Քոչարյանը կմիանա Դեմիրճյանին

27/08/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Փաստորեն իրավացի էին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները,
ովքեր պնդում էին, թե «Կուսակցությունների մասին» օրենքում
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու քողի տակ իշխանությունները
ցանկանում են փակել մի շարք կուսակցություններ: Եթե մինչեւ օգոստոսի 8-ը
Հայաստանում գործում էր 128 կուսակցություն, ապա դրանց թիվն այսօր 62 է:

Իհարկե, իշխանությունները կարող են հակադարձել, թե՝ փոփոխված օրենքի
կիրառումից հետո քաղաքական դաշտից դուրս են մնացել հիմնականում մինչ օրս
աչքի չընկած կուսակցությունները, ինչպիսիք են «Հայկանդուխտ», «Հայկական
սոցիալիստական կոնգրես», «Ազգային Միաբանության ուխտ» կամ Միհրան
Մովսիսյանի գլխավորած «Աշխատանք, օրենք, միասնություն»
կուսակցությունները, որոնք իրենց գործունեության ընթացքում որեւէ խոչընդոտ
չեն հարուցել իրենց համար: Բայց այդ ցանկում են նաեւ Վիգեն Խաչատրյանի
Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն ու կառուցողական ընդդիմադիր,
«Արդարություն» դաշինքի անդամ Շավարշ Քոչարյանի ԱԺԿ-ն: Վերջիններիցս
մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց (թերեւս մեկնել են արձակուրդ),
սակայն ակնհայտ է, որ նրանց չի հաջողվել կուսակցության անդամների քանակը
համապատասխանեցնել օրենքի պահանջին (2000 անդամ եւ տարածքային
կազմակերպություններ հանրապետության բոլոր մարզերում, յուրաքանչյուրում՝
առնվազն 100 անդամ): Մի կողմ թողնենք այն, որ այսօր որեւէ մեխանիզմ չկա
ստուգելու համար՝ արժանահավա՞տ են մյուս կուսակցությունների ներկայացրած
բազմահազարանոց ցուցակները, թե՞ ոչ, բայց միանշանակ է, որ չվերագրանցված
66 կուսակցություններն անպայման առաջիկայում կմիավորվեն այս կամ այն
կուսակցության հետ՝ քաղաքականության մեջ իրենց գոյությունը պահպանելու
համար: Օրինակ, եթե այսօր դեռեւս հայտնի չէ, թե ինչ է մտադիր անել 1993թ.
ՀՌԱԿ-ից դուրս եկած ու անմիջապես Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
ստեղծած Վիգեն Խաչատրյանը, ապա Շավարշ Քոչարյանն, ըստ մեր աղբյուրների,
արդեն որոշել է իր ԱԺԿ-ով միանալ ՀԺԿ-ին, ինչի համար նա, ըստ լուրերի, մեծ
«արարողակարգ» է նախատեսել: Ասում են, որ Շ. Քոչարյանը պատրաստվում է
դիմել Եվրոդատարան եւ դատի տալ Հայաստանի Հանրապետությանը, որի գործող
իշխանությունները «Ոչ բազմակարծությանը» կարգախոսով ոչ միայն
հեռուստաընկերություն են փակում, այլեւ՝ կուսակցություններ: Նույն
աղբյուրի պնդմամբ, Շ. Քոչարյանը դա համարում է մարդու իրավունքների կոպիտ
խախտում եւ Եվրոդատարան է դիմելու Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի
պահանջով, ըստ որի՝ տարբեր մարդիկ կարող են հավաքվել ու միություններ
ստեղծել:

Իսկ այս ընթացքում քաղաքական որոշ գործիչներ որոշել են իրենց սեփական
կուսակցություններն ունենալ եւ դրան ուղղված ինչ-ինչ քայլեր ձեռնարկել:
Մեր նախորդ համարում հրապարակել էինք, որ նման մտադրություն ունի նաեւ ՀՀ
նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է
Ա. Թումանյանը ցանկանում իր կուսակցությունն ունենալ, երբ նրան սատարում է
ՀՅԴ-ն ու ինքն էլ, կարելի է ասել, իշխանական վերնախավի ազդեցիկ
գործիչներից է համարվում:

Տրամաբանորեն նրա ստեղծած կուսակցությունը պետք է հանդես գա կա՛մ
իշխանության, կա՛մ ընդդիմության դաշտում: Երկրորդ տարբերակը քիչ հավանական
է, քանի որ ինքը դեռեւս իշխանության մեջ է: Իսկ եթե նրա նորաստեղծ
կուսակցությունը համալրելու է իշխանական քաղաքական ուժերի շարքը, ապա հարց
է առաջանում` Ա. Թումանյանը դժգո՞հ է ՀՅԴ-ից, թե՞ ցանկանում է սեփական
«խաղը խաղալ» եւ 2007թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում
ԱԺ-ում սեփական խմբակցությունն ունենալ: Իհարկե, բացառված չէ նաեւ, որ Ա.
Թումանյանը ինչ-որ վտանգ է զգում նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
հեռացվելու առումով (հիշեցնենք, որ, ըստ մամուլում հայտնված
տեղեկությունների, մոտ մեկ ամիս առաջ նախագահի վերահսկողական
ծառայությունը ուսումնասիրություններ էր իրականացնում նախագահի
աշխատակազմում): Այդ դեպքում, հնարավոր է նաեւ, որ ՀՅԴ-ն այլեւս չպաշտպանի
Թումանյանին եւ կուսակցություն ստեղծելով՝ վերջինս լուծում է իր քաղաքական
ապագայի խնդիրը:

Ի դեպ, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների պահանջները
բավարարել է Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը. ըստ կուսակցության
նախագահ Դավիթ Հակոբյանի, ինքն ունի 7.700 հոգանոց «բանակ»: Իսկ
ընդհանրապես, Դ. Հակոբյանը գտնում է, որ այսօր 62 կուսակցությունն էլ է
շատ, քանի որ «ողբերգություն է, երբ դրանցից մոտ 50-ը լիբերալների
կրկնություններն են»: «Այսօր ամենաակտիվ կուսակցությունը մենք ենք,- ասում
է մարքսիստ Դ. Հակոբյանը,- Մենք ենք բարձրացրել Հայաստանի օրհներգի ու
գերբի փոփոխության անհրաժեշտության հարցը, որն այսօր քննարկվում է
նախագահի մոտ»: Դ. Հակոբյանն, ի դեպ, նշեց, որ իր տեղեկությամբ, Ռ.
Քոչարյանն այսօր քննարկում է Խորհրդային Հայաստանի օրհներգին որոշ
վերափոխումներով վերադառնալու տարբերակը, իսկ ինչ վերաբերում է գերբին,
ապա այնտեղ, ըստ Դ. Հակոբյանի, պետք է անպայման լինեն Մասիսն ու Արագածը: