ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Ալաադին Բյույուքայան հայտարարել է, թե ԵԱՀԿ ղեկավարությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները սկզբունքորեն դեմ չեն Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցությանը: «Հարցի դրական լուծման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի համաձայնությունը: Ադրբեջանը համաձայն է: Մինչեւ վերջերս Հայաստանը միանշանակ դեմ էր արտահայտվում Թուրքիայի ներգրավմանը Մինսկի խմբում, սակայն Երեւանի դիրքորոշման մեջ արդեն որոշակի մեղմացում է նկատվում»,- ասել է թուրք պատգամավորը: Նա նաեւ նշել է, թե ՀՀ-ում հրաշալի հասկանում են, «որ չնայած ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ճնշումներին, Թուրքիան Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» հարցում չի գնա զիջումների»: Սակայն Բյույուքայայի ամենաուշագրավ հայտարարությունն այն է, ըստ որի՝ «Հայաստանը ոչ պաշտոնապես համաձայնվել է գնալ հողային զիջումների»: «Հենվելով անդրկուլիսային տեղեկությունների եւ ԵԱՀԿ ներսում տիրող ընդհանուր տրամադրությունների վրա, կարող եմ ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կան որոշակի ձեռքբերումներ: Հայաստանը ոչ պաշտոնապես համաձայնվել է դուրս գալ տարածքներից: Մնում է, որ նա պաշտոնապես ընդունի դա»,- ասել է Բյույուքայան։ Ի պատասխան այս հայտարարությունների, ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը երեկ ասել է, թե ազատագրված տարածքներից դուրս գալու մասին հայտարարություններն աբսուրդ են: «Մենք արդեն ասել ենք, որ Մինսկի խմբի շրջանակներում քննարկվում է կարգավիճակի հարցը: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի անդամակցությանը, ապա թուրքական պատվիրակության ղեկավարը պետք է իմանար, որ Թուրքիան 1992-ից Մինսկի խմբի անդամ է, բայց եւս մեկ անգամ հաստատում ենք, որ Թուրքիայի հետ մենք ղարաբաղյան հարցը չենք քննարկում»: Իսկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Բյույուքայայի հայտարարությունը որակել է որպես «թուրք պատգամավորի հիվանդ երեւակայության արդյունք»: «Ես այս հայտարարությունը կորակեմ որպես կարկառուն տգիտություն եւ հիմարություն, որովհետեւ ՀՀ իշխանությունները չե՛ն կարող նման դիրքորոշում ունենալ: Մեր իշխանությունների դիրքորոշումը շատ հստակ է. այս խնդրում մենք դեմ ենք Թուրքիայի միջնորդ լինելուն երկու պատճառով: Առաջինը` Թուրքիան ի սկզբանե ղարաբաղաադրբեջանական հակամարտության ժամանակ ունեցել է կանխակալ մոտեցում, օգնել է Ադրբեջանին եւ ունի միակողմանի հստակ դիրքորոշում: Եվ երկրորդ` կա եւ՛ Մայնդորֆյան հռչակագիր, եւ՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու համանախագահ երկրների նախարարների հայտարարությունը, որտեղ հստակ նշվում է, որ խնդիրը պետք է ունենա խաղաղ եւ քաղաքական լուծում Մինսկի խմբի համանախագահների շրջանակում: Թող Թուրքիան իզուր նմանատիպ հույսեր չփայփայի»,- ասել է Շարմազանովը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավարի այն հայտարարությանը, թե հայկական կողմը պատրաստ է հողային զիջման, Է. Շարմազանովն ասել է. «Մեր կարծիքը շատ հստակ է` գլխավոր խնդիրը ԼՂ-ի կարգավիճակի հարցն է, եւ ԼՂ-ն չի՛ կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր: ԼՂ-ն չի՛ լինելու Ադրբեջանի կազմում: Թող իրենք դա մոռանան: ԼՂ-ն փաստացի անկախ ժողովրդավարական երկիր է` ավելի ժողովրդավարական, քան նույն Ադրբեջանը»: Նկատենք, որ տվյալ դեպքում խոսքը ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման մասին է, ինչը Շարմազանովն, ըստ էության, չի հերքել: