Բուդապեշտ-Կալինինգրադ

09/11/2009

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով մեկնել էր Հունգարիայի Հանրապետություն: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ԱԺ-ի հայ-հունգարական բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը, պաշտոնատար այլ անձինք: Երեկ Հունգարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ս. Սարգսյանի եւ այդ երկրի նախագահ Լասլո Շոլոմի առանձնազրույցը: Ս. Սարգսյանը նաեւ հանդիպում է ունեցել Հունգարիայի Խորհրդարանի նախագահ Բելա Կատոնայի, Կարդինալ Պետեր Էրդոյի եւ Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնայի հետ: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը` Հունգարիայի Հանրապետության նախագահ Լասլո Շոյոմին, պետական այցով հյուրընկալելու համար: «Օգտվելով առիթից` ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել հունգարական արդարադատությանը, Բուդապեշտում հայ սպայի` Գուրգեն Մարգարյանի սպանության գործում ցուցաբերած աներկբա եւ արդարացի կեցվածքի համար: Այն ժամանակ ես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն էի, եւ այդ զազրելի ոճրագործությունը մինչեւ հոգու խորքը ցնցել էր ինձ. համոզված եմ` նաեւ յուրաքանչյուր նորմալ մարդու ողջ աշխարհում: Ցավալի է եւ ողբերգական, որ նման նողկալի ոճիրը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես հերոսություն: Վստահ եմ, որ եթե չլիներ հունգարական արդարադատության նման հստակ որոշումը, այդօրինակ ոճրագործությունները շարունակություն կգտնեին նաեւ այլ պետություններում»,- ասել է Ս. Սարգսյանը` Հունգարիայի նախագահին հրավիրելով Հայաստան: Լասլո Շոյոմն ընդունել է հրավերը: Նշենք, որ Ս. Սարգսյանը Բուդապեշտից ուղեւորվել է Կալինինգրադ: