Անշառ պահանջ

13/11/2009

«Կառավարությունն այսօր վարում է ոչ թե ոլորտային, այլ սուբյեկտային քաղաքականություն»,- երեկ կայացած ասուլիսում անդրադառնալով 2010թ. բյուջեի նախագծին, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ ինքն ընդհանրապես խուսափում է բյուջեն մեկ բառով բնութագրելուց, իսկ 2010թ. բյուջեն կարելի է բնութագրել որպես ոչ նախաձեռնողական, գոյություն պահպանելու ծրագիր: Նրա կարծիքով՝ 2010թ. բյուջեի նախագծով կառավարության հայտարարված քաղաքականությունն ու կոալիցիոն հուշագրում ամրագրված թիրախները որեւէ ձեւով հասանելի չեն դառնում։ Նա նաեւ ասել է, որ կառավարության կանխատեսումների մեծ սխալը չի բացառվում նաեւ ներկայումս, եւ այն, որ կառավարությունը հայտարարում է, թե անկումը հասել է իր հատակին, այդպես չէ. «Անկումը շարունակվում է, եւ 2010թ. եւս այն հիմնական եկամտային քաղաքականությունը, որ կա, շարունակելու է դեռեւս բացասական ազդեցություն ունենալ մեր երկրի վրա: Երկրորդ, Հայաստանում շարունակում է խրախուսվել մենաշնորհային քաղաքականությունը: Այս շրջանակներում ակնկալել, թե Հայաստանի տնտեսությունը 2010թ. կցուցաբերի զարգացման այնպիսի միտումներ, որ հնարավորություն կտա ասել, թե ճգնաժամը հաղթահարված է, ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում»: Պատասխանելով կառավարության հրաժարականի մասին հարցին՝ Ա. Մինասյանն ասել է, թե կառավարությունն օբյեկտիվորեն պետք է վաղուց հրաժարական տված լիներ: Նա նաեւ ասել է, որ ՀՅԴ-ն նիստեր կանցկացնի, կքննարկի բյուջեին կողմ կամ դեմ քվեարկելու հարցը, որից հետո միայն կարտահայտի խմբակցության վերջնական տեսակետը։