1 քմ երազանք՝ յուրաքանչյուր հայաստանցու համար

11/11/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը շատ հետաքրքիր աշխատանքային մոտեցում ունի: Նա արխիվացնում է իր բոլոր լուսանկարները (այդպիսով` նաեւ իր տպավորությունները), իսկ հետո թույլ է տալիս, որ բոլոր հավաքված պերսոնաժներն ու կադրերը անցնեն տարիների միջով ու կրկին իր հետ սկսեն զրուցել: Նա երբեք չի շտապում, հազար ու մի անգամ այս ու այն տեսանկյունից դիտարկում է «ռակուրսը»` կարծես իր սեփական ներքին խոհերի արխիվը ստեղծելով: Զ.Խաչիկյանի այցեքարտերից մեկը մանկության պատկերներն են, որոնք նա խնամքով ու սիրով ստեղծել ու շարունակում է ստեղծել արդեն 30 տարի: Նրա ֆոտոների հերոսներից շատերն արդեն հասցրել են մեծանալ, զավակներ ունենալ, իսկ այդ հասունության ընթացքում շատ բան է փոխվել. մի ամբողջ էպոխա է փլուզվել, կենսակերպի հսկայական շերտեր են անցել պատմության գիրկը: Կենցաղն ու միջավայրը հիմա այնքան են ձեւափոխվել, որ թվում է՝ մեր հայրերն ու մեր երեխաները տարբեր մոլորակներից են: Եվ մեզանից է կախված` արդյո՞ք նրանք կկարողանան իրար հետ զրույցի բռնվել, թե՞ այնուամենայնիվ` անհայտ մոլորակներ կմնան: Թերեւս այդ հարցն է դրդել Զ.Խաչիկյանին շատ հետաքրքիր մի նախագծի սկիզբ դնել:

Մոտ ժամանակներս նա լույս կընծայի գեղեցիկ մի գիրք, որը պայմանականորեն անվանել է՝ «Մենք գալիս ենք մանկությունից»: Այդ նախագիծը հենց գիրք է, այլ ոչ թե լուսանկարչական ալբոմ, թեեւ, իհարկե, գրքի հերոսները լուսանկարներում հավերժացված մարդիկ են: Գրքի ֆորմատը լուսանկարչի համար սկզբունքային որոշում է եղել: «Ես ավելի շուտ ցանկանում էի այնպիսի գիրք անել, որը թերթելով՝ մարդիկ իրենց պատմությունը, իրենց մանկությունը վերհիշելու առիթ կունենային: Այստեղ հավաքված բոլոր ֆոտոները պարզ ու հասարակ կառուցվածք ունեն, որեւէ հանճարեղ գյուտ դրանց մեջ չեք տեսնի, բայց այդ բոլոր լուսանկարները իմ սիրելի գործերն են»,- ասում է նա։ Ալբոմը նախեւառաջ ենթադրում է ծանոթություն նյութի հետ, իսկ գիրքը հուշում է, որ կարեւորը զրույցն է: Այն զրույցը, որը մարդը վարում է իր նմանների ու ինքն իր հետ: Նման զրույցները երբեք միանգամյա օգտագործման խոհեր չեն առաջացնում, այդ զրույցները շղթայական ռեակցիա են ծնում: Ո՞վ ենք մենք եւ ո՞ւր ենք գնում. սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները մենք փորձում ենք գտնել մեր ողջ կյանքի ընթացքում: Եվ դրանց հաճախ ավելանում են նաեւ այլ հարցեր` ո՞վ էինք մենք եւ ի՞նչ դարձանք հիմա: Հենց այդ կետից սկսվում է այն պատկերային զրույցը, որը նախաձեռնել է Զավեն Խաչիկյանը:

«Մենք գալիս ենք մանկությունից» գիրքը զույգ-պատկերների համադրման սկզբունքով է կառուցված, ցանկացած լուսանկար կարծես իր «զուգընկերոջ» միջոցով է բացահայտվում: Ահա գյուղի աղբյուրի մոտ նստած է մի թախծոտ աղջիկ, իսկ նրա խոհական արտացոլումը երեւում է Ժնեւի փողոցներով քայլող կնոջ մեջ: Մեկ այլ պատկերի վրա ջրավազանում լողացող երեխաներն են, իսկ կողքին Նյու Յորքի փողոցների մի հատված է: Իրականում Զ.Խաչիկյանը շատ նուրբ ու բծախնդիր գործ է արել` գրեթե անթերի շարունակություն գտնելով իր ֆոտոները շրջանակելու համար: Նրա ստեղծած ֆոտո-կոդերը վերծանելը շատ հետաքրքիր գործ է: Գրքում չկան ճակատային զուգահեռներ, ամեն բան սիմվոլների ու ներքին, նույնիսկ կարելի է ասել` ենթագիտակցական զրույցի վրա է կառուցված: «Այլ երկրներում աշխատելու առիթներ ունենալով` ակամայից ինքս ինձ համար միշտ համադրումներ եմ անցկացրել։ Հասկացել եմ, որ իմ հերոսների հետ վարած դիալոգը կիսատ է մնացել։ Նույնիսկ անցնելով այն գյուղի կողքով, որը 20 տարի առաջ մտել եմ, հարց եմ տվել՝ իսկ որտե՞ղ են իմ նկարների հերոսները, այս համաշխարհային օվկիանոսի ո՞ր ափերում են հիմա տեղավորվել։ Միգուցե գորգագործ այն աղջիկը հիմա Փարիզի բարձր նորաձեւության տներից մեկում է աշխատում…»: Նա նշում է, որ շատ համադրումներ արվել են պատահականության սկզբունքով. «Արել եմ այնպես, ինչպես զգացել եմ։ Կյանքին նայել եմ հերոսներիս բախտի տեսանկյունից։ Չէ՞ որ յուրաքանչյուր երեխա այս աշխարհ է բերում իր ուրույն էներգետիկան, իր կոդը, իր տաղանդը: Ես փորձել եմ երեխայի աչքով տեսնել շենքերը, բակերը, ընդհանրապես աշխարհը։ Նախկին Սվերդլովի փողոցում, օրինակ, կար մի բակ, որի 1 քմ տարածքի վրա միանգամից 100 երեխա էր խաղում։ Հիմա չկան այդ շենքերը, բակերը, այդ երեխաներն էլ չկանգ»:

Ուշագրավ է, որ իրար շարունակող (կամ էլ իրար հետ բախվող) ֆոտոների մեջ հին Երեւանն` իր ջերմությամբ ու բարությամբ, ավելի է ընդգծվում, քան այսօրվա օրը: Այսօրվա մասին Զավեն Խաչիկյանը միայն ակնարկում է, նրա համար կարեւորը անցյալը հիշեցնելն է: «Միգուցե մեզ հիմա ժամանակի ու տարածության մեջ ետ գնալու ու այդ հետադարձ ճանապարհի վրա նոր բաներ հայտագործելու մղումն է պակասում։ Դա շատ գեղեցիկ ճանապարհ կարող է դառնալ, որտեղ բոլորս կգտնենք մեր մանկությունը, մեր ծնողներին։ Կարեւորը, որ ցանկանանք ետ գնալ։ Մենք՝ հայերս, շատ տարօրինակ ենք նայում մեր պատմությանը։ Կարծես մեկընդմիշտ մեզ համար կետեր ենք ամրագրել (ասենք՝ «ծովից ծով Հայաստանն» ու «Արարատ-73»-ը) ու այլ բան նկատել չենք ուզում։ Ընդամենը մի քանի փառահեղ հաղթանակներ ենք ուզում հիշել, իսկ մնացած դեպքերում՝ փախչում ենք մեր պատմությունից։ Մինչդեռ հենց հիմա մեզ՝ սեփական պատմությունը կերտելու հնարավորություն է տրված։ Ինչո՞ւ ենք մոռանում, որ «Արարատ-73»-ում փայլեցին այն տղաները, որոնք ֆուտբոլ սկսեցին խաղալ բակերում։ Բա որտե՞ղ է այսօրվա մեր բակային ֆուտբոլը։ Որտե՞ղ է բակային ընկերությունը…»,- ասում է նա:

Ավելի թարմ ֆոտոներում երեխաներ գրեթե չկան, բջջային հեռախոսներով խոսող, աննպատակ փողոցներով քայլող կամ ինտերնետի մեջ սուզված այսօրվա երեխաները չեն հայտնվում Զ.Խաչիկյանի ֆոտոխցիկի առջեւ: Նա խոստովանում է, որ այսօրվա կյանքն իրենից փոքր-ինչ հեռու է մնացել. «Թող դա էլ ուրիշները նկարեն։ Նոր երեխայի միջավայրի ձեւավորումը բոլորովին նոր հարցադրումներ պետք է բերի, քանի որ այսօրվա երեխան որոշ իմաստով հակադրվում է երեկվա երեխային։ Հիմա երեխաները նորոգված ֆուտբոլային դաշտերում ոչ թե ֆուտբոլ են խաղում, այլ բերանը ծռած են խոսում ու կռիվներ են անում։ Միգուցե միջավայրն է աղավաղված, եւ երեխան իրական միջավայրից ավելի գերադասում է վիրտուալ տարածքը։ Կամ էլ Բելգիա ու Լոս Անջելես է տեղափոխվում։ Ես չգիտեմ այդ հարցերի պատասխանները։ Պարզ է, որ ժամանակը պիտի հոսի, եւ այս դարի երեխան բոբիկ ոտքերով ասֆալտի վրա գնդակ «տշող» տղան չէ, բայց մենք գոնե պետք է իմանանք այդ տղայի գոյության մասին»։

Զավեն Խաչիկյանի բարձր գեղարվեստական որակ ունեցող եւ շատ դեպքերում` լակոնիկ կառուցված ու խորամանկ համադրված ֆոտոների միջոցով բավականին լուրջ սոցիալական խնդիր է լուծում. անցյալի էթնոգրաֆիան է ամբողջացնում: Այս գրքի թեման հենց դատարկ էջերն են, անցքերը, «սեւ խոռոչները» (զույգ-ֆոտոների արանքում գոյացած փոսերը), որոնք թույլ չեն տալիս տեսնել մեր մշակույթի նշանները: Չէ՞ որ հենց այսօր, հենց այս պահին նոր ազգագրություն է ստեղծվում: Եվ պետք չէ հեռու գնալ նոր լիցքեր ստանալու համար, բավական է պարզապես ուշադիր ու զգայուն մնալ, չբթացնել հայացքը ու մարդու մեջ մարդուն նկատել: Հաճախ լուսանկարն իրոք «բացում» է դիտողի աչքերը: Ոչ թե դեպի անիրականն է տանում, այլ` ցույց տալով վավերագիրը, կոնկրետը` ուժ է տալիս: Եվ բնավ էլ պետք չէ ոչ վաղ անցյալի պատմություններն առավել գեղեցկացնել ու սենտիմենտալության շղարշով պատել, պատմությունն ինքնին գեղեցիկ է: Այն մերն է:

Հեղինակը նշում է, որ այս գիրքը ոչ թե երեխաների, այլ նրանց ծնողների համար է, որոնք կթերթեն էջերն ու իրենց գտնելով՝ հարց կտան՝ իսկ ի՞նչ է եղել իմ միջի երեխան ու ի՞նչ է լինելու իմ երեխայի հետ։ Եվ որքան էլ ցանկանանք խուսափել այդ հարցերից ու ձեւացնել, որ պրագմատիկ դարում ու ամենաթողությունը գովերգող միջավայրում ենք ապրում, միեւնույն է, գալու է մի պահ, երբ կարոտելու ենք մեր մեջ ապրող անհոգ մանուկին ու ինքներս մեզ հարց ենք տալու` այդ ինչպե՞ս ստացվեց, որ իմ երազանքները փշրվեցին, եւ ի՞նչ պետք է անենք, որպեսզի մեր երեխաները չշտապեն խեղդել իրենց մեջ երազկոտ սկիզբը: Այստեղ կարելի է շատ ակտուալ դիտարկում անել. երազանքը միայն կոփում է երեխային, իսկ մենք թյուրիմացաբար կարծում ենք, որ երազանքը թուլության նշան է:

«Տեխնոլոգիաներով հագեցած այս դարում շատ կուզենայի հայի տեսակը ուժեղ, գրագետ ու կրթված պահպանել: Թող նա որքան կարող է իր մեջ շատ հեքիաթներ կրի ու չշտապի խմբագրել սեփական կյանքի կոդերը»,- ասում է Զ.Խաչիկյանը։

Նրա գրքի անգլերեն տարբերակը կոչվելու է «Silver line», այսինքն` արծաթե գիծ: Դա այն հազիվ նշմարելի, բարակ գիծն է, որն առաջանում է մայրամուտին ու ազդարարում է օրվա ավարտը: Որպես օրվա հուշ՝ այդ գեղեցիկ ու վաղանցիկ արծաթե հետքը կնկատվի Զավեն Խաչիկյանի ստեղծած պատկերային գրքի էջերում: Այդ գիրքը շատ երկար է ստեղծվել, տարբեր հոգեբանական ֆիլտրերի միջով է անցել, կաթիլ առ կաթիլ է հավաքվել, ստուգվել ու վերստուգվել է հեղինակի ներքին ձայնի կողմից: Եվ արդյունքում գրեթե բյուրեղային մաքրության է հասցվել: Զ.Խաչիկյանը կատակում է. «Վիլյամ Սարոյանն ասում էր, որ գիրքը պետք է արագ, համարյա թե «նոկաուտով» ստեղծվի, ցավոք սրտի, ինձ մոտ այդպես չի ստացվում»: