Կղզու հափշտակված մասում

11/11/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Քաղաք-ֆանտոմ փշալարերի հետեւում

Հավանաբար, այսպիսի տեսարան իրենցից ներկայացնում են ապոկալիպսիսից հետո կործանված քաղաքները: Եթե Կառլ Բրյուլովը «Պոմպեյի վերջին օրերից» հետո վրձներ «Պոմպեյի կործանման հաջորդ օրը», վստահաբար արտացոլելու էր նման պատկերգ

Ֆամագուստան, որը թուրքերը վերանվանել են՝ Գազիմագուստա, Կիպրոսի հնագույն քաղաքներից մեկն է, որը մինչեւ թուրքերի ներխուժումը հանդիսացել է երկրի ամենամեծ նավահանգիստն ու օդային դարպասը, արդյունաբերության, մշակութային եւ կրթական կարեւոր կենտրոններից մեկը: Այն եղել է նաեւ ամենահայաշատ քաղաքներից մեկը, որտեղից վաթսունականների սկզբներին կազմակերպվեց մասնակի ներգաղթ Հայաստան: Այսօր Ֆամագուստան մեռած քաղաք է, քաղաք-ստվեր: Այնտեղ, ինչպես պնդում են սնահավատ կիպրացիները, գիշերները ոռնում են վայրի դարձած շները եւ թափառում են թուրքերի դիակապտած մարդկանց հոգիները: Օկուպանտը միշտ էլ աշխատում է թաքցնել հանցագործության հետքերը: Ֆամագուստայի այն մասը, որը ենթարկվել է ռմբակոծության, շրջափակված է փշալարերով, իսկ ավտոմատավոր զինվորի նկարը սպառնում է` «Փակ զոնա: Լուսանկարելն արգելվում է» (նկար 1): Քաղաքային լողափի դեմ հանդիման` ասես դանակով մեջտեղից կտրած, բարձրահարկ մի շենքի կմախք է կանգնած (նկար 2): Դա նախկին «Լորդոս» հյուրանոցն է, որն առաջինն է ենթարկվել հրետանային ռմբակոծության, եւ որտեղից «մարդիկ,- ականատեսների վկայությամբ,- ցած են թափվում՝ ինչպես հասած նարինջներ»։

գ Վերջին լուսանկարները ես արեցի Կիրենեայի սահմանային կետը չհասած, որից անդին Կիպրոսի Հանրապետությունն է (նկար 3, 4): Պատկերվածը, ակամայից, հաստատում է հույն-կիպրացիների այն հայտարարությունները, թե Հյուսիսի թուրքերը մի քառասուն տարի հետ են իրենցից, այսինքն՝ այնքան տարի, որքան երկրի գրեթե կեսը բռնագրավված է նրանց կողմից:

Ես մի լավ բարեկամ ունեմ. Լիմասոլի` «Հելլենիկ» բանկի տնօրեն Անդոնիս Խարիտուն: Ամեն անգամ նա կրկնում է, որ Հյուսիսային Կիպրոսում ժամացույցի սլաքը կանգ է առել անցյալ դարի 50-ականների վրա եւ, որ այնտեղ ոչինչ չի փոխվել: Հիշեցի Անդոնիսի, հետո` Մուրացանի հայտնի խոսքերը վայրերի անփոփոխության ու անշարժության մասին, ինչը նա որակել է՝ որպես «հարազատ մասունք անփոփոխելի հավիտենականության»: Մեկ դար առաջ Չիբուխլուի մասին մեծ գրողի ասածը տառացիորեն կարելի է կրկնել Հյուսիսային Կիպրոսի պարագայում:

1974: Մութ կետեր, պատասխանի կարոտ հարցադրումներ

Եվ այսպես, իր հայրենակիցների ֆիզիկական ու իրավական իրավունքները պաշտպանելու պատրվակով թուրքական 43 հազարանոց բանակը 1974թ. հուլիսին ներխուժեց Կիպրոս ու գրավեց նրա տարածքի 40 %-ը: 200.000 հույն-կիպրացիները վտարվեցին իրենց տներից, որոնք հիմա զբաղեցնում են Անատոլիայի խորքերի եկվորները: Կատարվածը XX դարի ողբերգություններից մեկն է: Մարդկային զոհեր, ահռելի նյութական կորուստներ, տնտեսական անկում, խեղված կյանքեր ու ճակատագրեր: Անկարան զավթած տարածքները հեշտությամբ կարող էր բռնակցել Թուրքիային, եւ Կիպրոսի անվտանգության երաշխավորները` Անգլիան եւ Հունաստանը (երրորդ երաշխավորը հենց Թուրքիան էր), ինչպես օկուպացիայի ժամանակ, այնպես էլ՝ տարածքների անեքսիայի դեպքում ծպտուն անգամ չէին հանի: Սակայն դա չարեց: Թուրքերը եղել ու մնում են ճկուն եւ խորամանկ դիվանագետներ: Նրանք չմիացրին գրաված տարածքները Թուրքիային` խուսափելու համար անցանկալի քաղաքական հետեւանքներից։ Հավանաբար` այն թողել են «հետագայի համար»: Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Անկարայի կողմից: Բայց ո՞վ գիտե, թե ինչ կլինի վաղը: Ոմանք քաղաքականությունը համեմատում են կուրտիզանուհու հետ: Լավ դիվանագետները գիտեն սպասել:

գՔանի որ Հայաստանը ձեռնամուխ է եղել Թուրքիայի հետ անդրադառնալ Հայկական մեծ ցեղասպանությանը, կարեւոր չէ՝ ինչ ձեւաչափով եւ ինչ հանձնաժողովների շրջանակներում, լավ կլիներ տեսնեինք, թե ինչ մեթոդներով են աշխատում մեր հարեւանները: Եվ այսպես, 15 տարի «Մայր Թուրքիան» այստեղ անշեղորեն վարում է «էթնիկական զտման» քաղաքականություն: Միաժամանակ Անկարան, ինչպես միշտ, մանեւրում է: Հուշարձանների նկատմամբ ներխուժման վանդալիզմի առաջին ալիքին փոխարինելու է գալիս «բնական ժառանգության» խորամանկ քարոզչությունը, այսինքն, գիտցե՛ք, այստեղ կա եւ մնում է հույն-հռոմեացի-բյուզանդացի-օսմանյան թուրք քաղաքակրթությունը: Հետո, օտար, անկախ պետության տարածքների բռնազավթումը պաշտոնապես հորջորջելով «խաղաղության ակցիա», Անկարան օկուպացված մասում բացում է «Բարբարոսության թանգարան», որն այցելուին պատմում է «անմեղ թուրքերի դեմ հույների գործած գազանությունների մասին»: Իսկ Հյուսիսային Կիպրոսի օդանավակայանը կոչվում է թուրք սպա Էրճանի անունով, որն իր կյանքը տվեց հույների դեմ «թուրքական սրբազան հողը պաշտպանելիս»: Այսպես: Ոչ ավել, ոչ պակաս:

Իսկ Կիպրոսը շարունակում է մնալ բաժանված երկու մասի` նմանվելով սիրո եւ գեղեկցության անդամահատված աստվածուհի Աֆրոդիտեին` կղզու խորհրդանիշին: Եվ 74-ը դեռ պարուրված է առեղծվածային մշուշով: Ինչո՞ւ տեղի ունեցավ անցած դարի ողբերգություններից մեկը, նույն բլոկի` ՆԱՏՕ-ի անդամ երկու երկիրների` Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ: Որքանո՞վ են թուրքական ագրեսիային նպաստել հունական խունտան եւ «սեւ գնդապետները»` Կիպրոսը Հունաստանին միացնելու «Էնոսիս» կոչվող իրենց պլաններով: Ո՞վ էր Մակարիոսը: Ինչո՞ւ են Հենրի Քիսինջերին համարում կիպրական իրադարձությունների գլխավոր մեղավորներից մեկը: Ի՞նչ դեր են խաղացել ԱՄՆ-ը, Անգլիան, ԽՍՀՄ-ը եւ ՆԱՏՕ-ն այս ամենում: Դեպքերը մեզ տանում են դեպի անցյալ դարի կեսերին կապված հանգույցները, որոնք քանդելուց հետո միայն հնարավոր կլինի գտնել հարցադրումների պատասխանները: Վերքերը դեռ այսօր էլ փակված չեն: Կոնֆլիկտը մխում է եւ շարունակում է մնալ միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի ուշադրության կիզակետում: Կղզու միավորման եւ մեկ պետություն դառնալու` այդ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի պլանը, որը նրա համար «պատվի խնդիր» էր, այդպես էլ մնաց ձայն բարբառո հանապատի: Հույն-կիպրացիներն իրենց մեջ ուժ գտան դիմակայելու մեծ տերությունների ճնշումներին եւ պարտադրված պլանին, ռեֆերենդումի ճանապարհով միահամուռ ասացին՝ «օխի», այսինքն` «ոչ»: Իսկ թուրքական համայնքը, որը խիստ շահագրգռված է միացման մեջ, արտահայտվեց կողմ: Միավորման մերժումը, ինչպես նաեւ՝ Կիպրոսի, առանց թուրքական հատվածի, Եվրամիության անդամ դառնալը, միանշանակ, կարելի է համարել կիպրական դիվանագիտության փայլուն նվաճումը:

Մի հարց էլ է ինձ հետաքրքրում. ինչպե՞ս եղավ, որ Հարավի եւ Հյուսիսի միջեւ տասնամյակներով սառեցված հաղորդակցությունը վերականգնվելուց հետո, հույն-կիպրացիների եւ թուրք-կիպրացիների միջեւ տեղի չունեցավ ոչ մի բախում, ոչ մի ազգամիջյան ընդհարում, այնինչ երկու համայնքների ղեկավարներն էլ լուրջ մտավախություններ ունեին այդ հաշվով: Սա կարեւոր նշանակություն ունի ազգամիջյան կոնֆլիկտների հանգուցալուծման մեխանիզմների անատոմիան հասկանալու համար:

Եվ վերջինը: Մեր որոշ քաղաքական գործիչներ եւ վերլուծաբաններ կիպրական ու ղարաբաղյան հիմնահարցերի միջեւ զուգահեռներ են անցկացնում, անգամ գտնում են նմանություններ եւ ընդհանրություններ: Արդյո՞ք դրանք ունեն լուրջ քաղաքական հիմքեր, եւ կարո՞ղ են օգտակար լինել մեր խնդիրների լուծման գործընթացներում:

Այս ամենին կանդրադառնանք «168 Ժամ»-ի հետագա համարներում:

Հյուսիսային Կիպրոս-Լիմասոլ-Երեւան
Լուսանկարները` հեղինակի