Ադրբեջանական ԶԼՄ-ները` մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանի համար առաջնային է համարվում ԼՂՀ-ի անվտանգությունը եւ կարգավիճակը, իսկ անվտանգությունը նշանակում է ցամաքային կապ ՀՀ-ի հետ», գրել են, որ միշտ էլ, նաեւ Ադրբեջանի կազմում գտնվելու ժամանակահատվածում, Լեռնային Ղարաբաղը ՀՀ-ի հետ ունեցել է ցամաքային կապ: «Լաչինը իրենից միշտ էլ ներկայացրել է ցամաք»,- հեգնել է ադրբեջանցի քաղաքագետներից մեկը եւ շարունակել, որ խնդիրն այլ է, երբ խոսքը գնում է ՀՀ-i հետ սահմանի մասին: Ըստ մեկնաբանի` Հայաստանը Լաչինի տարածքի դիմաց պետք է զիջի դրան համարժեք շրջան, ասենք՝ Մեղրին: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը դեռ Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծումից հետո այս առիթով բազմիցս հայտնել էր իր մտահոգությունը` նշելով, որ «Մադրիդյան սկզբունքներով հարցի կարգավորումը հանգեցնելու է նրան, որ հետագայում կդրվի Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հարցը, եւ հայկական կողմը կանգնելու է կամ Ղարաբաղը, կամ Մեղրին կորցնելու փաստի առջեւ»: Երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ՊՆ նախկին նախարարն ասել է. «Եթե խոսքը գնում է 7 շրջանի վերադարձի մասին, որի դիմաց լավագույն դեպքում Ադրբեջանը կհամաձայնի Ղարաբաղի անկախությանը, Ղարաբաղը ունենալու է անկլավի կարգավիճակ: Եվ երբ խոսում են Հայաստանի հետ կապի մասին, ապա դա նշանակում է, որ, այո, դրվելու է Մեղրիի հարցը: Ինչ կարգավիճակով ՀՀ-ն կպահանջի Լաչինը, նույն կարգավիճակով Ադրբեջանը կպահանջի Նախիջեւանի հետ կապ` Մեղրիի տարածքով»: Վ. Հարությունյանը, սակայն, շեշտել է մի տարբերություն, որ կա Մեղրիի ու Լաչինի միջեւ: «Նախիջեւանը անկլավ չի, իսկ եթե Ղարաբաղը չունենա սահման ՀՀ-ի հետ, դա կբերի Ղարաբաղի հայաթափմանը, հետեւաբար, այսօր խոսել Մադրիդյան սկզբունքներով հարցի կարգավորման մասին` անթույլատրելի է»: ՊՆ նախկին նախարարը նշել է, որ Մեղրիի տարբերակով հարցի լուծումը բխում է նաեւ Թուրքիայի շահերից, որով նրանք ստանում են ցամաքային կապ Ադրբեջանի եւ Միջին Ասիայի հետ, ինչը տեղավորվում է նրանց ռազմավարական նպատակների մեջ: