Համոզել են

09/11/2009

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել են մինչեւ նոյեմբերի վերջը երկկողմ հանդիպում անցկացնելու` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը»,- այդ մասին ասված է տարածաշրջան կատարած վերջին այցելության արդյունքների վերաբերյալ համանախագահների` նախօրեին տարածած հայտարարության մեջ: «Երկու նախագահներն էլ վերահաստատեցին քննարկումները շարունակելու իրենց պատրաստակամությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ հետագա առաջընթացի նպատակով: Նրանք ընդունեցին համանախագահների առաջարկը` կազմակերպել իրենց հերթական երկկողմ հանդիպումը, վեցերորդ նման հանդիպումը այս տարվա ընթացքում, մինչեւ նոյեմբերի վերջը»,- ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում, որի հեղինակները նշել են նաեւ, որ նախագահների առաջիկա հանդիպման վայրը եւ ժամկետը դեռ պետք է հաստատվեն: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի օրը ժամանել էին Բաքու, հաջորդ օրը` Երեւան: Նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո նրանք վերադարձել էին Բաքու, որտեղ եւս մեկ անգամ հանդիպել էին Իլհամ Ալիեւի հետ: Այցի «կարճատեւ լինելու պատճառաբանությամբ միջնորդները» Լեռնային Ղարաբաղ չէին մեկնել: