Նախագահական իշխանությունը եւ այսօրվա ազգային խնդիրները

11/11/2009

Եղանակների ցրտելու հետ կարծես սառում են նաեւ կրքերը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման թեմայով։ Հայտնի չէ՝ ինչպես է Թուրքիայում, բայց մեզանում, որպես կանոն, առաջին ձյունից հետո բոլոր էմոցիաների վրա սկսում են գերիշխել Նոր տարվա տրամադրությունները, ու գնաց… մինչեւ հաջորդ տարվա փետրվար։

Իրականում այս տարի Հայաստանում կարեւորագույն քայլ կատարվեց մի ուղղությամբ, որը ցանկացած ելքի պարագայում հավասարապես մտնելու է պատմության մեջ որպես Սերժ Սարգսյանի ժամանակաշրջան։

Անշուշտ, բազմակողմանի քննարկումների հրապարակայնությունը, վերջին հաշվով, նպաստեց ժողովրդական տրամադրությունների այսօրվա անսպասելի հանդարտ վիճակին, սակայն ներքաղաքական առումով ունեցանք զգալի հուզումներ, որոնք առայժմ պաշտոնական ուղղությանը չեն կարողանում խանգարել։

Այս թեմայի շուրջ ամբողջ իրարանցումը Հայաստանում որեւէ նոր, ավելի ռացիոնալ եզրահանգման չբերեց՝ ի վերջո նախագահի մտադրություններում ամրագրելով, որ ընտրված դիրքորոշումից փոփոխություններ չեն լինելու։ Խնդիրն այն է, որ աշխարհի համար հիմնական հարցն այստեղ հայ-թուրքական հարաբերությունների մեջ չէ, այլ դրան զուգահեռ ընթացքի մեջ մտնող գործընթացների, որոնք այս պահին բարենպաստ դասավորություն են ստացել։

Թուրքիայի համար բացահայտ էր, որ իր իսկ բոյկոտը շրջվում է իր դեմ, եւ հենց այդ պատճառով դիմեց այս քայլին, ոչ թե շրջափակումը վերացնելու հումանիստական ելակետերի։ Սա փորձ էր հերթական անգամ մարդկության առաջ պարզաջրել իր դեմքը։ Ցավոք, դա դեռ հասկանալի չէ մեր մյուս՝ «ճակատագրական» հարեւանի համար, որին ընկալելի է միայն, որ սահմանների բացումը ուժեղ հարված է իր դիրքերին։

Ռուսաստանին պետք էր դեպի իր ռազմավարական գործընկեր Հայաստան այլընտրանքային ճանապարհ, որը շրջանցում է Վրաստանը։ Ահա ինչու նա չխանգարեց այս պայմանավորվածություններին։ Արդյո՞ք ՌԴ-ն պատրաստվում է դրանով Կովկասում ազդեցությունների ոլորտը կիսել Թուրքիայի հետ՝ կպարզվի ապագայում։ ՈՒշագրավ եւ կարեւոր փաստ է, որ հայ-թուրքական սահմանների բացման հարցում Ռուսաստանը համաձայնության է եկել նաեւ ԱՄՆ-ի հետ։

ԱՄՆ-ը իր ավանդական մակերեսայնությամբ՝ փորձում է տարածաշրջաններում կիրառել ունիվերսալ սկզբունքները՝ ինչպես միշտ, առանց խորանալու նրբությունների մեջ։ ԱՄՆ-ին թվում է՝ դրանով հակամարտություններ է հարթում, այլ ոչ թե զուգահեռ՝ նոր հակամարտումների ու լարումների աղբյուր ստեղծում։

Այսպիսով, չնայած իրենց չափազանց կարեւոր նշանակությանը եւ երկար սպասումին, ունեցանք մի քիչ տխուր, գլխիկոր փաստաթղթեր։ Աշխարհում լինում են, չէ՞, համաձայնագրեր, որոնք ժողովուրդները ցնծությամբ, դրոշներով են ընդունում …Այս մեկը դրանցից չէ։ Հայոց պատմության մեջ դրանք այնուամենայնիվ շատ քիչ են։ Հայաստանի համար սա Բեռլինի պատի քանդում չի դառնա։ Միշտ մենք սպասումների մեջ ենք։ Մեր պատմությունն ինչ-որ տեղ սպասումների պատմություն է։

Համաձայնագրերը ստորագրվեցին՝ զուգակցվելով երկու կողմերի միջեւ ելակետային հարցերում տրամագծորեն հակադիր հավաստիացումներով։ Սա դժվար իրավիճակ է։ Մի՞թե այսպիսի փաստաթուղթ են ստորագրում, երբ դեռ չստորագրած՝ արդեն հակասություն է առաջանում դրա կապակցությամբ արվելիք հայտարարություններում։

Բարոյականությունը, ինչպես ընդունված է ասել, քաղաքական կատեգորիա չէ, եւ եթե միջազգային հանրությունը ինչ-որ հրաշքով որպես գործոն ընդուներ նաեւ բարոյական փաստարկները, մենք այսչափ կորուստներ ունեցած չէինք լինի։ Ցավոք, դա շատ լավ է յուրացրել թուրքական կողմը, որը արձանագրությունների ստորագրումի պահին իսկ փորձեց խարդախություն մտցնել հարաբերությունների մեջ։ Զարմանալի է մեր հոգեբանական տրամադրվածությունը, որով Հայաստանի արտգործնախարարի արդարացված վրդովմունքը փորձեցինք մեկնաբանել որպես շփոթվածություն, իսկ Թուրքիայի պաշտոնակցի ջղագրգիռ ժպիտն էլ չընկալեցինք իր իսկական բովանդակությամբ, որ ձեռքը ուրիշի գրպանում բռնված մանր գրպանահատի հատկանշական դիմածռություն էր հիշեցնում։ Եթե Թուրքիան Եվրամիություն է ցանկանում մտնել, գոնե 21-րդ դարում այնուամենայնիվ պիտի պարզի՝ դիվանագիտությունը դա խարդախությա՞ն արվեստ է, թե՞ ազնվության։

Որ Ցյուրիխյան արձանագրությունները մատուցվեցին հանկարծակի եւ անպատրաստ՝ դա ակնհայտ է։ Հայտնի քաղաքագետներից մեկը նշեց՝ եթե ամերիկացիները կազմած լինեին, մի քիչ ավելի գրագետ կլիներ։ Բայց կարծես մեզ շատ էլ չեն լսել։ Հետաքրքիր կլիներ իմանալ (պետք է որ դա գաղտնիք չլիներ)՝ մեր ո՞ր դիվանագետներն են աշխատել այս հիրավի պատմական կարեւորության փաստաթղթերի վրա։ Ինչո՞ւ ենք թաքցնում նրանց անունները։ Որպեսզի չխոստովանե՞նք, որ անկատար է մեր դիվանագիտական կորպուսը։ 15 տարում անգամ մեկ խոշոր դիվանագետ չտվեցինք՝ սա մեր պետականության հայելին է։ Այն ազգային կադրերը, որոնք ի վիճակի են բարոյական եւ ստեղծագործական որակներ հաղորդել քաղաքական գործընթացներին, մի տեսակ մեկուսացած են առանձին գիտական հիմնարկներում, թանգարաններում, հասարակական կազմակերպություններում…

Ի տարբերություն ներքաղաքական ոլորտում հարուցած բախումների եւ կորուստների, թուրք-հայկական այս հաշտությանն ընդառաջ կատարված քայլը, փաստացի՝ նախաձեռնումը, էականորեն բարձրացրեց Հայաստանի նախագահի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Նույն միջազգային գործոնի պատճառով, Թուրքիայի պաշտոնական շրջանակները եւս ջանալու են վավերացնել պայմանագրերը, քանզի գիտեն, որ հակառակ դեպքում երկրին միջազգային մեկուսացում եւ արգահատանք է սպասում։ Այստեղ տապալումը կնշանակի, որ Թուրքիայի քաղաքականության մեջ խոշոր խնդիրներ կան, ինչի դեպքում դժվար կլինի խուսափել միջազգային համարժեք արձագանքներից։

Չնայած մեր ընդդիմության սուր դիմադրությանը, որն իր առանձին պատճառներն ունի, երբեմն դուրս՝ բուն խնդրի շրջանակներից, այնուամենայնիվ հայկական կողմի դիրքորոշումն այս հարցում ավելի կոռեկտ ու հաստատակամ է թուրքականից, որտեղ նույնիսկ պետության առաջին դեմքերը չեն կարողանում միանշանակ վերաբերմունք դրսեւորել։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ լուծման քայլերը որքան էլ հասունացած, այնուամենայնիվ խոցելի են՝ ապակառուցողական ուժերի պատճառով։ Միջազգային գերտերությունների համաձայնության գալն այս հարցում դեռ ամեն ինչ չի պայմանավորում։ Փաստաթղթերի ուժի մեջ մտնելուց հետո էլ պրոբլեմները չեն նվազելու։ Սակայն այսօր, ի տարբերություն նախորդ բոլոր շրջանների, ձեռնարկելով այս գործընթացը, պահպանվում է կանգ առնելու կամ ետ քայլ անելու հնարավորությունը։ Որովհետեւ հաշտության գործընթացը այս անգամ չի սկսվել Ղարաբաղյան ճակատում զիջումներից, հակառակը՝ սկսվել է տարածաշրջանային քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու նախադրյալից։ Առաջ ասվում էր՝ «կվերադարձվեն տարածքները, նոր կբացվեն սահմանները»։ Այսօր հարցը դրված է այսպես՝ «սահմանները պիտի բացվեն…»։ Եվ թուրքական կողմը ստիպված անուղղակի, շրջանցող ձեւակերպումներ է մշակում՝ քաղաքական առեւտրում իր բարեկամներին չհիասթափեցնելու համար։ Սա է իրականությունը։

Այսօր հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործընթացը ընդամենը առաջին, կարեւոր քայլն է, եւ առջեւում բազմաթիվ խնդիրների լուծումներ են կանգնած։ Սա երկկողմանի ճանապարհ է, թուրքական կառավարությունը պետք է վերանայի իր ողջ հայեցակարգը։ Ի վիճակի՞ է արդյոք նա դրան։ Հայկական կողմը գնաց ստորագրությունների՝ առանց այդ պատասխանն ունենալու, ընդամենը՝ ակնկալիքով։ Բոլոր դեպքերում, այստեղ մեր կողմից անհրաժեշտ է բարյացակամության հետագա զարգացում։ Իսկ միջպետական հակասությունները կան ու դեռ երկար կմնան։

Շատ կարեւոր է՝ ի՞նչ է հետեւելու փաստաթղթերի ստորագրումին։ Արդյո՞ք սխալվում ենք, որ հայ-թուրքական հաշտեցման իրականացումը ընթացքի մեջ է դնում ավելի վաղ հայտարարված ճանապարհային քարտեզը, որտեղ հաջորդ հանգրվանն արդեն ԼՂ հակամարտության խնդիրն է։ Իհարկե, ստորագրված փաստաթղթերում Ղարաբաղի մասին կետի բացակայությունը չի նշանակում արցախյան հարցի դրական լուծում։ Ոչ էլ՝ բացասական։ Առավել եւս՝ չի կանխորոշում լուծումը։ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Արցախի հարցը զուգահեռ գործընթացներ են, որոնք չպիտի հատվեն կամ պայմանավորվեն մեկը մյուսով։ Սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի ժամանակին է վերապահված նաեւ Արցախի խնդրում տեղաշարժ ապահովելը։

Սերժ Սարգսյանը բազմիցս, հաճախ ու վճռական է փաստում, որ բացառվում է որեւէ լուծում, որը Ղարաբաղի համար կարող է որեւէ կախյալ կարգավիճակ նախատեսել Ադրբեջանից։ Արցախի հարցը առանձին անդրադարձի նյութ է, եւ առաջիկայում, կապված իրադրության փոփոխության հետ, նոր, բուռն քննարկումներ են սպասվում։ Այսօր հետաքրքիր է դրա ներգործությունը ներքաղաքական զարգացումների վրա։

Արտաքին քաղաքական միջավայրը այսօր նախագահ Սարգսյանին եւ նրա քաղաքականությանը հիմնական այլընտրանք չի տեսնում, ընդհակառակը, ինչպես նշեցինք, գնում է նրա միջազգային հեղինակության կտրուկ բարձրացում։ Ներսում, նրա ղեկավարած իշխող քաղաքական ուժը ավելի կայուն կերպով է տիրապետում իրավիճակին, քան նույնիսկ Ռուսաստանում է։ Մենք գիտենք տարիներով ձեւավորված այս կառույցի հիմնական թերությունը՝ այն մեծապես հիմնված է օլիգարխիկ համակարգի վրա։ Սակայն այս իրադրության փոփոխությունը, որ վաղ թե ուշ անխուսափելի անհրաժեշտություն է դառնալու, ինչպես երեւում է, առայժմ չի մտնում նախագահի այսօրվա ծրագրերի մեջ։ Իսկ իշխանության համակարգում երկփեղկում մտցնելու, հակառակորդներ որոնելու, կոմպրոմատների արտադրության, «րՉՏռ-փցՋՏռ» անելու երբեմն նույնիսկ մամուլ հասնող փորձերը ոչ թե վերեւից իջեցված հրահանգ, այլ, ամենայն հավանականությամբ, երիտասարդ «պոլիտտեխնոլոգների»՝ սեփական ուժերի փորձարկման «պրոյեկտներից» են։ Սերժ Սարգսյանի պետական գործունեության տարիների փորձը անշուշտ ամրագրել է նրա գործելաոճում նաեւ «Ձիերին գետանցում չեն փոխում» դասական օրենքը։ Մանավանդ որ, այդ ձիերը, եթե չես խրտնեցրել, հնազանդ են ցանկացած իշխանության։ Իշխանական համակարգում արմատական փոփոխությունների նախագահը կգնա հավանաբար հերթական ընտրությունների ժամանակ, մինչ այդ փորձելով լուծել տասնամյակներով ծանրացած ազգային այս հիմնախնդիրները։

Նախագահական ծրագրերն իրագործելու ճանապարհին, իհարկե, գլխավոր մարտահրավերը ներքին քաղաքականության մեջ ընդդիմությունն է, որը ՀՀ-ում ամենաարտահայտվածներից է ետխորհրդային երկրների մեջ։ Հաստատ կարելի է ասել, որ ստեղծված իրավիճակում համազգային այս հարցերի բարձրացումը ոչ թե ազգային միասնություն, այլ բախումներ է առաջացնելու ընդդիմության հետ՝ ընդ որում, ոչ միայն կարծիքների եւ գաղափարների տրամագծային տարբերությունների, այլեւ բազմաթիվ, ավելի մասնավոր պատճառներով։ Դրությունը կարող է խառնվել ցանկացած փսիխոզի պայմաններում, որի համար թուրքական հաշտեցումը չանցավ, մնում է Ղարաբաղյան հակամարտությունը։ Սակայն այստեղ եւս ընդդիմության միասնական գործողությունների շանսեր այսօր եւ առաջիկայում չեն գծագրվում։ Ձեւավորվել է երկու թեւ՝ ազգայնական Դաշնակցական եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Ազգային կոնգրեսը՝ տարբեր գաղափարախոսությունների միավորմամբ։ Այս հակամարտության պատմությունը բազմաթիվ նրբություններ ունի, բայց մի հանգամանք կարեւոր է՝ նրանք երկուսը միմյանց միջեւ ավելի մեծ թշնամանք են տածում, քան նույնիսկ իշխանության նկատմամբ։ Այս պայմաններում հայկական երկու ընդդիմադիր բեւեռները ընդունակ են իրար դեմ պայքարելով՝ պարպել ներքաղաքական լարվածությունը, վերջնական հաղթանակը թողնելով իշխանությանը։

Սերժ Սարգսյանը այսօր ուշադրության կենտրոնում է հայտնվել բոլոր կողմերից։ Այդ թվում եւ՛ միջազգային հանրության, եւ՛ երկրի ներսում՝ բոլոր քաղաքական ուժերի։ Դա առաջին հերթին հայտնի նախաձեռնությունների շնորհիվ է, որոնք արմատական փոփոխություններ են խոստանում երկրի քաղաքական զարգացումներում։ Նրան ճանաչում են համենայն դեպս որպես պրագմատիկ, առանց նախապաշարումների, իր էմոցիաները զսպել կարողացող գործիչ։ Հնարավոր է՝ նման իրավիճակներում հենց այսպիսի հատկանիշներն են ի վիճակի լավագույն արդյունքի բերելու։ Չնայած դժվար է հուսալ, թե այս կնճռոտ հիմնախնդիրների լուծումը ձեռնարկելով, միայն քաղաքական դիվիդենտներ կարելի է ստանալ։ «Ես պատրաստ եմ դրա գինը վճարելու»,- սա շատ տարողունակ արտահայտություն է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման եւ Արցախի անկախության լուծումները ծրագիր դարձրած նախագահի նպատակների խորությունը ընկալելու համար։ Իսկ այդ գինը, բոլոր դեպքերում, շատ բարձր է աշխարհի եւ սեփական ժողովրդի առջեւ, հակառակ դեպքում այդ հատուցման վճարը իրենից է պահանջվելու։

Անժելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ