Ճկուն եւ բարբարոս

11/11/2009

Երեկ Հայ Ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որում մանրամասն անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին եւ ներկայացրել է իր կանխատեսումները առաջիկա զարգացումների վերաբերյալ: «գինձ հավանական է թվում մոտավորապես հետեւյալ սցենարը. Թուրքիայի խորհրդարանը ձգձգելու է արձանագրությունների վավերացման գործընթացը կամ դրանք վավերացնելու է որոշ վերապահումներով՝ ձգտելով այդ եղանակով խթանել ԼՂ-ի հակամարտության շուտափույթ կարգավորումը, ՀՀ խորհրդարանը սպասողական դիրք է գրավելու եւ փորձելու է արձանագրությունների վավերացման խնդրին անդրադառնալ միայն այն բանից հետո, երբ դրանք կվավերացվեն Թուրքիայի կողմից: Այս փակուղային վիճակից դուրս գալու գլխավոր խոչընդոտը համարելով Ղարաբաղի խնդիրը, միջազգային հանրությունը ջանալու է արագացնել վերջինիս հանգուցալուծումը, ինչը բացահայտորեն համընկնում է Թուրքիայի դիրքորոշմանը: Սերժ Սարգսյանը, մատնանշելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման առիթով ՀՀ-ում եւ Սփյուռքում ծագած սուր հակազդեցությունը, միջնորդներից խնդրելու է որոշ դադար տալ ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացում՝ պատճառաբանելով, որ իր համար դժվար կլինի կարճատեւ ժամանակամիջոցում դիմակայել եւս մի այդպիսի հակազդեցության: Ըմբռնումով մոտենալով Սարգսյանի պատճառաբանությանը՝ միջազգային հանրությունը, սակայն, նրա թուլությունից օգտվելու պահը չկորցնելու համար, մերժելու է այդ խնդրանքը եւ, ընդհակառակը, ԼՂ-ի հարցում ավելի եւս մեծացնելու է ճնշումները ՀՀ-ի վրա: Ամենայն հավանականությամբ, շահագրգիռ ուժերը Հայաստանին հորդորելու են նաեւ առաջինը վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները՝ այն հիմնավորմամբ, որ դրանից հետո Թուրքիայի համար հեշտ չի լինի ձգձգել վավերացման գործընթացը: Իրերի տրամաբանությամբ՝ մոտակա ամիսներին զարգացումներն ընթանալու են ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ, որովհետեւ, վերջին հաշվով, հայ-թուրքական հաշտեցման հիմնապայմանը ոչ իսկ Ցեղասպանության կնճիռն է, այլ Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը»։ Եվ չնայած Լ. Տեր-Պետրոսյանը ելույթի սկզբում ասել է, որ այն ծրագրային չէ, այդուհանդերձ, ելույթը առնվազն հարցադրումներ է պարունակում, որոնք իրենց բնույթով ավելի շատ «ծրագրային են»: Մասնավորապես իր ելույթը ՀՀ առաջին նախագահն ավարտել է հռետորական մի հարցով, որը ամենայն հավանականությամբ առաջիկայում զանազան քննարկումների ու մեկնաբանությունների է արժանանալու: Այդ թվում` ծրագրային: