Կրճատումներ Adobe-ում

11/11/2009

Համակարգչային ծրագրերի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը՝ հանրահայտ Adobe ընկերությունը, մտադիր է առաջիկայում կրճատել 680 հոգու, որը նրա աշխատակազմի շուջ 9%-ն է կազմում։ «Օպտիմալացումը», նախնական տվյալներով, ընկերությանը կարժենա 65-71 միլիոն դոլար, որը կվճարվի աշխատանքից ազատվածներին՝ որպես պայմանագրերի խզման դիմաց փոխհատուցում։ Աշխատանքը կորցնելու վտանգը, սակայն, չի սպառնում Omniture ընկերության աշխատակիցներին (Adobe-ը գնել էր այս ընկերությունը 2009թ. հոկտեմբերին)։ Այս տարվա օգոստոսի դրությամբ Adobe-ն ուներ 7564 աշխատակից։ Ընկերության արտադրանքից առավել հայտնիներն են Photoshop գրաֆիկական խմբագիրը, եւ PDF ֆորմատի ֆայլերի հետ աշխատելու համար նախատեսված Acrobat-ը։