Վաշինգտոնը կավելացնի՞ ռազմական կոնտինգենտը

13/11/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Բարաք Օբաման նախագահ ընտրվելուց հետո բախվում է ներքին եւ արտաքին քաղաքականության ամենաբարդ խնդիրներից մեկի հետ:

Ամեն ինչ սկսվեց Աֆղանստանում ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար գեներալ Սթենլի ՄըքՔրիստալի հունիսին` պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին ներկայացրած զեկուցագրից: Գեներալը ահազանգում էր, որ եթե ամերիկյան ռազմական կոնտինգենտն այդ երկրում չավելանա եւս 40 հազարով, ապա Վաշինգտոնը պատերազմը կարող է տանուլ տալ: Սկզբում Սպիտակ տունը չարձագանքեց գեներալի զեկուցագրին, մինչեւ որ այն չհայտնվեց «Վաշինգտոն փոստի» առաջնորդողում: Հետո սկիզբ առան քաղաքական վեճեր, պրոպագանդիստական շահարկումներ, կուսակցությունների ընդերքում անսպասելի խմբավորումների գոյացումներ` ներառելով հասարակության տարբեր շերտեր: Ամերիկյան քաղաքական բուրգում ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, որին ոչ ոք չէր սպասում եւ, որը չէր տեղավորվում վերլուծաբանների կանխագուշակումների տրամաբանության շրջանակներում: Ասածս պարզաբանելու համար ավելացնեմ, որ Աֆղանստան լրացուցիչ ուժեր ուղարկելու օգտին հանդես են գալիս ինչպես շատ դեմոկրատներ, այնպես էլ հանրապետականներ: Այն, որ նախագահի վրա` խնդիրը դրական լուծելու համար ճնշում են գործադրում այնպիսի «յուրայիններ», ինչպիսիք են Սենատի հետախուզության կոմիտեի նախագահ Դայեն Ֆայնստայնը եւ ներկայացուցիչների պալատի ռազմական ուժերի կոմիտեի նախագահ Այք Սկելտոնը, դեռեւս հասկանալի է: Սակայն, գրեթե բոլոր հանրապետականների նույնատիպ դիրքերից հանդես գալը, այն էլ Օբամայի երեկվա ախոյան Ջոն ՄըքՔեյնի գլխավորությամբ, այստեղ համարվում է քաղաքական կազուս: Ստացվում է, որ հակոտնյա քաղաքական ուժերը միակարծի՞ք են միեւնույն խնդրի շուրջ: Զուգահեռաբար, հանրապետականները անսքող հպարտությամբ են նշում, որ կոնտինգենտի ավելացման հրամայականը գալիս է Աֆղանստանի վերաբերյալ Բուշի աշխատակազմի վերջին վերլուծական նյութերից, որոնք ժառանգել է Օբամայի թիմը: Այդուհանդերձ, այդ վիճահարույց թեման ամերիկյան հասարակությունը բաժանել է երկու մասի: ABC հեռուստաընկերության վերջին հարցման համաձայն, օրինակ` ամերիկացիների կեսից ավելին գտնում է, որ պատերազմն այդ երկրում անիմաստ է եւ ցենտի արժեք անգամ չունի: Այդ տրամադրությունները, ասես, ամփոփում է «Թայմսի» լիբերալ մեկնաբան Նիկոլաս Քրիստոֆֆը, երբ կոչ է անում այլեւս փող չծախսել եւ թույլ չտալ ամերիկյան զինվորներին զոհվել: Ավելին, կարծիք է ձեւավորվում, թե Աֆղանական պատերազմը դեռեւս չունի այն բացասական վերաբերմունքը, որը կար Բուշի իրաքյան կամպանիայի դեմ, բայց այն նույնպես աստիճանաբար կորցնում է իր կողմնակիցների քանակը: Մյուս կողմից` քիչ չեն ռազմական գործողությունների էսկալացիայի ջատագովները, առաջին հերթին, Պենտագոնը եւ ուժայիններին մոտ կանգնած կառույցները: Դրանցից մեկը` «Պատերազմի վետերանների» կեսմիլիոնանոց կազմակերպությունը օրերս հանդես եկավ Աֆղանստանում ամերիկյան ռազմավարության ակտիվ քննադատությամբ: Ընդհանրապես, այստեղ այն տպավորությունն է գերակայում, որ Օբաման մոտ է զինված ուժերի ավելացման որոշում կայացնելուն: Սակայն դա կարվի նրա` Ճապոնիա, Սինգապուր, Չինաստան եւ Հարավային Կորեա 9-օրյա այցելությունից հետո: Ուշադրության է արժանի «Վաշինգտոն փոստի» վերջին հաղորդագրությունը` Քաբուլում ԱՄՆ-ի դեսպան, պաշտոնաթող գեներալ Կառլ Էյքենբերի դեպեշի կապակցությամբ: Դեսպանը խորհուրդ է տալիս Օբամային ձեռնպահ մնալ ամերիկյան զինուժն ավելացնելուց, ինչը հավասարազոր է նաեւ Աֆղանստանի նախագահ Կարզային օգնության ձեռք մեկնելուն: Իսկ նրա ռեժիմին օգնել պետք չէ այնքան ժամանակ, քանի դեռ այն վերջ չի տվել կոռուպցիային եւ անօրինականություններին. նշում է դեսպանը: Ըստ երեւույթին, սա ծեծված թեմա է ամերիկացիների եւ աֆղանական իշխանությունների միջեւ, եթե դատելու լինենք PBS-ին Կարզայի վերջերս տված հարցազրույցից: «Ամերիկան եւ նրա դաշնակիցները ամենեւին մտահոգված չեն Աֆղանստանի դժվարություններով, այլ միայն մտածում են ահաբեկչության դեմ պայքարի մասին: Մինչեւ սեպտեմբերի 11-ը սատանան գիտե, թե ինչ էր կատարվում Աֆղանստանում, բայց ոչ մեկին մեր վիճակը չէր մտահոգում»,- բողոքի տոնով հայտարարել է նա:

Ամերիկյան վերլուծաբաններն ու լրագրողները ակտիվորեն մեկնաբանում են նաեւ Միխայիլ Գորբաչովի` Օբամային տված խորհուրդը. դուրս բերել զորքերը Աֆղանստանից: («Աչքը տեսածից կվախենա»,- ասում է ժողովուրդը):

Տեսանելի ապագայում վերջ կգտնե՞ն արդյոք ռազմական գործողությունները ասիական այդ «տաք կետում»: Ցանկացած կանխատեսում դեպքերի զարգացման այսօրվա դինամիկայում պարունակում է սխալվելու հավանականություն:

Նյու Յորք