Ջորջ Բենսոնը 60 ձայնասկավառակների, մի քանի տասնյակ հանրահայտ սինգլների ու 10 «Գրեմմի» մրցանակների եւ 7 որդիների տեր է, նրան սիրում ու լսում են ողջ աշխարհում: Նա «smoth jazz»` փափուկ ջազի վարպետ է, որի կատարումների դիապազոնը ներառում է դասական ջազը, սվինգ, «r&b» եւ փոփ ուղղությունները: «Ջազը փայլուն երաժշտություն է, քանի որ իր մեջ իմպրովիզացիա է ներառում, ինչի շնորհիվ ներկա պահը միշտ տարբերվում է մի քանի րոպե առաջ տեղի ունեցածից: Ջազը թույլ է տալիս ինձ միշտ թարմ, ավելի լավը լինել, քան ես եղել եմ երեկ ու նորովի պատմել հին պատմությունները»,- ասաց նա Երեւանյան համերգից առաջ հանդիպելով լրագրողների հետ: Ընդհանրապես Ջորջ Բենսոնը ոչ այնքան երգիչ է, որքան պատմություն պատմող է (պատմություն է պատմում նաեւ նրա կիթառը): Եվ նրա բոլոր երգ-պատմությունները ռոմանտիկ են: Հերիք է հիշատակել միայն «Nothing gonna change my love to you» երգը: Միգուցե հենց այդ ռոմանտիզմի շնորհիվ էլ նրան շատ են սիրում Հայաստանում: Նրա մեղեդային եւ էմոցիոնալ ջազային երգերի տակ հայաստանցիների մի քանի սերունդ է սիրահարվել, սեր խոստովանել ու տարբեր հավաքույթներին պարել: Եվ բնական էր ենթադրել, որ նոյեմբերի 12-ին Երեւանի Մարզահամերգային համալիրում Ջորջ Բենսոնի եզակի համերգը լսելու էին եկել հիմնականում իրենց երիտասարդությունը վերհիշել ցանկացող մարդիկ, այսինքն` միջին սերնդի ներկայացուցիչները: Այդ օրը դահլիճում հիանալի հանդիսատես էր հավաքվել, ոչ մի պատահական ու ինքն իրեն ցուցադրել շտապող «գլամուրային» մարդ չկար, եկել էին միայն նրանք, ովքեր հուշերի պաշար ունեին ու ցանկանում էին երաժշտությունից հաճույք ստանալ: Բենսոնը հավաքել էր Երեւանի լավագույն հատվածը, դահլիճում պլպլացող զգեստներով կանայք ու հաստավիզ տղամարդիկ բացակայում էին: Իհարկե, շատ հարցեր առաջացրեց համերգի տոմսերի վաճառքի սկզբունքը: Հայտարարված էր, որ տոմսերի արժեքը սկսվելու է 5 հազար դրամից, իսկ ամենաթանկ տոմսերը կարժենան 100 հազար դրամ: Ինչպես կարելի էր նկատել, էժան տոմսերն այդպես էլ չվաճառվեցին, իրացվեցին հիմնականում 25 հազար դրամ արժողություն ունեցող տոմսերը: Ինչպես ասում են փիլիսոփաները` երբեք մի տնտեսեք սեփական հաճույքի համար, մանավանդ, որ այդ հաճույքը ստամոքսի հետ կապված չէ: Բենսոնի համերգին դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ դա շատ ուրախալի փաստ է, քանի որ ակնհայտ է. մարդիկ փորձել են նախօրոք գումար հավաքել ու իրենք իրենց համար տոն կազմակերպել:
«21-րդ դարի հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակներում եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո անցկացված այս համերգը ապացուցեց, որ հին, բարի ու ինտելիգենտ երեւանցու կերպարը ոչ թե ռոմանտիկ հուշ է, այլ իրականություն: Համերգի ընթացքում մի շատ խորհրդանշական դրվագ տեղի ունեցավ. երբ հայտարարվեց, որ երաժիշտներից մեկը նվագել է Ջիմի Հենդրիքսի ու Կառլոս Սանտանայի խմբերում, դահլիճը շատ բուռն արձագանքեց, իսկ երբ որպես նվաճում ներկայացվեց «ամերիկյան կուռք» նախագծին մասնակցելու ու Ագիլերայի հետ աշխատելու փաստը, դահլիճը քար լռությամբ անտեսեց այդ լուրը: Արժեքները ոչ միայն փլուզվում են, այլեւ` վերականգնվում: 1,5 ժամ տեւած 66-ամյա սեւամորթ ջազ-արքայի «մաքուր» համերգը դրա ապացույցն էր: