Միայն զանգվածային հանրահավաքը կփրկի

27/08/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հրապարակայնորեն միմյանց վիրավորելուց ու հերթական անգամ պառակտվելուց
հետո հայաստանյան ընդդիմադիր գործիչները հերթական «թեժ» աշնան
խոստումներով մեկնեցին հանգստանալու: Ինչպես երեւում է, մեր ընդդիմադիր
մտավորականությունն էլ, հույսը կտրած, որ հայաստանյան ընդդիմությունն ի
վիճակի է ինքնուրույն միավորվել, ու մի կողմ դնելով անձնական ամբիցիաները`
փորձում է ինքը նախաձեռնել նման միավորման ստեղծումը:

Նախորդ ամսվա վերջին հայտնի դարձավ, որ մտավորականների ընդդիմադիր
հատվածում ձեւավորված ֆորումն ընդունել է ընդդիմադիր կուսակցություններին
ուղղված կոչ-հայտարարություն, որով ընդդիմությանն առաջարկում էր ամռանը
չգնալ հանգստանալու եւ հուլիսի վերջին Երեւանում կազմակերպել
համաժողովրդական հավաք: Հայտարարությամբ ընդդիմադիր ութ
կուսակցություններ, որոնց թվում են «Հանրապետությունը», «Ժառանգությունը»,
ՀԺԿ-ն, «Նոր ժամանակները», Ազատական առաջադիմական կուսակցությունը,
հրավիրվել են Կլոր սեղանի` հետագա անելիքների ծրագիր ընդունելու համար:
Կլոր սեղանին մասնակցելու հրավեր չի ուղարկվել Արտաշես Գեղամյանի
ղեկավարած «Ազգային Միաբանություն» կուսակցությանը, քանի որ, ինչպես նշեց
մտավորականների ֆորումի անդամ Ազատ Սարգսյանը, այդ կուսակցությունը
նախկինում ոչ մի անգամ չի արձագանքել իրենց նմանատիպ հրավերներին:
Մտավորականների ֆորումի ավագանու անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի
փոխանցմամբ` հրավեր չի ուղարկվել նաեւ ՀՀՇ-ին` նկատի ունենալով այն, որ
վերջինս «սկիզբ դրեց ալան-թալանին, ռեկետին» ու այլ ոչ խրախուսելի
երեւույթներին: Ռ. Ղազարյանի խոսքերով` հավաքի նպատակը Ռոբերտ Քոչարյանին
իշխանությունից հեռացնելն ու համակարգային փոփոխություններ իրականացնելն
է: «Մենք կոչ ենք արել բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբվել այս հարցի
շուրջ: Մենք չենք բացառել նաեւ իշխանամետ կուսակցությունների
մասնակցությունը, եթե նրանք ցանկանան միանալ»,- ասում է պրն Ղազարյանը:
Իսկ Քոչարյանին նրանք ուզում են հեռացնել իշխանությունից, որովհետեւ,
ինչպես նշեց պրն Ղազարյանը, Քոչարյանը խորացրեց ավտորիտարիզմը, արդեն
դրսեւորում է բռնապետական հակումներ, Հայաստանը տանուլ է տալիս Արցախի
հարցում, սխալ արտաքին քաղաքականություն է վարում, կոռուպցիան շատանում է
եւ այլն: Բայց չէ՞ որ վերոնշյալ պատճառների մասին հենց այդ նույն
մտավորականները վաղուց են խոսում: Ինչո՞ւ հենց հիմա որոշեցին նման
նախաձեռնությամբ հանդես գալ: Ինչո՞ւ են կարծում, որ այս անգամ իրենց եւ
ընդդիմության համատեղ ջանքերով կհաջողվի երկրում հեղափոխություն
իրականացնել: «Մենք հիմա ավելի մեծ հույսեր ենք կապում, որովհետեւ
իշխանությունները հիմա ստիպված են ընդունել սահմանադրական
փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները,
որոնք կբարդացնեն Քոչարյանի կողմից ուժային եղանակների կիրառման
հնարավորությունները»,- ասում է ակադեմիկոս Ռ. Ղազարյանը: Բայց այդ
դեպքում ի՞նչը պետք է խանգարի, իրենց խոսքերով` բռնապետական հակումներ
դրսեւորող Ռոբերտ Քոչարյանին, խախտել այդ «լավ» Սահմանադրության
պահանջները: Պարզվում է` այստեղ էլ մեր մտավորականների հույսը
եվրոպացիների վրա է: «Նրանք այստեղ գրասենյակ ունեն, աշնանն այդ նախագիծը
պետք է ներկայացվի Եվրախորհուրդ եւ այստեղի նրանց դիտորդները կասեն, որ
ընդունված կետերն արդեն խախտվել են եւ չեն կիրառվում, ու դա կբարդացնի մեր
վիճակը Եվրախորհրդում»,- համոզված է պրն Ղազարյանը: Սահմանադրական
փոփոխությունների քննարկումներին մասնակցել-չմասնակցելու հարցում Ռ.
Ղազարյանը կիսում է «Հանրապետություն» կուսակցության կարծիքը եւ գտնում է,
որ օգոստոսի 29-ին չպետք է գնալ ԱԺ, թեեւ Վենետիկի հանձնաժողովը եւ
Եվրախորհուրդն ընդդիմությանը կոչ են անում մասնակցել այդ քննարկումներին:
«Ո՛չ Ռ. Քոչարյանը, ո՛չ ԱԺ-ն լեգիտիմ չեն: Եվ ոչ լեգիտիմ իշխանությունների
հետ քննարկել սահմանադրական փոփոխությունների, երկրի ապագայի հարցերը, մի
քիչ անտրամաբանական է»,- պնդում է պրն Ղազարյանը եւ առաջարկում նախ փոխել
այս իշխանություններին, հետո նոր բարեփոխել Սահմանադրությունը: Սակայն Ռ.
Ղազարյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը
բոյկոտելով հանդերձ, պետք է ժողովրդին կոչ անել հանրաքվեի ժամանակ «այո»
ասել ներկայացված նախագծին` եւ դրա ընդունումով բարդացնել
իշխանությունների վիճակը: Մտավորականներն ընդդիմադիր կուսակցություններին
կոչ են անում համախմբվել եւ հնարավորինս զանգվածային հանրահավաք
կազմակերպել: Առաջարկ կա հենց հանրահավաքի ժամանակ ընտրել բարձրագույն
խորհրդի նման մի բան, որը պետք է արտահայտի ժողովրդի եւ
կուսակցությունների կարծիքը, սակայն առայժմ խոսքը գնում է միայն
զանգվածային հանրահավաք կազմակերպելու մասին: Լավ, իսկ ինչո՞ւ
նախաձեռնությունը նախապես որոշված ժամկետներում չի իրականանում: Ինչո՞ւ է
հայտարարությունում նշված «հուլիսի վերջն» այդքան ձգձգվում, եւ ե՞րբ է
հրավիրվելու այդ Կլոր սեղանը: Ռ. Ղազարյանը վստահեցնում է, որ Կլոր սեղանը
կհրավիրվի աշնանից ոչ ուշ: Իսկ ահա մտավորականների ֆորումի անդամ Ա.
Սարգսյանի խոսքերով` հավաքը կկայանա արդեն այս շաբաթ, իսկ ուշացման
պատճառն, ըստ նրա, այն է, որ մի քանի կուսակցություններ դեռեւս չեն
արձագանքել իրենց հրավերին: Ռ. Ղազարյանի հավաստմամբ էլ՝ հրավերին
չարձագանքածների թվում է Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգությունը»:
ՀԺԿ-ն էլ, ընդունելով Կլոր սեղանին մասնակցելու մտավորականների ֆորումի
ավագանու հրավերը, նշել է, որ նպատակահարմար է գտնում նաեւ «Արդարություն»
դաշինքի մյուս բոլոր կուսակցությունների մասնակցությունը: Ռ. Ղազարյանն
ասաց նաեւ, որ իրենց հրավերն ընդունած կուսակցությունները, առանց որեւէ
նախապայմանի, պատրաստակամություն են հայտնել գործել որպես մի
միասնություն: Նա նշեց նաեւ, որ իր վրա իշխանությունների կողմից որեւէ
ճնշում մինչ օրս չի զգացել: