Եթե…, ապա

09/11/2009

Հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի համար, քանի որ այդ դեպքում առնվազն 30 տոկոսով կկրճատվեն տրանսպորտային ծախսերը դեպի Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք: Երեկ «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը: «Դա էապես կբարելավի իրավիճակը` նաեւ խախտելով այն մենաշնորհը վրացական տարածքի, որ այսօր կա, եւ բավականին բարձր գները: Միայն հարցը նրանում է, թե ինչպես կբացվի այդ սահմանը. արդյոք կբացվի ազատ եւ ավելի տրամաբանական տրանզիտի սակագներով, թե կլինեն քաշքշուկներ, ինչպիսին կլինի տրանզիտային ծախսերը, կլինեն քաշքշուկներ մաքսային ձեւակերպումներում, թե ոչ»,- ասել է նա:

Լ Բարխուդարյանը չի կիսում այն մտավախությունները, թե սահմանի բացմամբ թուրքական ապրանքը կներխուժի հայկական շուկա եւ կհարվածի տեղական արտադրողներին: Ըստ նրա՝ այսօր սահմանին ավելացված արժեքի հարկի գանձման ռեժիմը պահպանում է մեր շուկան: Նրա խոսքերով, եթե մաքսային ծառայությունը հստակ գանձի այդ հարկերը, մյուս կողմից` մեր արտադրողները ավելի մրցակցային միջավայրում աշխատեն, վտանգ չի լինի, որ մենք դրանից կտուժենք: «Ընդհակառակը: Դա կմեծացնի նաեւ մրցակցությունը: Էական հարցը այստեղ այն է, մոնոպոլիաները կվերանա՞ն, թե՞ ոչ: Եթե ոչ, էֆեկտը շատ ավելի փոքր կլինի: Իշխանության քաղաքական կամքից է կախված այն, որ կտարվի հետագայում»,- ասել է Ֆինանսների նախկին նախարարը: Ի պատասխան հարցին` փակ սահմա՞նն է խանգարում, որ մեր իշխանությունները քաղաքական կամք ունենան, Լեւոն Բարխուդարյանը պատասխանել է. «Իհարկե ոչ, բայց սահմանի բացումը եւ դրա էֆեկտը մեծ չափով կապված է, թե մրցակցային միջավայրը ինչքանով ավելի կզարգանա, մասսայականորեն բիզնեսը դրանից կկարողանա՞ օգտվել, թե՞ ոչ: Եթե մրցակցային միջավայրը լինի ինչպես մեր օրենքներում է, իհարկե, մենք շատ կշահենք: Եթե պիտի խորացվի մենաշնորհային դիրքերը, իհարկե, չենք շահի»: