Երեկ առավոտյան դադարեցվել է իրանական գազի մատակարարումը Հայաստան: Իրանի գազ արտահանող ազգային ընկերության ներկայացուցիչ Վալիալա Դինին ասել է, որ գազի մատակարարումը կասեցվել է հայկական կողմի խնդրանքով եւ կապված է «տեխնիկական դժվարությունների առաջացման հետ»: Իրանական ընկերության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ Իրանը կվերսկսի գազի մատակարարումը, երբ կվերացվեն նկատված անսարքությունները: Վալիալա Դինին նաեւ տեղեկացրել է, որ այս տարվա գարնանից Իրան-Հայաստան 110 կիլոմետր երկարության գազատարով օրական 2 միլիոն խորանարդ մետր գազ է արտահանում Հայաստան, սակայն այդ ծավալները կարող են հասցվել օրական մինչեւ 10 միլիոն խորանարդի: Երեկ ավելի ուշ «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Իրանից գազամատակարարման կասեցումը պայմանավորված է նոյեմբերի 11-ին ժամը 03:00-ի սահմաններում Կապան-Քաջարան 500մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարով: Երեկվանից «Տրանսգազ» ընկերության կողմից աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների, աշխատանքները կավարտվեն վաղը երեկոյան: