Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 17-րդ նիստը: Մինչ այդ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն առանձնազրույց են ունեցել: Նիստում կարեւորվել է տրանսպորտային, հատկապես երկաթուղային բեռնափոխադրումների դերն ու նշանակությունը շրջափակման մեջ գտնվող ՀՀ տնտեսության համար: ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարտավոր է կիրառել կոնցեսիոն պայմանագրում նշված ներդրումային ու գնային քաղաքականությանը վերաբերող յուրաքանչյուր կետի պահանջ: Նա վտանգավոր է համարել բեռնափոխադրումներին առնչվող բյուրոկրատական քաշքշուկները, համակարգի մոնոպոլիզացման բացասական հետեւանքները, ազատ եւ չհիմնավորված գնային քաղաքականությունը: Հարավկովկասյան երկաթգծի գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլինն աշխանքների դանդաղումը պայմանավորել է ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններով, որոնց պատճառով նվազել է բեռնափոխադրումների ծավալը, իսկ ընկերությունն աշխատում է վնասով: Ըստ նրա` կոնցեսիոն պայմանագիրը հնարավորություն է տալիս, որ իրենք վարեն ճկուն գնային քաղաքականություն` բացառությամբ ստրատեգիական նշանակություն ունեցող բեռնափոխադրումների, որոնք կազմում են ընդհանուր բեռնափոխադրումների ծավալի 60%-ը: Քննարկվել է նաեւ իրանական ու թուրքական երկաթուղուն միանալու եւ ապրանքափոխադրումների ծավալները մեծացնելու, դրանք ավելի արդյունավետ դարձնելու հեռանկարները, Աբխազիայով Ռուսաստան-Հայաստան երկաթուղային կապի վերականգնմանը, կոնցեսիոն գործունեությունն ապահովող օրենքների ընդունմանն առնչվող հարցեր: