Վիտամիններ

11/11/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Պատմում են, որ Հռոմը փրկել են սագերը` քաղաքի պահակախմբին զգուշացնելով թշնամու մոտենալու մասին: Իրողությո՞ւն է դա, թե՞ պատմական ավանդություն, պարզ չէ: Սակայն ստույգ հայտնի է, որ հավերը կանխեցին մարդկանց սպառնացող դժբախտությունը:

1893թ. հոլանդացի երիտասարդ բժիշկ Էլկմանը բնակություն հաստատեց Յավա կղզում, որտեղ այդ ժամանակ մոլեգնում էր բերի-բերի սարսափելի հիվանդությունը: Այն սպառնում էր մարդկանց Չինաստանում, Ճապոնիայում, Հարավային Ամերիկայում եւ Աֆրիկայի մի շարք երկրներում, մի խոսքով՝ ամենուրեք, ուր բնակչությունը բրնձով էր սնվում: Շատ դեղեր փորձեց օգտագործել Էյկմանն այդ անողոք հիվանդության դեմ, բայց ապարդյուն: Այստեղ էր, որ անսպասելիորեն օգնեցին հավերը: Մի անգամ հավաբնի կողքով անցնելիս եւ թռչուններին հետեւելով, բժիշկը գտավ հիվանդության պատճառը. հավերը սնվում էին սպիտակ բրնձից պատրաստված հիվանդանոցային ճաշերի մնացորդներով: Փորձերը ցույց տվեցին, որ բավական է բրնձին մի քիչ թեփ` հատիկների թաղանթներ ավելացնել, եւ հիվանդությունը շատ արագ բուժվում է: Իսկ թե ինչ նյութ է պարունակում բրնձի թեփը, այս հարցի պատասխանը տվեց լեհ գիտնական Ֆունկը: 1912թ. նա բրնձի թեփից ստացավ բուժիչ նյութ, որը կոչվեց վիտամին` կյանքի նյութ: Հետագայում գիտնականները վիտամիններ սկսեցին փնտրել թարմ կաղամբի, հաղարջի, կիտրոնի մեջ: Խոսքն արդեն C վիտամինի մասին էր:

Այսպես են հայտնագործվել վիտամինները` օրգանական նյութեր, որ անհրաժեշտ են կենդանիներին եւ մարդկանց՝ օրգանիզմի կենսագործունեության եւ նույնիսկ գոյության համար:

Այժմ հայտնի են բազմաթիվ վիտամիններ: Դրանք նշանակված են լատինական տառերով: Յուրաքանչյուր վիտամինի ազդեցությունն օրգանիզմի վրա առանձնահատուկ է: Ոչ բոլորին է հավանաբար հայտնի, որ վիտամինները սկսում են «փախչել» սեղանի վրայից դեռ այն ժամանակ, երբ մենք վերցնում ենք դանակը, որպեսզի կտրատենք բանջարեղենը աղցանի կամ ապուրի համար:

Վիտամինների, մասնավորապես՝ C վիտամինի քայքայումը սկսվում է դեռեւս բանջարեղենի եւ մրգերի մաքրելու կամ լվանալու ժամանակ: Այդ պատճառով պետք է հնարավորին չափ արագ լվանալ, մաքրել եւ կտրատել բանջարեղենը, ջրում երկար չպահել, իսկ մաքրելուց ու կտրատելուց հետո չթողնել բաց վիճակում: Օրինակ, եթե մաքրած կարտոֆիլը կես ժամ մնա ջրի մեջ, ապա` այն կկորցնի C վիտամինի 40 տոկոսը: Կտրատած թրթնջուկը եւ սպանախը 1 ժամում կորցնում են C վիտամինի 35 տոկոսը:

Մարդը շատ կամակոր եւ ծույլ արարած է: Չնայած, որ բոլորը խոսում են առողջ սնվելուց, միեւնույն է, մեզանից շատերը սնվում են ոտքի վրա կամ վազքի մեջ, ուտելով թխվածքաբլիթ կամ կոնֆետ, մի խոսքով` ոչ օգտակար սնունդ: Սակայն պետք է հաշվի առնել, որ սննդամթերքի խումբ կա, որն ուղղակի անհրաժեշտ է մարդուն առողջ լինելու համար: Օրինակ`խնձորը շատ անհրաժեշտ է առողջությանը: Խնձորը պարունակում է ավելի շատ վիտամին C, քան նարինջը, դեռ չենք խոսում հակաօքսիդանտների մասին, որոնք օգնում են պահպանել մարմնի երիտասարդությունը: Խորհուրդ է տրվում հատկապես երեխաներին ճաշից առաջ գոնե կես խնձոր ուտել:

Մարդու օրգանիզմին շատ անհրաժեշտ է վուշի խոտաբույսը, հատկապես այն կանանց, ովքեր հորմոնային խանգարման խնդիրներ ունեն: Օրվա մեջ ընդամենը 1 ճաշի գդալ վուշի սերմը կօգնի ոսկորների ամրանալուն: Այն նաեւ նվազեցնում է կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը: Վուշի հատիկները պետք է լավ մանրացնել, որպեսզի օրգանիզմում հեշտ յուրացվի: Խորհուրդ է տրվում դրանով համեմել աղցանները կամ սուրճի մեջ օգտագործել:

Գազարը եւս շատ օգտակար է առողջությանը: Այն պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին, որն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի: Այն հատկապես օգտակար է տեսողությանը, նվազեցնում է մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը: Խորհուրդ է տրվում գազարի պտղարմատն ուտել հում վիճակում եւ չենթարկել ոչ մի ջերմային մշակման, քանի որ վիտամինների քանակը դրանից նվազում է:

Լոլիկը նույնպես անհրաժեշտ սննդամթերք է: Այն պարունակում է լյուտեին, որն օգտակար է տեսողությանը: Բացի այդ, այն չի թողնում, որպեսզի օրգանիզմում զարգանան ուռուցքածին բջիջները: Օրվա մեջ պետք է գոնե 2 լոլիկ ուտել:

Կերակրացանկում պարտադիր օգտագործվող սննդամթերքներից պետք է լինեն սոխն ու սխտորը: Դրանք օգնում են պայքարել ցածր ճնշման դեմ։ Նրանք նույնպես պայքարում են ուռուցքածին բջիջների դեմ: Շատ երկրներում ընդունված է մրսածության ժամանակ սոխը դնել ոտքի կրունկներին եւ կապել: Ինչ խոսք, հում սոխն ավելի շատ օգտակար նյութեր է պարունակում, բայց եփելիս էլ համարյա այն չի կորցնում իր օգտակար էլեմենտները: Այն կարելի է ուտել հում, ինչպես նաեւ կերակուրների մեջ: Իհարկե, սխտորը խորհուրդ է տրվում ուտել հում վիճակում, իսկ տհաճ հոտից ազատվելու համար կարելի է սուրճի հատիկ կամ անանուխի տերեւ ծամել:

Լյարդի հիվանդություն ունեցողներին ու արտրիտով հիվանդներին խորհուրդ է տրվում ուտել ծաղկակաղամբ:

Այս ամենը չես կարող ասել սննդային E հավելումների մասին:

Այս կամ այն սննդամթերքի բաղադրության պիտակի վրայի E տառը նշանակում է, որ սննդամթերքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, իսկ թվային ինդեքսը հավելման տեսակն է: Նախկինում այդ քիմիական նյութերի անվանումները գրվում էին ամբողջությամբ, բայց տեղի սղության պատճառով փոխարինվել են տառաթվային ինդեքսով: E-կոմպոնենտներից ոչ բոլորը, բայց շատերը առողջության համար խիստ վնասակար նշանակություն ունեն: Օրինակ` E102-տարտրազինը` ներկանյութը, մեզ մոտ թույլատրվում է, բայց Եվրոպայում արգելվում է: Այն կարող է առաջացնել սննդային ալերգիա: Այս հավելումը օգտագործվում է հրուշակեղենի, պաղպաղակի, տարբեր գունավոր ըմպելիքների արտադրության մեջ: E128 կարմիր ներկանյութը Red 2G-ի հետ ուռուցքածին նշանակություն կարող է ունենալ: Այն աղացած մսամթերքին ապահովում է վարդագույն երանգ (նրբերշիկ եւ այլն): Այն համարվում է գենոթունավոր միացություն: Այսինքն՝ գեներում այն կարող է առաջացնել փոփոխություններ: Red 2G ներկանյութի բաղադրությամբ մթերքները` հատկապես էժան երշիկներն ու նրբերշիկը, կարող են առաջացնել ուռուցքային հիվանդություններ, պտղի զարգացման անոմալիաներ, բնածին ախտաբանական երեւույթներ:

E216, E217 հավելումները եւս բացասաբար են ազդում օրգանիզմի վրա: Դրանք կարող են առաջացնել սննդային թունավորումներ: Այս տեսակի հավելումներ են պարունակում միջուկով շոկոլադե սալիկները, կիսապատրաստուկները, հատկապես սուպերն ու արգանակները:

E250-նատրիումի նիտրատը, որը ներկանյութ է, թույլատրվում է օգտագործել, օրինակ, Ռուսաստանում, բայց արգելվում է Եվրոպայում: Օրգանիզմում այն առաջացնում է թթվածնային քաղց` հիպօքսիա, նվազեցնում է օրգանիզմում վիտամինների քանակը, ազդում է երեխաների նյարդային համակարգի վրա եւ կարող է պատճառ հանդիսանալ ուռուցքային հիվանդությունների առաջացման: Նատրիումի նատրիտ պարունակող մթերքներն են բեկոնը` հատկապես տապակած, նրբերշիկը, ապխտած միսը, ծխեցրած միսն ու ձուկը:

E400-499 ինդեքսով հավելումները խտանյութերն են, որ հիմնականում օգտագործվում են յոգուրտներ ու մայոնեզ պատրաստելու համար: Այն առաջացնում է մարսողական համակարգի հիվանդություններ: E հավելումների մի մեծ ցանկ կա, որ կարելի է նշել, թե ինչ քայքայիչ ազդեցություն են ունենում մեր առողջության վրա:

Գազալցված ըմպելիքներից, օրինակ` Coca-Cola ֆիրմայի արտադրանքը պարունակում է ասպարտամ E951 հավելումները, որը սինթետիկ շաքարափոխարինիչ է, որը ազդում է գլխուղեղի թաղանթի վրա: Հանրահայտ «Dirol» մաստակը պարունակում է E414 խտանյութը, որն առաջացնում է աղեստամոքսային տրակտի հիվանդություններ: Հավելանյութեր են պարունակում ալկոհոլ պարունակող էներգետիկ ըմպելիքները: «JAGUAR» ըմպելիքը պարունակում է ներկանյութ: Իսկ չիպսերի ու պաքսիմատների մասին էլ խոսք չկա: «Lays» չիպսը պարունակում է մեծ քանակությամբ խտանյութեր, իսկ «Pringles»-ը պարունակում է էմուլգատոր, այսինքն՝ այնպիսի մի նյութ, որը լուծում է իրար չլուծվող մթերքները, օրինակ` յուղն ու ջուրը: Իսկ ահա մեզ շատ հայտնի «Alpen Gold» շոկոլադե սալիկը պարունակում է արհեստական ստաբիլիզատորներ:

Իսկ ընդհանրապես բոլոր պաստեղ տեսակի ու մաստականման կոնֆետները, չուպա-չուպսերը համարվում են առողջության համար վնասակար սննդամթերք: Բացի շատ քանակությամբ շաքարից, սրանց մեջ մեծ է քիմիական հավելանյութերի տոկոսը: Չիպսերը, ինչպես եգիպտացորենի, այնպես էլ կարտոֆիլի, ոչ այլ ինչ են, քան ածխաջրի ու ճարպի խառնուրդ` պատրաստված համի փոխարինիչներով: Նույնը կարելի է ասել երեխաների այնքան սիրած «ֆրիի» մասին: Քաղցր գազալցված խմիչքները շաքարի, քիմիական նյութերի ու գազի խառնուրդ են: Օրինակ` կոկա-կոլան ժանգ ու կեղտաբծեր մաքրելու լավ միջոց է: Այնպես որ, նման հեղուկն ու վերը նշված սննդամթերքները մեր երեխաներին տալուց, ինչու չէ, նաեւ մեր օգտագործելուց առաջ, պետք է մտածել: