«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փոքրիկ գործակատարներ են, իսկ իրական համանախագահները հանդիսանում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները, ովքեր, շատ հնարավոր է, կարգին չգիտեն էլ, թե ինչով են Բաքու եւ Երեւան կատարած այցերի ընթացքում զբաղվում Մերզլյակովը, Ֆասյեն եւ Բրադտկեն»,- երեկ հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: «Այս եռյակը վատ չի դասավորվել: Նրանք բավական լավ աշխատավարձ են ստանում, այցելում են Բաքու եւ Երեւան, ճաշակում են ադրբեջանական եւ հայկական խոհանոցները»,- մանրամասնել է Գուլուզադեն, ում կարծիքով` այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրներն իրենց ողջ ջանքերը կենտրոնացրել են հայ-թուրքական սահմանի բացման վրա: «Այս կապակցությամբ ակտիվացել են խոսակցությունները, թե հնարավոր է Թուրքիան անդամակցի ԵԱՀԿ ՄԽ-ին: Բոլոր այս խոսակցությունները մեկ նպատակ են հետապնդում. նվազագույնի հասցնել Ադրբեջանի դժգոհությունները սահմանի բացման կապակցությամբ: Այն փաստով, որ Թուրքիան կդառնա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, փորձ է արվում Ադրբեջանին ներկայացնել որպես զգալի առաջընթաց ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման գործընթացում: Սակայն դա ծիծաղելի է: Քանի որ, եթե այն երկրները, ինչպիսին են ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, որոշակի պատճառներից ելնելով՝ չեն լուծում ղարաբաղյան հարցը, ապա Թուրքիան դա անելու որեւէ հնարավորություն չունի: Իսկ Թուրքիայի հետ սահմանը բացելու որոշումը Հայաստանի ղեկավարությունն ընդունել է ոչ իր կամքով, եւ ոչ էլ, առավել եւս, թուրքերի հանդեպ տածած մեծ սիրուց, այլ իր սեփական տնտեսական շատ լուրջ խնդիրները լուծելու անհրաժեշտությունից ելնելով»,- հայտարարել է Գուլուզադեն: