Բողոքարկում են՝ վստահ լինելով, որ մերժվելու են

09/11/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի լիազոր- ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը երեկ դիմել է ՀՀ վարչական դատարան ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի բաժանմունքի գրությունը չեղյալ հայտարարելու պահանջով: Հիշեցնենք, որ սույն մարմինը մերժել էր Ն.Փաշինյանին տրամադրել վերջին 5 տարում Հայաստանում մշտական բնակվելու մասին տեղեկանք: Որպես «հիմնավորում»՝ նշվել էր, թե վերջինս 2008թ. փետրվարի 26-ից մինչեւ 2009թ. հուլիսի 7-ը գտնվել է հետախուզման մեջ եւ Հայաստանում չի բնակվել, այն դեպքում, երբ Ն.Փաշինյանը նույնիսկ մարտի 1-ին մինչեւ ուշ երեկոյան եղել է Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում: Իսկ Դատախազություն է ներկայացել ոչ թե հուլիսի 7-ին, այլ դրանից մեկ շաբաթ առաջ` հուլիսի 1-ին: Բացի այդ, իրավապահ մարմինները դեռ չեն պարզել, թե հետախուզման մեջ գտնվելու ընթացքում նա իսկապե՞ս Հայաստանում չի եղել: Այնպես որ, Անձնագրերի եւ վիզաների վարչության մերժումը շատ անհեթեթ էր, բայց առանց այդ տեղեկանքի էլ ընտրական հանձնաժողովը թիվ 10 ընտրատարածքում Փաշինյանին որպես պատգամավորի թեկնածու չի գրանցի: Եվ երեկ Փաշինյանի լիազոր-ներկայացուցիչը Ոստիկանության այդ գրությունը բողոքարկել է վարչական դատարանում:

«Դատարանի ուժով կփորձենք վերացնել այդ գրությունը: Ուզում ենք, որ դատարանը Ոստիկանությանը պարտադրի տալ համապատասխան տեղեկանքը»,- ասում է Դ.Մաթեւոսյանը:

Իսկապե՞ս Մարտի 1-ի գործով այսքան ապօրինի դատավարություններից հետո հույս ունեն «դատարանի ուժով» ստանալ այդ տեղեկանքը: Հատկապես, երբ հիմա ընթանում է Ն.Փաշինյանի դատավարությունը, եւ դատարանն ակնհայտ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում: «Ոչ, իրականում լինելու է այն, ինչ մենք հանդիպել ենք ետմարտիմեկյան բոլոր գործերի դեպքում: Դատարանը որպես անկախ ինքնուրույն մարմին չի գործելու նաեւ այս դեպքում եւ կատարելու է այն, ինչ պարտադրելու է ռեժիմը: Մերժում ստանալու դեպքում դիմելու ենք վճռաբեկ, հետո` Եվրոպական դատարան: Նաեւ այս ընթացքում դիմելու ենք միջազգային կազմակերպություններին` ակնկալելով նրանց միջամտությունը»,- ասում է Դ.Մաթեւոսյանը:

Ի սկզբանե ենթադրելի էր, որ իշխանությունները թույլ չեն տա կամ կխոչընդոտեն Ն.Փաշինյանի առաջադրմանը: Արդյո՞ք ճիշտ չէր լինի, որ ՀԱԿ-ը թիվ 10 ընտրատարածքում առաջադրելու համար նախատեսեր եւս մի թեկնածու: «Ըստ էության Կոնգրեսն այս խամաճիկ պառլամենտում որեւէ տեղի խնդիր չի լուծում, ընդամենը սա քաղաքական գործընթաց է եւ քաղբանտարկյալներին օգտակար լինելու խնդիր է»,- ասաց Դ.Մաթեւոսյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ Ն.Փաշինյանի առաջադրվելը, այս ընտրատարածքում առաջադրվելու մտադրության մասին հայտարարել էր Կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: ՀԱԿ-ը, սակայն, հայտարարել էր, թե մտադիր չէ պաշտպանել Ս.Սուրենյանցի թեկնածությունը: Հիմա ավելի հավանական է, որ դատարանը կմերժի Ոստիկանությանը պարտադրել Ն.Փաշինյանին 5 տարվա բնակության տեղեկանք տալ: Արդյո՞ք ՀԱԿ-ը կպաշտպանի որեւէ այլ թեկնածուի: Թեկուզ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին, ով հայտարարել էր, թե քարոզարշավի ժամանակ համագործակցելու է Ն.Փաշինյանի հետ եւ օգնելու է նրան: «Բացառվում է, մենք բացատրել ենք, թե ինչ պատճառներով ենք Ն.Փաշինյանի թեկնածությունը պաշտպանում: Նա միակ քաղբանտարկյալն էր, ով ըստ գործող օրենքի՝ առաջադրվելու իրավունք ուներ: Մենք բացատրել ենք, որ ԱԺ ընտրություններին չենք ցանկանում մասնակցել, այս ընտրությունները մեզ հետաքրքրում են ընդամենը որպես քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքների վերականգնման գործիք: Իսկ այս բողոքարկման դեպքում էլ այս իշխանություններից օրինական գործունեության ոչ մի ակնկալիք չունենք: Բայց դա չի նշանակում, որ մենք մեր քայլերը չպետք է անենք եւ չպետք է մինչեւ վերջ պայքարենք` օգտագործելով սահմանադրական բոլոր միջոցները»,- իր հերթին ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Մինչդեռ Ս.Սուրենյանցը, ով Ն.Փաշինյանի առաջադրման մասին հայտարարությունից հետո հրաժարվեց այդ մտադրությունից, կարծում է, որ ՀԱԿ-ն անպայման պետք է մասնակցեր այս ընտրություններին եւ ընտրեր ավելի ճկուն մարտավարություն: «Ցավոք սրտի, այդ ճկունությունը Կոնգրեսի ղեկավարության մոտ բացակայել է: Ես վարվել եմ շատ ճիշտ, որովհետեւ անկախ այն հանգամանքից` Ն.Փաշինյանին կգրանցեի՞ն, թե՞ ոչ, քաղկալանավոր յուրաքանչյուր ընկերոջ դիրքորոշման հետ ես հաշվի եմ նստում: Կոնգրեսի ղեկավարությունը պետք է, ինչու չէ, մի քանի թեկնածուներ առաջադրեր իշխանության փակուղային վիճակն ամրագրելու համար: Շատ սխալ է անում, որ չի մասնակցում, որովհետեւ քաղաքական կյանքում փոփոխություններ անելու այլ մեխանիզմ չկա: Կամ պիտի հեղափոխություն աներ, ինչի հնարավորություններն այսօր չկան, կամ պիտի ընտրություններին մասնակցեր, փորձեր այդ ճանապարհով հասնել որոշակի արդյունքի: Հեղափոխական ճանապարհը մենք ըստ էության մերժել ենք, եթե մերժում ենք նաեւ ընտրությունների ճանապարհը, դա արդեն քաղաքական ինքնամեկուսացման բանաձեւն է: Եվ ես չեմ կարծում, որ ընտրություններին մասնակցելը պիտի պայմանավորել մարդկանց կարգավիճակով: Կամ մասնակցում ես ընտրություններին քո ունեցած կադրային ռեսուրսով, անկախ այն հանգամանքից, թե քո թեկնածուն քաղբանտարկյալ է, կամ չես մասնակցում»,- մեզ հետ զրույցում ասաց Ս.Սուրենյանցը:

Ս.Սուրենյանցը կարծում է, որ այսուհետ Ն.Փաշինյանին օգնել ցանկացող Հ.Հովհաննիսյանն ինքը պետք է հրաժարվի ընտրություններին մասնակցելուց, «որովհետեւ խախտվել է ազատ մրցակցության սկզբունքը»: «Այլ խնդիր է, որ ի սկզբանե մի քանի թեկնածուներ են առաջադրվում, եւ իշխանությանը մանեւրելու հնարավորություն չի տրվում: Բայց քանի որ Կոնգրեսն այդ ճանապարհով չի գնացել, հիմա չի կարող իր անդամներից որեւէ մեկի ոտնահարված իրավունքները վերականգնել մեկ այլ թեկնածուի պաշտպանելով»,- ասում է Ս.Սուրենյանցը:

Հ.Գ.
Ն.Փաշինյանին բնակության վայրի մասին տեղեկանք չտրամադրելու վերաբերյալ երեկ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ: «Ակնհայտ է, որ տվյալ դեպքում Ոստիկանությունը կատարել է վարչախմբի հերթական քաղաքական պատվերը՝ թույլ չտալու համար Ն.Փաշինյանին օգտվելու որպես պատգամավորության թեկնածու գրանցվելու իր սահմանադրական իրավունքից։ Իր հերթին, Սահմանադրության եւ օրենքի այսօրինակ կոպիտ խախտումը ցայտուն մի վկայություն է վարչախմբի թուլության ու վախի, ինչը նա ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել։ Համոզված, որ թափուր մնացած թիվ 10 ընտրատարածքում Ն.Փաշինյանի հաղթանակը անխուսափելի է լինելու, իշխանությունը որոշել է պարզապես նրան չտրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ Ոստիկանության աշխատողներից եւս մի քանիսին օրինախախտ ու հանցագործ դարձնելու ճանապարհով։ ՀԱԿ-ը հայտարարում է, որ հետամուտ է լինելու քաղբանտարկյալ Ն.Փաշինյանի իրավունքների վերականգնմանը։ Որպես առաջին քայլ՝ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների բաժանմունքի մերժումը բողոքարկվելու է Վարչական դատարանում»,- նշված է հայտարարության մեջ։