Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ կայացավ ընդդեմ «Չորրորդ իշխանություն» թերթի «Գինդ» տպարանի ներկայացրած հայցով դատավարությունը:
Հիշեցնենք, որ նույն դատարանը նույն դատավորի` Գագիկ Խանդանյանի գլխավորությամբ անցած շաբաթ ԴԱՀԿ-ի պահանջով Հայաստանում գործող բոլոր տպարաններին «ՉԻ» թերթի տպագրությունը արգելելու վճիռ էր կայացրել: Եվ արդեն երրորդ օրն է` թերթը լույս է տեսնում նույն ձեւավորմամբ, բայց «Չորրորդ ինքնիշխանություն» անվանումով: Դատավորի եւ ԴԱՀԿ-ի որոշումների հիմքը «Գինդ» տպարանի գումարային պահանջն է «ՉԻ» թերթը նախկինում հրատարակող «Օգոստոս» գործակալությունից: «Գինդի» ներկայացմամբ` ընկերությունն իրենց պարտք է մոտ 2,6 մլն դրամ գումար, որից մոտ 1,7 մլն դրամը մայր գումարն է, մյուս մասը` դրա նկատմամբ հաշվարկած տույժ ու տուգանքը: Ըստ «Գինդի» իրավաբան Պողոս Թերզյանի` տույժը գոյացել է 2009թ. փետրվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում: Եվ այդ գումարը ստանալու կամ բռնագանձելու պահանջով էլ տպարանը դիմել է դատարան:
Ըստ պաշտպանական կողմի, «ՉԻ» օրաթերթը դադարել է տպագրվել «Գինդում» ապրիլ ամսից առաջ, երբ «Գինդը» ապրիլին որոշել է բարձրացնել տպագրության արժեքը: Նշվեց նաեւ, որ «Գինդը» պայմանագրային հարաբերություններ է ունեցել ոչ թե թերթի, այլ տպագրող ընկերության` «Օգոստոսի» հետ: Այնպես որ, կոնկրետ թերթի նկատմամբ նրա ու ԴԱՀԿ-ի պահանջները հիմնավորված չեն: Բացի այդ, դեռեւս ամառվանից թերթը տպագրում է ոչ թե «Օգոստոս», այլ «Կողմնակի անձանց Մ» ընկերությունը: Ըստ պաշտպանական կողմի` այս փաստը եւս մեկ անգամ հիմնավորում է, որ «ՉԻ» թերթը կապ չունի «Օգոստոս» ընկերության հետ, որին էլ գումարային պահանջ է ներկայացրել «Գինդ» տպարանը: Սակայն դատարանը որոշել է, որ տպարանները չպետք է տպագրեն նաեւ «Կողմնակի անձանց Մ» եւ ցանկացած այլ ընկերության կողմից հրատարակվող «Չորրորդ իշխանություն» թերթը: Բայց թերթի նկատմամբ արշավը հաջողությամբ չի ավարտվել, որովհետեւ խմբագրակազմն առանց ժամանակ ու նույնիսկ 1 համար կորցնելու եւ թերթի անվանն ընդամենը չորս տառ ավելացնելով` «Չորրորդ ինքնիշխանություն» անվանումով գտել է տպագրվելու ելքը:
Իսկ երեկ դատաքննության ժամանակ պարզվեց, որ իր հերթին թերթին մոտ 2,2 մլն դրամ է պարտք «Գինդ» տպարանը: «Օգոստոս» եւ «Կողմնակի անձանց Մ» ընկերությունների շահեր ներկայացնող Էդգար Հովհաննիսյանն ու Հովիկ Արսենյանը հայտարարեցին, որ թերթի տպագրման համար ներկայացված 131 հաշիվ-ապրանքագրերում արձանագրված թվերը իրար գումարելով պարզ է դառնում, որ տպարանն է թերթին պարտք: Թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանի խոսքերով` իր տնօրենի անփորձությունն է եղել պատճառը, որ իրենք էլ չեն հաշվել այդ 131 հաշիվ-ապրանքագրերի գումարը եւ հիմք են ընդունել միայն տպարանի ներկայացրած գումարը: Եվ ինչպես դատարանին ներկայացրեց Է.Հովհաննիսյանը, թերթը 30 մլն դրամի փոխարեն տպարանին է վճարել ավելի քան 32 մլն դրամ: Եվ ըստ Շ.Մաթեւոսյանի, չի բացառվում, որ «Չորրորդ իշխանություն» թերթը դատարանում «Գինդի» դեմ հանդես գա հակընդդեմ հայցով` պահանջելով վճարել այդ գումարային տարբերության, ինչպես նաեւ՝ տուգանքների ու բարոյական վնասի համար:
Դատաքննության ժամանակ դատավոր Խանդանյանը ներկայացրեց վեճի ընթացքում տպարանի եւ թերթի միջեւ տեղի ունեցած նամակագրությունը: Թերթին ուղղված նամակներից մեկում «Գինդի» տնօրեն Կարեն Ավետյանը գրել է, որ եթե գումարը չվճարվի, ինքը ստիպված կլինի մամուլում հանդես գալ համապատասխան հրապարակումով: Կ.Ավետյանի ներկայացմամբ, դա «անհարմար վիճակի մեջ կդնի թե «Չորրորդ իշխանություն» թերթին, թե ողջ ընդդիմադիր մամուլին»: Եվ այս միտքը թերթի խմբագրակազմին կասկածելու տեղիք է տվել, որ տպարանը «Չորրորդ իշխանությունը» փակելուն ուղղված արշավը եւ դատական պրոցեսն իրականում սկսել է ոչ թե գումարային, այլ իշխանությունների կողմից ուղղորդված քաղաքական դրդապատճառներից ելնելով: Եվ «Գինդին» ուղղած պատասխան-նամակում թերթի խմբագրակազմը հենց այդպես էլ գրել է: «Ինչ վերաբերում է ընդդիմադիր մամուլին անհարմար վիճակի մեջ դնելուն, ապա կասկածում եմ, որ այդպիսով հետապնդում եք քաղաքական նպատակներ` տպագրական գործունեություն իրականացնելու փոխարեն»,- նամակից մեջբերեց դատավոր Գ.Խանդանյանը:
«Գինդի» իրավաբան Պ.Թերզյանը պատասխանելով լրագրողների հարցերին` ժխտեց, թե տպարանը թերթի դեմ ուղղված քաղաքական դրդապատճառներ կամ պատվեր է ունեցել: «Բացարձակ, մենք մեր գործով ենք զբաղված, մեզ քաղաքականությունը չի հետաքրքրում: Տվեք մեր գումարը եւ ուզում եք՝ օրը 3 անգամ տպեք»,- ասաց Պ.Թերզյանը:
«Ես ստիպված` տպարան եմ փոխել, ես ստիպված` տպարան եմ գնել: Ես պիտի որոշեմ, թե որքան վնաս եմ կրել այդ տպարանի պատճառով, ու հակընդդեմ հայց ներկայացնեմ»,- ավելացրեց Շ.Մաթեւոսյանը:
Իսկ դատավոր Գ.Խանդանյանը լսելով կողմերին ու ծանոթանալով նրանց ներկայացրած փաստաթղթերի հետ` հայտարարեց, թե դատաքննությունն ավարտված է: Վճիռը կհրապարակվի նոյեմբերի 16-ին, ժամը 12:50-ին: