«Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամները եւ մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ այսօր, ժամը 16:30-ին, Բաղրամյան պողոտայում` ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց, անցկացնելու են ակցիա «ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների եւ «մադրիդյան սկզբունքների»: Ակցիայի կազմակերպիչների` երեկ տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հայ ազգի պատմական հիշողությունը, նրա ազատատենչ ոգին եւ հանուն ազատ ապրելու մշտատեւ պայքարի մղումը հնարավոր չէ ջնջել կամ թմրեցնել: Հայաստանի իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականությունը որեւէ կերպ չի արտահայտում հայ ժողովրդի ազգային շահերը: Օրվա իշխանությունը ոչ միայն չլսելու ու չտեսնելու է տալիս տեղի ունեցող ոճիրները, այլեւ քաջալերում եւ կազմակերպում է դրանք` առաջ տանելով կեղեքիչ ու մարդահալած քաղաքականությունը: Այս ամենը հետեւանք է ժողովրդավարության բացակայության եւ ձեւախեղված ֆեոդալական մտածողությամբ առաջնորդվող իշխանությունների ապօրինությունների: Երկիրը ղեկավարող իշխանապաշտ խմբակներին մշտապես ապացուցելու ենք, որ հասնելու ենք արդարության ու օրինականության վերականգնմանը` հանուն ժողովրդից զավթված իշխանությունը նրան վերադարձնելու: Բովանդակ հայության նվիրական հերոսամարտը անցյալ դարավերջին պսակվեց պատմական հաղթանակով: Հաղթանակը կմնա չամրագրված այնքան ժամանակ, քանի դեռ Հայկական պետություններում ժողովուրդը լիարժեք չի իրացնում իրեն պատկանող իշխանությունը: Մենք պարտավոր ենք ոտքի ելնել, քանի որ մեր աչքերի առջեւ է չարքաշ ժողովրդի անմխիթար կյանքը` արցունքով ու արյունով շաղախված»,- ասված է հայտարարության մեջ: