Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ Կենտրոնական բանկում ասուլիս էր հրավիրվել` նվիրված Ֆինանսական դիտարկումների կենտրոնի գործունեությանը։
Ասուլիսը հրավիրվել էր հիմնականում մեկ նպատակով՝ հպարտությամբ հայտարարել, որ միջազգային կառույցները Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարի ասպարեզում առաջընթաց են արձանագրել, որ մենք Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ-ի անդամ 25 երկրների շարքում զբաղեցնում ենք 10-րդ տեղը, եւ որ մեզանից հետ են մնում Ռուսաստանը, Չեխիան, Ռումինիան, Ուկրաինան, Վրաստանն ու Ադրբեջանը։
Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ՝ տրամադրված տեղեկատվությունը՝ թե 4 տարում Հայաստանում բացահայտվել է ընդամենը 40 մլն դրամի «լվացման» դեպք, արդեն իսկ կասկած էր հարուցում՝ կենտրոնի գործունեության արդյունավետության վերաբերյալ։ Համաձայնեք՝ դժվար է հավատալ, որ 4 տարում մեր երկրում լվացվել է ընդամենը 100 հազար դոլար։ Թերահավատության պատճառը պարզ է՝ ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի այն մակարդակը, որն առկա է Հայաստանում, պարարտ հող է ապօրինի գումարները օրինականացնելու համար։
«Հայաստանը խոշոր ֆինանսական կենտրոն չէ. չունի օֆշորային բանկեր եւ ոչ բանկային ֆինանսական կառույցներ։ Այդուհանդերձ, բարձր գործազրկությունը, ցածր աշխատավարձերը, կոռուպցիան, ստվերային տնտեսությունը եւ կազմակերպված հանցավորության մեծ տոկոսայնությունը մեծացնում են Հայաստանի խոցելիությունը փողերի լվացման առումով։ Ստվերային տնտեսությունը հանցավորության դրսեւորումներից հիմնականում փոխկապակցված է հարկերից խուսափելու հետ։ Սակայն հարկերից խուսափելու համար կիրառվող սխեմաները շատ նման են այն սխեմաներին, որոնք օգտագործվում են փող լվանալու համար՝ ներմուծվող ապրանքների ինվոյսների կեղծում, կրկնակի հաշվապահություն եւ բանկային համակարգի միջոցով կատարվող գործարքներ»։ Այս կարծիքը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչները ներկայացրել են դեռ 2005թ., սակայն ո՞վ կարող է պնդել, որ խոցելի կետերը՝ գործազրկությունը, կոռուպցիան կամ ստվերային տնտեսությունը նվազել են։ Ի դեպ, Պետդեպի զեկույցի հեղինակները հատուկ ընդգծել էին, որ Երեւանի արվարձաններում գործում են շուրջ 30 խաղատներ։ Նշենք, որ մոլախաղերի բիզնեսը համարվում է փող լվանալու ամենահարմար «լվացքատներից» մեկը։ «Ֆիշկաներ» գնելու համար անձնագիր չի պահանջվում, իսկ «շահած» գումարը դառնում է լրիվ օրինական։ Կազինոյի տիրոջ հետ էլ կարելի է լեզու գտնել՝ շահում «մոգոնելու» համար նրան թողնելով այդ գումարի մի որոշակի մասը։
Մի քանի տարի առաջ ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի արդեն նախկին փոխնախարար Դավիթ Ավետիսյանը նույնպես կարծիք էր հայտնել, որ փողերի լվացման ամենահարմար «գործիքները» մեր երկրում լոտոներն են եւ խաղատները, քանի որ բանկային համակարգը լրջորեն վերահսկվում է, եւ ռիսկն այնտեղ ցածր է։
ՖԴԿ ղեկավար Դանիել Ազատյանը, սակայն, իր ասուլիսի ժամանակ մոլախաղերի ոլորտին չանդրադարձավ։ Նրա խոսքերով՝ Հայաստանում փողերի լվացման փորձերի ճնշող մեծամասնությունը քարտերով զեղծարարություններն են։ Օրինակ, երբ այլազգի քաղաքացիներն այցելում են Հայաստան, քարտերով զեղծարարություններ անում, այնուհետեւ գումարները հանցավոր ճանապարհներով փորձում թաքցնել կամ փոխանակել այլ գույքի հետ։ «Առաջին ծիծեռնակն» էլ, Դ. Ազատյանի խոսքերով, եղել է անտառահատման հետ կապված մի դեպք, սակայն խոսքը գնում է ծիծաղելի գումարի՝ 1 միլիոն դրամի մասին։
Ինչեւէ։ Այս ասուլիսից մեկ ամիս էլ չէր անցել, երբ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները փողեր են լվանում։ Կոնկրետ անուններ պրն Դալլաքյանը, բնականաբար, չտվեց։ ԶԼՄ-ները տարածեցին նրա խոսքերը, վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, հղում անելով ԶԼՄ-ներին, հորդորեց զբաղվել այդ խնդրով եւ արձագանքել։ Խնդրով զբաղվողը եւ արձագանքողը, իհարկե, ֆինանսական դիտարկումների կենտրոնն է։ Արձագանքել են եւ նշել, որ իրենք՝ իրավապահ եւ վերահսկող մարմիններից, օրենքով սահմանված հաշվետվություն տրամադրող անձանցից, ինչպես նաեւ օտարերկրյա գործընկեր ֆինանսական հետախուզության մարմիններից, ի թիվս ստացված կասկածելի գործարքների վերաբերյալ ֆինանսական եւ իրավապահ բնույթի բազմաթիվ տեղեկությունների, տեղեկատվություն չեն ստացել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փողերի լվացման մեջ ներգրավված լինելու վերաբերյալ: Հայ պաշտոնյաների կողմից փողերի լվացման մեջ ներգրավված լինելու վերաբերյալ տեղեկություններ չեն արձանագրվել նաեւ միջազգային բազաների դիտարկման արդյունքում։ Այն, որ «տեղեկություններ չպետք է լինեին», ի սկզբանե պարզ էր։ Սակայն պակաս հետաքրքիր չի այն հանգամանքը, որ մեկուկես էջանոց «արձագանքի» մեծ մասն իրենից ներկայացնում է համառոտ տեղեկատվություն ՖԴԿ-ի մասին, եւ իհարկե՝ գովեստի խոսքեր, որոնց արժանացել է այս կառույցը։ Տպավորություն է ստեղծվում, որ Վ. Դալլաքյանի հայտարարությունը ընդամենը հարմար առիթ էր այս կառույցի մասին հանրությանը հիշեցնելու համար։
Իսկ միգուցե Հայաստանում իրո՞ք փող չի լվացվում։ Հնարավոր է, եւ դրա բացատրությունն էլ կա։ Հայ մեծահարուստները պարզապես դրա կարիքը չունեն։ «Սեւ», կանխիկ փողերով այստեղ կարելի է ամեն ինչ գնել՝ տուն, մեքենա, զարդեղեն եւ այլն։ Այնպես որ, փողերի վրայի «կեղտը» մաքրելը իմաստ չունի։ Կեղտոտ վիճակում էլ դրանք պակաս եկամտաբեր չեն։