Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Առողջարար խաղողը
Խաղողի առողջարար հատկությունների մասին հայտնի է եղել դեռեւս շատ վաղուց: Ըստ Աստվածաշնչի` ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին աճեցված առաջին բույսը եղել է հենց խաղողը: Իսկ հին հույներն ու հռոմեացիները դեռեւս շատ հնում կիրառում էին խաղողաբուժությունը` որպես ուժերի վերականգնման եւ օրգանիզմում նյութափոխանակության կարգավորման միջոց:
Բժշկության մեջ խաղողը կիրառվում է գրեթե ամբողջությամբ` սկսած կեղեւից, վերջացրած տերեւներով: Այն պարունակում է մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ եւ հանքային աղեր (ցինկ, կալցիում, երկաթ, պղինձ եւ այլն): Շատ կալիումի պարունակության շնորհիվ, խաղողը օգտակար է համարվում հատկապես սրտային հիվանդների համար: Խաղողը կարգավորում է սրտի բաբախումների ռիթմը, կանխում է շնչահեղձությունը: Խաղող խորհուրդ է տրվում ուտել հատկապես սակավարյունությամբ տառապող մարդկանց, քանի որ նպաստում է էրիտրոցիտների քանակի աճին, հեմոգլոբինի բարձրացմանը եւ այլն:
Խաղողի ճյուղերի հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք նույնպես պարունակում են բազում օգտակար բաղադրիչներ, եւ ներկայումս դրանք հաջողությամբ օգտագործվում են ինչպես ֆորմալ, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ:
Խաղողի ճյուղերը շատ լավ հումք են հանդիսանում կոսմետոլոգների համար: Օրինակ` խաղողի ճյուղերով պատրաստված օճառահեղուկը նպաստում է մազերի ամրացմանն ու վերականգնմանը, իսկ նույն յուղով մերսումը հրաշալի միջոց է նուրբ եւ հարթ մաշկ ունենալու համար: Ինչ վերաբերում է խաղողի տերեւներին, ապա դրանք հարուստ են ասկորբինաթթվով եւ շատ հաճելի համ կարող են հաղորդել, օրինակ, մեր հայտնի թփով տոլմային, որն ի դեպ համեղ է եւ բրնձով, եւ մսով: Իհարկե, մարսողության հետ խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում զգույշ լինել խաղողի թփի հետ: Խաղողի չորացրած տերեւներն օգտագործում են բուժական նպատակներով: Խաղողի 1 ճաշի գդալ չորացրած եւ մանրացրած տերեւները լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ եւ թողնել 20 րոպե: Ստացված լուծույթը օրվա մեջ 2-3 անգամ 1/2 բաժակի չափով խմելը շատ օգտակար միջոց է անգինայի, ֆարինգիտի, լարինգիտի ժամանակ:
Այնուամենայնիվ, խաղողի հիմնական հարստությունը նրանում պարունակվող գլյուկոզան եւ ֆրուկտոզան են: Խաղողի հատիկների մեջ պարունակվող շաքարը էապես չի փոփոխվում մարսողության ժամանակ եւ անմիջապես ներծծվում է արյան մեջ, ինչը բարերար ազդեցություն է ունենում մկանային տոնուսի վրա` ուժեղացնելով սրտամկանի կծկումներն ու արագացնելով օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչպես նաեւ՝ լայնացնելով արյունատար անոթները:
Չնայած խաղողի կալորիականությունը 100 գրամում` 65-85կկալ է, այն հանդիսանում է բազմաթիվ դիետաների հիմնական բաղադրիչը, քանի որ օրգանիզմից արտամղում է վնասակար նյութերն ու օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Պետք է լավ հիշել, որ խաղողը անհամատեղելի է կաթնամթերքների, ճարպերով եւ աղերով հարուստ սննդի հետ: Ինչպես նաեւ՝ չարժե խաղող օգտագործել չորացրած մրգերի, ոգելից խմիչքների ու գազով ըմպելիքների հետ: Այս համադրությունը կարող է ստամոքսում իսկական հեղափոխություն առաջացնել:
Խաղողի մեջ պարունակվող շաքարն ու թթուները, ընկնելով կարիեսով վարակված ատամների վրա, առաջացնում են սուր ցավ եւ արագացնում ատամի քայքայման պրոցեսը: Այդ պատճառով խաղող ուտելուց հետո խորհուրդ է տրվում լավ ողողել բերանը:
Չնայած շատ օգտակար հատկություններին` կան որոշ հիվանդություններ, որոնց դեպքում խորհուրդ է տրվում խուսափել շատ խաղող օգտագործելուց: Այդպիսիք են` շաքարային դիաբետը, ստամոքսի խոցը, քրոնիկական կոլիտները եւ այլն:
Ինչ կարելի է անել առաջին կնճիռները նկատելու դեպքում
1 բաժակ խաղողի գինին, 10 գ չորացած երիցուկը եւ 1 թեյի գդալ սալիցիլային սպիրտը թրմել: Պահել 5 օր, ապա քամել: Թանզիֆը թրջել հեղուկի մեջ եւ 5 րոպե թողնել դեմքին: Գործողությունը կատարել 10 օր:
Կնճիռներից ազատվելու համար խորհուրդ է տրվում 50 գ քերած նուշ, 0,5 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ գլիցերինը, 1 ճաշի գդալ սպիրտը, 0,5 թեյի գդալ կամֆորան խառնել իրար եւ բացել ջրով, այնպես, որ դառնա մածուցիկ: Քսուքը կարելի է դեմքին պահել 1 ժամ: