Հայաստանը՝ ոչ լեգիտիմության կղզյակ

27/08/2005

«Հայաստանը կարող է դառնալ ոչ լեգիտիմ իշխանություն ունեցող միակ երկիրն
Անդրկովկասում»,- «Ազգային քաղաքացիական նախաձեռնություն» կազմակերպության
հրավիրած սեմինարի ժամանակ երեկ նման կանխատեսում է արել Ռազմավարական եւ
ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀԿ) փորձագետ Հովհաննես
Վարդանյանը: Ըստ նրա, վրացական հեղափոխության սցենարը կարող է կրկնվել
Ադրբեջանում՝ նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների
ժամանակ: «Գործնականում, Ադրբեջանի իշխող շրջանակները հայտնվելու են
դիլեմայի առաջ՝ կամ անցկացնել ազատ եւ թափանցիկ ընտրություններ, կամ
հեղափոխություն, որը ցունամիի նման կավերի Ալիեւ-կրտսերի բռնատիրական
վարչակազմը»,- հայտարարել է ՌԱՀԿ փորձագետը: Նրա կարծիքով, երկրորդ
տարբերակն ավելի հավանական է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հազիվ
թե թույլ տան ազատ ընտրությունների անցկացումը: «Դա իր հերթին Հայաստանին
կկանգնեցնի շատ դժվարին դրության մեջ, եւ այդ ժամանակ Հայաստանում
իշխանափոխության հարցը կդառնա օրակարգային»,- գտնում է Հովհաննես
Վարդանյանը: