Հիմա ո՞վ է անհեթեթը

27/08/2005

Հյուսիսային Կիպրոսի միջազգային շրջափակման վերացման հարցում Ադրբեջանի
իրականացրած ջանքերին ի պատասխան՝ Թուրքիայի կառավարությունը որոշել է
սկսել Ադրբեջանի հետ երկաթուղային կապի հաստատման ծրագրի իրագործումը:
«Ազատություն» ռ/կ-ի հաղորդման համաձայն, անցած ամիս ադրբեջանական
մասնավոր ավիաընկերություններից մեկը սկսել է իրականացնել կանոնավոր
չվերթեր Բաքվի եւ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության
մայրաքաղաք Լեֆկոշի միջեւ: Իսկ այս շաբաթ, ըստ թուրքական լրատվամիջոցների,
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի տրանսպորտի
նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն
Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծին առնչվող
հարցերը: Նախագծի համաձայն, կառուցվելու է Կարս-Ախալքալաք երկաթուղու 98
կիլոմետրանոց հատվածը (68-ը՝ Թուրքիայում, 30-ը՝ Վրաստանում), որը կմիացվի
արդեն գործող Ախալքալաք-Բաքու երկաթուղուն: Նախնական հաշվարկներով, նոր
երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ է առնվազն 500 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես՝ կապի եւ
տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը, մի քանի անգամ հայտարարել է, թե
Կարս-Գյումրի երկաթուղու առկայության պայմաններում նոր երկաթուղու
կառուցումն «անհեթեթություն» է: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին «անհեթեթ»
էր համարվում Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղը, որով, արդեն երկու ամիս է,
հոսում է ադրբեջանական նավթը: