Դեպի Եվրոպա. մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ

11/11/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Պե՞տք ենք արդյոք մենք Եվրոպային, եւ պե՞տք է արդյոք Եվրոպան մեզ։ Արդեն 17 տարի Հայաստանը ԵԱՀԿ-ի եւ 8 տարի՝ Եվրոպայի խորհրդի անդամ է։ Այս ընթացքում՝ ցուցաբերե՞լ է մեր հասարակությունը դեպի Եվրոպա գնալու պատրաստակամություն, թե՞ Եվրոպան ու եվրոպական արժեքները մեզ համար ձեւական բնույթ են կրում։ Նույն հարցադրումները կարելի է անել նաեւ իշխանության առնչությամբ. արդյո՞ք նրանք լուրջ են վերաբերվում եվրոպական չափանիշներին ու արժեքներին, թե՞ ընդամենը փորձում են «թոզ փչել» եվրոչինովնիկների աչքերին։ Ի վերջո, հենց նույն Եվրոպան լո՞ւրջ է վերաբերվում իր հարեւաններին, այդ թվում` մեզ, իրո՞ք փորձում է հասցնել մոտեցնել մեզ իրեն՝ չափանիշներով, կենսամակարդակով, արժեքային համակարգով եւ մտածելակերպով։ Թե՞ նրանք էլ են զբաղված «թոզ փչելով», եւ իրենց հասարակություններից ֆինանսավորվելով՝ եվրոպական չինովնիկները ընդամենը «պտիչկաներ» դնելով են զբաղված մեր երկրում։

Այս հարցերի շուրջ երեկ քննարկում էր կազմակերպել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամը։ Իսկ բանախոսներից Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանի պնդմամբ, ինստիտուցիոնալ առումով կարծես շարժվում ենք դեպի Եվրոպա, սակայն հասարակությունը եվրոպականացման առումով հետ է գնում։ «Բնակչությունը իրեն եվրոպացի չի համարում»,- նշեց նա՝ վկայակոչելով իրենց կենտրոնի կողմից անցկացված հետազոտության արդյունքները. եթե 2007թ. բնակչության 57%-ը իրեն եվրոպացի չէր համարում, ապա այսօր այդ ցուցանիշը 80% է։ Պատճառն, ըստ Թ. Պողոսյանի, այն է, որ սերնդափոխություն տեղի չի ունենում։ Իսկ իրավիճակը շտկելու համար նա առաջին հերթին կարեւորում է կրթական համակարգը։

Շատերը կարծում են, որ Եվրոպային մոտենալու համար ժամանակ է պետք, եւ ինքնամխիթարանքի պես կրկնում՝ գոնե մեր երեխաներն ավելի քաղաքակիրթ երկրում կապրեն։ Սակայն մյուս բանախոսը՝ «Ինտերնյուս» հ/կ տնօրեն Նունե Սարգսյանը պնդում է, որ չի կարելի ապրել միայն ապագային կամ անցյալին նայելով. ներկան պակաս կարեւոր չէ։ Իսկ ներկան դեպի լավը փոխելու համար, նրա համոզմամբ, հասարակությունը պետք է ներքին փոփոխություններ ապրի։

Ներքին, մտածելակերպի փոփոխության անհրաժեշտությունը կարեւորեց նաեւ Թ. Պողոսյանը՝ նշելով, որ դա հնարավոր է, ինչպես հնարավոր եղավ մեկ շաբաթում վարորդներին ամրագոտիներ գցել սովորեցնել։ Իսկ Եվրոպայի մաս, ըստ բանախոսի, մենք կկազմենք «այն օրը, երբ սիրենք Եվրոպան մեր մեջ, ոչ թե մեզ՝ ֆիզիկապես, Եվրոպայի մեջ»։

Իսկ իրենք՝ եվրոպացիները, մեզ լո՞ւրջ են վերաբերվում, թե՞ ոչ: Թ. Պողոսյանի համոզմամբ, դա առաջին հերթին կախված է հենց մեզնից։ «Եվրոպացիները մեզ լուրջ են ընդունում, երբ մեր քայլերն ու գործերը իրականություն են դառնումգ Եվրոպան մեզ օգնելու է այնքանով, որքանով մենք կլինենք մեր խոսքի տերը։ Կանենք ռեալ քայլերը՝ Եվրոպան էլ կանի հաջորդ քայլը։ Հակառակ դեպքում՝ ոչ ոք իր լավը հենց այնպես ուրիշին չի տա»։ Ինչ վերաբերում է այն ուղուն, որով մենք պետք է շարժվենք, ապա, Թ. Պողոսյանի խոսքերով, Հայաստանը դեռ 1991 թվականից է այն ընտրել՝ դեպի Եվրոպա։ Այլ հարց է, որ հարկավոր է սովորել թե՛ եվրոպացիներից, թե՛ Ռուսաստանից։ Իսկ գլխավոր «դասը», ըստ նրա, այն է, որ պետք է սովորել առաջնորդվել սեփական շահերով։ Ի դեպ, ամենահարմար ուսուցիչն այդ առումով հենց Ռուսաստանն է, որը սեփական շահերի համար կարող է հանգիստ խղճով մոռանալ դարավոր բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը։

Այն, որ եվրաինտեգրմանը այլընտրանք չկա, հաստատում է նաեւ նախկին ԱԳ նախարար, «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանը։ Իսկ եվրոպական ինտեգրումը հաջողության հասցնելու համար, նրա կարծիքով, եռակողմ համագործակցության անհրաժեշտություն կա՝ «Եվրոպան՝ մի կողմից, մեր հասարակությունը՝ երկրորդ կողմից, եւ որ ամենակարեւորն է իսկապես՝ իշխանությունները: Այս եռակողմ համագործակցությունը եթե ճիշտ չեղավ, եւ սրանցից յուրաքանչյուրը եթե իր ներդրումը չբերեց ամբողջությամբ, ես կարծում եմ, որ մենք երբեք չենք կարող հաջողության հասցնել այդ եվրագործընթացները»: Վ. Օսկանյանի համոզմամբ, խնդիրը ԵՄ-ին անդամակցությունը չէ, այլ գործընթացները, որոնցից պետք է կարողանալ օգուտ քաղել։ «Եվրոպացիների հետ կապված՝ ես կարծում եմ, որ մենք պահանջատեր պետք է լինենք, որ նրանք ավելի լուրջ լինեն իրենց ներգրավվածության հարցում»,- ասում է Վ. Օսկանյանն՝ ավելացնելով, որ եվրոպական պահանջատիրությունն ավելի հետեւողական պետք է լինի, որպեսզի Հայաստանն իր պարտականություններն իրականացնի, դա լինի Եվրոպայի խորհրդի շրջանակներում, Եվրամիության, թե ՆԱՏՕ-ի հետ: Նախկին արտգործնախարարի համոզմամբ, մեր ժողովուրդը պետք է պահանջատեր լինի բոլոր հարցերում։

«Ժողովրդի պահանջատիրությունը, ինքնաբուխ, բնականաբար համազոր է եւ համարժեք է եվրոպական արժեքներին: Եթե մենք պահանջատեր լինենք մեր առօրյա կյանքում, ես կարծում եմ, մենք ներքեւից ճնշում կդնենք մեր իշխանությունների վրա, որպեսզի նրանք իրենց վերցրած պարտավորությունները առնվազն Եվրոպայի առաջ իրականացնեն»։ Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա Վ. Օսկանյանի խոսքերից կարելի էր հասկանալ, որ ամենաբարդը հենց այստեղ ինչ-որ բան փոխելն է։ Նախկին արտգործնախարարը երկու պատճառ է նշում։ «Առաջինն այն է, որ եվրոպական արժեքների ամբողջական ընդունումը, դրանց կիրառումը իշխանությունները դիտարկել են որպես սպառնալիք իրենց իշխանություններին: Մինչեւ մենք չկարողանանք իսկապես հակակշիռներ ստեղծել մեր քաղաքական համակարգում, միշտ այդպես է լինելու՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատ մամուլը եւ այս բոլոր մնացածները, իշխանությունները միշտ համարելու են սպառնալիք իրենց իշխանությանը»,- ասում է Վարդան Օսկանյանը: Իսկ հաջորդ պատճառը, ըստ նրա, այն է, որ «Իշխանության մեջ գտնվող այն մարդիկ, որոնցից կախված է բարեփոխումների արդյունավետ իրականացումը, խորքային հավատամք չեն ունեցել եվրոպական արժեքների նկատմամբ»:

Վ. Օսկանյանն, իհարկե, ճիշտ է։ Ճիշտ է նաեւ այն, որ Վ. Օսկանյանն ինքն արեւմտյան մտածելակերպի կրող է։ Եվ հենց այստեղ առաջանում է գլխավոր հարցը՝ ինչպե՞ս եղավ, որ եվրաինտեգրում քարոզող գործիչը 10 տարի մաս էր կազմում հենց այն իշխանությանը, որը «խորքային հավատամք» չուներ եվրոպական արժեքների նկատմամբ եւ դրանց ընդունումը որպես սպառնալիք էր ընդունում։ Թերեւս վատ չէր լինի, եթե մի քննարկում էլ այդ թեմայով կազմակերպվեր։