Չհասցրեցինք մարսել 2010-ի բուջեի նախագծի համեստ ցուցանիշները: Չհասցրեցինք հաշտվել այն մտքի հետ, որ նախընտրական խոստումները չեն կատարվելու: Ոչ աշխատավարձ է բարձրանալու, ոչ նպաստ-կենսաթոշակ: Ու հանկարծ հայտարարվեց, որ 2010-ի ապրիլից բարձրանալու է գազի, ջրի, էլեկտրաէներգիայի գները: Հայտարարողը հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էր: Մամուլի արձագանքը տարբեր էր: Իշխանամետ թերթերից մեկը բանիմաց մենեջերի համբավ ունեցող այդ պաշտոնյային անվանեց ընդդիմության ջրաղացին ջուր լցնող: Իսկապես «Ինչո՞ւ պետական պաշտոնատար անձն իր վրա վերցրեց այդ լուրը հասարակությանը հասցնելու պարտավորությունը» հարցին տարբեր պատասխաններ կարելի է տալ: Սակայն «Առաջինը ո՞վ ասաց» հարցը կարեւոր է միայն հեռուստասերիալների ու հարեւանուհիների զրույցների պարագային: Այս դեպքում շատ ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչու են իշխանություններն ուրախությամբ ընդունում հանրային սակագների բարձրացման ամեն մի հնարավորություն: Դա շատ ավելի կարեւոր է, քան սակագների աճի հիմնավորումը: Հիմնավորման համար իրական ու հորինովի հիմքեր ներկայացնելը բարդ բան չէ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամ, էներգակիրների գնի աճ համաշխարհային շուկայում: Եվ այլն:
1000 խմ-ի դիմաց՝ նախորդ տարվա 154 դոլարի փոխարեն՝ եկող տարի գազ մատակարարող ընկերությունը Հայաստանից պահանջելու է 180 դոլար: Մեր իշխանություններն արդեն հասցրել են հրապարակել, որ ռուսաստանյան ընկերությունը 200 դոլար էր նախատեսել ստանալ, իսկ իրենց հաջողվեց 20 դոլարով գին գցել: Հաջողացրին ու հպարտացան: Իսկ մեզ մնաց հասկանալ նրանց ուրախության մյուս պատճառը: Հայտնի բան է` բյուջետային մուտքերը կտրուկ նվազել են: Եկող տարվա համեստ բյուջեն էլ կատարելը բարդ է լինելու: Հետեւաբար այդ խնդիրը լուծելու համար առանձին հնարքներ են պետք: Իսկ Հայաստանում ամենափորձարկված հնարքը ԱԱՀ-ն է: Ավելացված արժեքի հարկը` իր 20 տոկոսանոց դրույքաչափով: Այս անուղղակի հարկատեսակի ու նրա բարձր տոկոսադրույքի գործած ավերի մասին շատերն են գրել: Գրել ու բացատրել են, որ այն տնտեսական առաջընթացի խոչընդոտ է դարձել: Թե տեղական արտադրության, թե առեւտրի ոլորտի համար: Ցանկացած տնտեսագետ կբացատրի, որ ԱԱՀ-ն տնտեսական ճկուն գործիք է, որով շատ երկրներ խթանում են սեփական տնտեսությունը: Բայց այդ ճկուն գործիքը Հայաստանում ներդրման օրվանից քարացել-մնացել է 20 տոկոսանոց ցուցանիշի վրա: Ոչ մի ոլորտի համար բացառություն չի արվում: Այն վաղուց արդեն դարձել է իշխանության անգործունակությունը թաքցնող հնարք: Հնարք, որով ոչինչ չանելով՝ իշխանությունները տնտեսությանը 20 տոկոսանոց հարկման տակ են գցել: Տեսեք, էներգահամակարգը հոսանք էր արտադրում, տեղափոխում, մատակարարում սպառողին եւ մեկ կվտ/ժամ հոսանքի դիմաց 25 դրամ գումար էր պահանջում: Սպառողի մուծած 25 դրամից մոտ 5 դրամը հարկային մարմիններն անմիջապես պարտադրում էին փոխանցել բյուջե՝ որպես ավելացված արժեքի հարկ: Հետո, երբ էներգահամակարգի հիմնարկություններին մնացած 20 դրամ գումարը չբավարարեց, նրանք դիմեցին սակագինը բարձրացնելու առաջարկով: Դիմեցին հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողով: Հիմնավորելով, որ մնացած գումարը չի հերիքում հումքի, սարքավորումների, աշխատավարձերի եւ այլ ծախսերի համար: Հետեւաբար խնդրեցին 5 դրամով բարձրացնել սակագինը: Իշխանությունները չխառնվեցին, չասացին, որ էներգահամակարգի ծախսերը կրճատելու համար կնվազեցնեն տնտեսության կառավարման ճկուն գործիք համարվող ԱԱՀ 20 տոկոսանոց դրույքաչափը: Հետեւաբար՝ հանձնաժողովը համաձայնեց բարձրացնել սակագինը: Համաձայնեց իշխանությունների գոհ ժպիտի ներքո: Որովհետեւ բարձրացրած 5 դրամից 1-ը անմիջապես փոխանցվում է բյուջե: Տարեկան կտրվածքով այն 4 մլրդ դրամ ավելացրեց բյուջե: Իսկ այդքան գումար հավաքագրելու համար մեր իշխանավորները ստիպված պիտի մտքներին զոռ տային: Ահագին աշխատեին` ի վերջո: Բայց ԱԱՀ կոչվող հնարքը իշխանություններին հնարավորություն է տալիս տեղերը տիտիկ արած ահագին գումար հավաքել: Ով գիտի, գուցե եւ պարգեւավճարներ ստանալ: Այս հնարքն, արդեն մի քանի տարի է, գրաֆիկով կրկնվում է: Հիմա Հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովը պարզապես նախապես է հայտարարել գրաֆիկը: Մեզ մնում է պարզապես արձանագրել, որ մեր իշխանությունների գործադիր թեւն այս անգամ ազնիվ էր: Ազնիվ էր բնակչության հանդեպ` գլխի գալիքը նախապես տեղեկացնելու գործում: Իշխանության օրենսդիր թեւի ոչ կրթական ցենզը, ոչ քաղաքական կամքը չի հերիքի այս մասին բարձրաձայնելու համար: Իսկ տնտեսական հանձնաժողովների անկախության մասին լեգենդին Հայաստանում նույնիսկ դպրոցականները չեն հավատում: