոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ արված ակնարկ: Այսինքն՝ «լեգիտիմությունը ժողովրդից խնդրել» նշանակում է՝ արտահերթ, այս դեպքում` հավանական է` խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Փորձեցինք ՀԱԿ Արաբկիրի ստորաբաժանման ղեկավար, ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանից պարզել` արդյո՞ք նման սպասումներ կան: Վերջինս նախ ասաց, թե իրենց համար հայ ժողովրդի շահը շատ ավելի բարձր է, քան իշխանությունը, եւ Տեր-Պետրոսյանը միշտ այդ սկզբունքով է առաջնորդվում: «Լ.Տեր-Պետրոսյանի ելույթի իմաստն այն էր, որ էլի շանս ենք տալիս: Սերժ Սարգսյանը թող հրաժարական տա: Չի հրաժարվում, թող մեզ հետ համագործակցի արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար: Որովհետեւ այդ մարտահրավերները ոչ թե անձամբ Տեր-Պետրոսյանին ու Ս.Սարգսյանին են ուղղված, այլ դրանց արդյունքում հայ ժողովուրդն է կորուստներ կրելու: Ուզո՞ւմ ես այդ մարտահրավերները չլինեն, ճանապարհները Տեր-Պետրոսյանը ցույց է տալիս: Հրաժարական կամ համագործակցություն ներքին ուժերի հետ, Հայաստանի ժողովրդի հետ, որի դեպքում կարող ես արտաքին մարտահրավերների դեմն առնել: Չե՞ս ուզում, ուրեմն կկործանվես»,- այսպես մեկնաբանեց Արամ Մանուկյանը: ՀԱԿ ակտիվի հավաքից հետո մամուլում հրապարակվեց, թե դրա ընթացքում Լ.Տեր-Պետրոսյանը պատասխանել է նաեւ ներկաներին հուզող հարցերին, հնչել են նաեւ քաղբանտարկյալներին վերաբերող հարցեր: Ա.Մանուկյանի խոսքերով՝ իրենց առաջորդի պատասխանները բավարարել են բոլորին: Ընդդիմության ներկայացուցիչը, սակայն, չմանրամասնեց, թե Տեր-Պետրոսյանն իրենց կոնկրետ ինչ հավաստիացումներ է տվել: Նա միայն ավելացրեց, որ քաղբանտարկյալների հարցը բարձրացված է ԵԽ ԽՎ բոլոր բանաձեւերում, եւ դրանք դեռեւս մինչեւ վերջ չեն կատարվել: «Այդ առումով ճնշում կա, եւ մենք փորձելու ենք այդ ճնշումն ավելացնել եւ՛ ներսից, եւ՛ դրսից: ԵԽ ԽՎ-ում դեկտեմբերին ամփոփիչ զեկույց է լինելու, տարեվերջյան նստաշրջանի ժամանակ պետք է անցած ողջ տարվա բանաձեւերի կատարողականի վերաբերյալ անդրադարձ լինի: Այնպես որ, իշխանությունները չեն կարող ոչինչ չանել»,- եզրափակեց Ա.Մանուկյանը: