«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք սովորել էինք նրան, որ քաղաքական իրադարձությունները բավական արագ են ընթանում,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` պարզաբանելով,- Այդ արագությունն, իհարկե, կապ ունի հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի հետ, բայց ենթադրել, որ իրադարձություններ պետք է տեղի ունենան ամեն օր, այնքան էլ ճիշտ չէ: Այս դադարը պայմանավորված է նոր իրադարձությունների սպասումով, որը պետք է տեղի ունենա կամ չունենա Թուրքիայի խորհրդարանում»: Ըստ նրա, վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց են տալիս, որ այնտեղ իրավիճակը բավական սուր է: «Ես մի քանի օրից կլինեմ Թուրքիայում եւ կփորձեմ հասկանալ, թե ինչ է այնտեղ կատարվում: Կարելի է ասել` սա դադար է, կարելի է ասել` նախապատրաստությունն է ավելի մեծ իրադարձություններին, որ մեզ սպասվում են: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացմանը, ապա կարող է լինել մի քանի սցենար: Առաջինի դեպքում հնարավոր է՝ այն վավերացվի հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Տրամաբանությունն այն է, որ մինչեւ ապրիլ նախապատրաստվեն սահմանի բացմանը: Երկրորդի դեպքում հնարավոր է մոտավորապես ապրիլ ամսին` ապրիլի սկզբին: Հնարավոր է նաեւ, որ փակ ռեժիմով քվեարկություն լինի, եւ այդ դեպքում թե դրականի, թե բացասականի դեպքում Թուրքիան կարող է արդարանալ: Դրականի դեպքում կասի, որ չգիտենք, թե ով է կողմ քվեարկել, իսկ բացասականի դեպքում միջազգային հանրությանը կասի` ժողովրդավարություն է, եւ իրենք արել են ամեն ինչ: Եվ հնարավոր է, որ հարցը չլուծվի, այսինքն` չվավերացվի»,- ասել է Ա. Իսկանդարյանը: Հարցին, թե ո՞ր սցենարն է ավելի հավանական համարում` վավերացնե՞լը, թե՞ չվավերացնելը, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանել է, թե չգիտի: