Թեեւ ՀՀ տնտեսությունը շարունակում է սրընթաց անկում ապրել, սակայն անշարժ գույքի շուկայում կարծես թե կայունացման միտումներ են նկատվում:
Համենայնդեպս, այդ մասին են վկայում ՀՀ Կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակված վիճակագրական տվյալները: 2009թ.-ի երրորդ եռամսյակում, ինչպես նաեւ առանձին վերցրած սեպտեմբեր ամսին անշարժ գույքի շուկան բնութագրող ցուցանիշները կամ ավելի քիչ չափով են նվազել, կամ նույնիսկ աճման միտումներ են դրսեւորել: Դա վերաբերում է ինչպես գործարքների թվին, այնպես էլ բնակարանների ու առանձնատների գներին: Սեպտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների քանակը 2008թ. սեպտեմբերի համեմատ աճել է 3.1%-ով, իսկ 2009թ. օգոստոսի համեմատ` 6.1%-ով: Սակայն անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքները իրենց մեջ ներառում են օտարման գործարքները, վարձակալությունը, գրավադրումը, ժառանգությունը, առաջնային գրանցումը եւ այլն: Սրանցից ամենակարեւորն ու շուկայի պատկերը առավել ճշգրիտ արտացոլողը օտարման գործարքներն են: Իսկ օտարման գործարքները, ըստ Կադաստրի պետական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների, այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 4.5%-ով, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, սակայն, նվազել են 20.8%-ով: Այսինքն` գործարքների քանակը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանների համեմատ դեռեւս շարունակում է կտրուկ անկում արձանագրել, ինչը ցույց է տալիս, որ շուկան դեռ հեռու է նախաճգնաժամային վիճակից: Սակայն նկատվում է մեկ այլ միտում` ամեն ամիս նախորդ ամսվա նկատմամբ աճ է արձանագրվում: Այսպես` հուլիսին հունիս ամսվա համեմատ օտարման գործարքների քանակը ավելի շատ էր նվազել (6.7%), քան օգոստոսին` հուլիսի համեմատ (4.4%), իսկ սեպտեմբերին օգոստոսի համեմատ, ինչպես արդեն նշվեց, աճ է արձանագրվել: Ընդ որում, եթե անշարժ գույքի շուկան դիտարկենք եռամսյակային կտրվածքով, ապա երրորդ եռամսյակում (հուլիս, օգոստոս սեպտեմբեր ամիսները միասին) երկրորդ եռամսյակի (ապրիլ, մայիս, հունիս ամիսները) նկատմամբ օտարման գործարքների քանակը աճել է ավելի քան 10%-ով: Ինչ վերաբերում է գներին, ապա այստեղ եւս, թեեւ աննշան, բայց աճի միտումներ են արձանագրվել բնակարանների պարագայում: Ինչպես Երեւան քաղաքում, այնպես էլ մարզերում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները աճել են (համապատասխանաբար 0.8% եւ 0.6%-ով): Իսկ առանձնատների գները եւ՛ Երեւանում, եւ՛ մարզերում դեռ շարունակում են նվազել:
Սրանք, կրկնում ենք, պաշտոնական տվյալներն են, որոնք Հայաստանում հայտնի է, թե «որքանով» են արտացոլում իրական պատկերը: Իսկ ինչպե՞ս են շուկան բնութագրում իրենք` անշարժ գույքի շուկայի մասնակիցները: «Էսկո կոնցեռն» անշարժ գույքի գործակալության գնումների բաժնի պետ Տիգրան Բաղյանի ասելով, անշարժ գույքի շուկան կայունացման շրջանում է գտնվում: «Եռամսյակային կտրվածքով մեզ մոտ առքուվաճառքի ու այլ գործարքների քանակը երրորդ եռամսյակում աճել է մոտավորապես 15 տոկոսով: Ընդհանուր աճի հետ մեկտեղ՝ նվազման տենդենցը փոքրացել է սեփական տների ու արտադրական տարածքների առումով: Այսինքն, եթե նախկինում նվազում էր, ասենք, ամսական 1.8%-ով, հիմա՝ 0.5-0.8%»,- նշեց Տ. Բաղյանը: Ինչ վերաբերում է գներին, ապա «ԷՍԿո կոնցեռնը» բնակարանների գների աճ է արձանագրել: «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները մինչեւ 1% աճ են արձանագրել: Ինչ վերաբերում է տներին, ապա նվազման տեմպը միանշանակ փոքրացել է»,- ասում է Տ. Բաղյանը: Ըստ նրա՝ այս նույն միտումը շարունակվել է նաեւ հոկտեմբերին ու նոյեմբերի սկզբին, եւ եթե որեւէ արտառոց իրադարձություն չլինի, ապա անշարժ գույքի շուկան մինչեւ 2010 թվականի մայիս կհասնի նախաճգնաժամային վիճակին: «Գործարքների թվի հետ կապված՝ նշեմ, որ աճի միտում է զգացվում: Իսկ գները այս պահին ավելի շատ կանգնած են, այսինքն` ոչ աճի, ոչ էլ նվազման միտում դեռ չենք նկատել»,- մեզ հետ զրույցում նշեց «Ալտա Վիպ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Տիգրան Գրիգորյանը` հավելելով, որ նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը այս տարի բավականին փոքր է: «Կարծում եմ, եթե այսպես շարունակվի, մյուս տարվա այս ամիսներին կունենանք այն իրավիճակը, որ կար մինչեւ ճգնաժամը»,- նշեց Տ. Գրիգորյանը: Իսկ «ԷՄ ընդ ԷՄ» գործակալության տնօրեն Հարություն Մարտիրոսյանը ասում է, որ իրենց գործակալությունը ոչ գների, ոչ էլ գործարքների քանակի աճ չի արձանագրել, թեեւ վերջին ամիսներին շուկայում գների կայունացում է նկատվում: Ինչեւէ, անշարժ գույքի շուկան առաջինն էր, որ ՀՀ-ում արձագանքեց համաշխարհային տնտեսական ճգնաժամին: 2008 թվականի օգոստոս ամսից գործարքների թիվը նախորդ տարվա համեմատ սկսեց կտրուկ նվազել այն դեպքում, երբ ՀՆԱ-ն այդ ամիսներին դեռ աճ էր արձանագրում: Ինչ վերաբերում է վերը նշված պաշտոնական ցուցանիշներին, ապա բացառված չէ, որ դրանք «դրական միտում» են ստացել այս տարվա մակրոտնտեսական աղետալի ցուցանիշները գոնե ինչ-որ չափով մեղմելու նպատակով: Համենայնդեպս, անշարժ գույքի շուկայում գների բարձրացման տնտեսական նախադրյալներ չկան: Տնտեսությունը նվազել է ավելի քան 18 տոկոսով, կտրուկ նվազել են արտերկրից ուղարկվող տրանսֆերտները, եւ այլն, եւ այդպես շարունակ: