Անիմաստ նոր կառույցի ստեղծում

09/11/2009

2010թ. պետական բյուջեով մշակույթի ոլորտին տրամադրվելու է 8 մլրդ դրամ, այդ գումարը 4%-ով ավելի քիչ է, քան եղել է նախորդ տարի: Եվ դա այն դեպքում, երբ մշակութային ոլորտին հատկացվող գումարները ավելանալու միտում ունեին։ Հաջորդ տարի ճգնաժամային ռեժիմը ստիպելու է փոքր-ինչ ավելի «ձգել գոտիները», բայց ոչ այնքան, որ շնչելը բարդ լինի։ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանգստացրել է հանրությանը՝ ասելով, որ գումարի նվազեցումը ոչ մի կերպ չի անդրադառնա իրենց ծրագրերի վրա, քանի որ նախարարությունը պատրաստվում է շարունակել հստակ ուղղվածությամբ աշխատել եւ իրականացնել իրենց նախատեսած միջոցառումները: Պետական բոլոր թատրոնները բյուջեի կրճատումից չեն տուժի, գումարի պակաս չի նկատվի նաեւ գրահրատարակչական պատվերներում ու կինոյի բնագավառում։ Ըստ Հ.Պողոսյանի` ժամանակավորապես կդադարեցվի համերգասրահների տեխնիկական վերազինումը եւ պատմամշակութային ժառանգության վերականգնողական աշխատանքները (մոտ 30%-ով նվազել է հուշարձանների վերականգնման ծավալը): Նա նշել է, որ այժմ առավել կարեւորում է հուշարձանների վիճակի ուսումնասիրությունը, որպեսզի հստակ լինի, թե ինչ խնդիրներ կան, եւ ինչպիսի նախագծերով կարելի է բարելավել մեր հնամյա քարակերտ ժառանգությունը։ «Փորձը ցույց է տալիս, որ հիմնական խնդիրները ծագում են նախագծման աշխատանքներում, երբ վատ է հետազոտվում խնդիրը»,- նկատել է նա։ Երբ վատ ես նախագծում, վատ էլ վերականգնում ես։ Այդ պատճառով էլ, նախարարությունը որոշել է համատեղել նախագծումն ու վերականգնողական աշխատանքների իրագործումը՝ նախարարության կազմում ստեղծելով նոր մի կառույց, որն էլ կիրականացնի բոլոր նշված աշխատանքները։ Անհասկանալի է, թե ինչ նպատակով են ուզում բացել լրացուցիչ այս կառույցը, այն դեպքում, երբ նախարարության վարչություններից մեկը կոնկրետ զբաղվում է հուշարձանների (պահպանության եւ այլ) հարցերով: Ավելին, երբ ՀՀ-ում բազմաթիվ ինստիտուտներ` լավագույն մասնագետներով հանդերձ, զբաղվում են պատմական-մշակութային հուշարձանների ուսումնասիրություններով, պահպանման եւ վերականգնման խնդիրներով:

Նշենք նաեւ, որ ըստ Հ. Պողոսյանի՝ 2010թ. կպահպանվի նաեւ հայկական պատվիրակությունների՝ արտասահմանյան միջոցառումներին մասնակցելու այն ծավալը, որոնք իրենք նախապես մշակել էին։ «Այնպես որ, ցնցումներ չեն լինի»,- վստահեցրել է Հ.Պողոսյանը։