Երեկ պաշտոնապես հաստատվել է, որ Հայաստանում H1N1 վիրուսով կամ Խոզի գրիպով վարակի կասկածելի 3 դեպք է գրանցվել: Առողջապահության համակարգի ներկայացուցիչները, մասնավորապես Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության աշխատակիցները հաստատել են այդ փաստը: Բոլոր երեք դեպքերը հայտնաբերվել են «Զվարթնոց» օդանավակայանում կատարված ստուգումների արդյունքում։ Այդ վարակով կասկածվող հիվանդներից մեկը Իրանի քաղաքացի է եղել, ով ժամանել է Դնեպրոպետրովսկից: Մյուս երկուսը Երեւան են ժամանել Մոսկվայից: Իրանի քաղաքացին, ըստ պաշտոնական տվյալների, արդեն բուժվել է եւ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ մյուս երկուսը գտնվում են Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պատասխանատուները երեկ վստահեցրել են, որ նշված հիվանդների մոտ հայտնաբերվել են ընդամենը կասկածներ, որոնք պետք է հերքվեն կամ հաստատվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության` Լոնդոնում գտնվող լաբորատորիայում: «Կա կասկած, որ այնտեղ առկա է Խոզի գրիպ, բայց հասկանալի է, որ դա ընդամենը կասկած է: Այն պետք է հաստատվի տարածաշրջանային ռեֆերենտ լաբորատորիայում, որը գտնվում է Լոնդոնում: Պետք է պրեպարատները ուղարկենք այնտեղ, եւ երբ կունենանք դրական պատասխան, կանենք համապատասխան հայտարարություն»,- երեկ հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Հայկ Դարբինյանը: Ցավոք, այդ անալիզների պատասխանները կստացվեն 25 օր հետո միայն: Հ. Դարբինյանը երեկ ասել է նաեւ, որ չնայած H1N1 վարակի դեմ պատվաստանյութը Հայաստան կհասնի նոյեմբերի վերջերին, «սակայն մենք կկարողանանք պաշտպանվել, քանի որ ունենք եւ հնարավորություն, եւ մեթոդներ, եւ անհրաժեշտ քանակությամբ մահճակալներ»: «Աստված չանի, որ լինի նման բռնկում, մենք պատրաստ ենք»,- հայտարարել է նա` հորդորելով խուճապի չմատնվել, քիչ շփվել եւ պահպանել հիգիենայի կանոնները, ինչպես սովորական գրիպի ժամանակ: Այս դեպքում իսկապես խուճապի մատնվելը որեւէ օգուտ չի կարող տալ եւ անհրաժեշտ է հետեւել գոնե տարրական հիգիենայի կանոններին` հույս ունենալով, որ գոնե այս վարակը կշրջանցի Հայաստանը: