Օրեր առաջ Արմավիրի մարզի Լուսագյուղի բնակիչները դժգոհում էին հարեւան գյուղում գտնվող «Արաքս» թռչնաբուծական գործարանից արձակվող գարշահոտից: Մեր զրուցակիցները նշում էին, որ գյուղում միայն թռչնամորթի ժամանակ է այդ սուր հոտը տարածվում, այսինքն` շաբաթվա բոլոր օրերը, բացի կիրակիից: (Փաստենք, որ իսկապես կիրակի օրը, մեր այցելության ժամանակ, գյուղում տարածվել էր միայն թարմ հացի հոտը): Բնակիչները մեծ ոգեւորությամբ պատմում էին Սեւջուր կոչվող ջրում «Արաքս» գործարանի արտանետումների մասին: «Էդ մորթի ժամանակ դաժե Ջրառատ չես կարա մտնես: Դե, հլա մեր գյուղը փառք ա: Էդ մորթի ժամանակ ամբողջ Սեւջուրը կեղտոտվում ա: Տղաս մեկ-մեկ ձկնորսության ա գնում էդ կողմերը: Մի օր էլ, գիտե՞ս, ինչ ա պատմել, որ էդ ջրում կնոջ կրծկալ ա գտել»,- պատմում էր գյուղացի կանանցից մեկը` շիկնելով իր ասած վերջին նախադասության համար:
Գյուղացիները` «Արաքս» թռչնաբուծական գործարանի պաշտպաններ
Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի բնակիչները իրենց գյուղի գործարանի հասցեին լսած տեղեկատվությանը պատասխանում են ոչ միայն վրդովմունքով, այլեւ թշնամաբար: «Ի՞նչ եք ուզում: Ուզում եք, որ էս գործարանն է՞լ կանգնի, ոնց որ Սովետից եկած գործարանները: Հը՞: Հոտ ա գալիս, ի՞նչ հոտ: Բա ինչի՞ չէիք Սովետի ժամանակ եկել: Էն ժամանակ գայիք, ասեիք` գործարանը վատ հոտ ա տարածում գյուղում: Չեկաք, չէ՞: Հիմա ինչի՞ եք եկել»,- զայրացած պատմում է Ջրարբի գյուղի բնակիչ պարոն Ժորան` ներկայացնելով գործարանի կենսագրությունը, որը սկիզբ է առնում 1977թ.: Ըստ գյուղի բնակչի` հենց այս ժամանակ էլ հիմնադրվեց Ջրառատի թռչնաբուծական գործարանը, ներկայումս` «Արաքս» թռչնաբուծական գործարանը: «1990-ական թթ. գործարանը փակվեց, ու գիտե՞ք գյուղի վիճակը ինչքան ծանրացավ: Բայց էդ վիճակը երկար չտեւեց` դրանից մի քանի տարի հետո սեփականաշնորհվեց գործարանը եւ ավելի լավ սկսեց աշխատել»,- նշում է գործարանի նախկին աշխատակիցը` ուղղելով իր անպատասխան հարցը: «Դե թող մի քիչ էլ վատ հոտ գա: Ի՞նչ անենք: Ասում են` մինչեւ ձեռքդ չթրիքոտվի, կճուճում յուղ չի լինի»,- ավելացնում է Ջրարբիի բնակիչը։ Նրան ի պատասխան՝ մյուս գյուղացիներն են շարունակում։ «Մեր գյուղը չի՞: Թող վատ հոտ գա, Ձեզ խանգարո՞ւմ ա: Ես մի քանի խոզ եմ պահում, իսկի ինձնից ա հոտ գալիս: Պարզ չի՞, որ մեծ գործարանից էլ կգա»,- ասում են գործարանի պաշտպան բնակիչները, որոնցից շատերը նախկինում աշխատում էին այդ գործարանում: «Գյուղի հալալ կեսը էդ գործարանում ա աշխատում: Ինչի՞ պոչից եք բռնել, լավ կլինի խոզագրիպի մասին գրեք: Գրեք, որ խոզագրիպ չկա ու էդ հնարովի բան ա: Մտածված ա` էնպես են անում, որ խոզ ունեցող գյուղացիներն իրենց խոզերը մորթեն, իսկ մեծ ձեռնարկությունները պահեն, ու դաշտը դառնա իրենցը: Էդքան բան»,- նկատում է տիկին Ռուզաննան, ով շարունակում է հարցը քննարկել իր հարեւանների հետ: «Առաջ էս գյուղ մտնել չէր լինում` ահավոր հոտ էր գալիս: Իսկ հիմա վիճակն ավելի լավ ա»,- ասում է հարեւանուհի Ալվարդն, ով 20 տարի աշխատել է գործարանի թռչնամորթի բաժնում: Գյուղի գրեթե բոլոր բնակիչների կենցաղում գործարանից արձակվող հոտը արդեն սովորական երեւույթ է, եւ նրանց համար նույնիսկ տարօրինակ է այն, թե ինչպե՞ս կարող է գյուղն ապրել առանց այդ հոտի: «Գիտե՞ս, կարող ա մեր առողջությանը վնաս ա, բայց ի՞նչ անենք: Մեր էրեխեքի մի կտոր հացն ա: Հարմարվում ենք: Դե թող բողոքեն, ասեն` փողից էլ ա հոտ գալիս: Չեն բողոքի, չէ՞»,- վերջում եզրակացնում են բնակիչները, որոնց կարծիքները այդքան էլ չեն տարբերվում գործարանի տնօրինության կարծիքից: Ըստ «Արաքս» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Մակարյանի` յուրաքանչյուր գործարան իր արտադրանքին բնորոշ հոտն ունի: «Բնական է` ինչ-որ հոտ երեւի կլինի, բայց դա չի կարող խանգարել մարդկանց ապրելուն: Կոնֆետի գործարան մտնելիս էլ է յուրահատուկ հոտ գալիս: Էստեղ էլ պետք է հոտ լինի: Չեմ կարող ասել, թե ովքե՞ր եւ ի՞նչ հոտեր են առել: Բայց լավ կլիներ, որ էդ մարդկանց բերենք, տեսնենք ի՞նչ հոտ են առել»,- մեզ հետ զրույցում ասաց «Արաքս» ՓԲԸ-ի տնօրենը` նշելով նաեւ, որ իր ղեկավարած գործարանը տարին մեկ անգամ Բնապահպանական տեսչությունից ստուգումների է ենթարկվում, եւ մինչեւ այժմ տեսչության կողմից բնապահպանական որեւիցե խախտում չի հայտնաբերվել:
«Մենք այսօր արյունը հավաքում ենք, եւ դա իրենից ներկայացնում է պրոտեին` կերի հավելում է, որը տալիս ենք մեր խոզերին` որպես բարձր կալորիականությամբ հումքի աղբյուր: Իսկ ջուրը պետք է գնա, դա բնական է: Բայց այդ ջրից հոտ չի գալիս ու փչացած ջուր չէ»,- ասում է Գագիկ Մակարյանը, ըստ որի` գործարանի հիմնական աշխատողները Արմավիրի մարզի Ապագա, Ջրարբի, Լուսագյուղ, Ջրառատ գյուղերից են, որոնց բնակիչներից Գ. Մակարյանը երբեւէ դժգոհություն կամ բողոք չի լսել: Տնօրենին պատմեցինք նաեւ օրեր առաջ Երեւանյան խանութներից մեկում մի գնորդի ու վաճառողուհու խոսակցություն, ըստ որի` գնորդն իր ընտանիքով թունավորվել էր «Արաքս» թռչնաբուծական գործարանի արտադրած հավի թոքից:
«Մեզ մոտ ապրանքային հին մնացորդներ չեն լինում, որպեսզի թունավորումներ առաջացնեն: Շատ հնարավոր է, որ ապրանքը խանութում է մնացել: Պատճառները տարբեր կարող են լինել, բայց մեզ մոտից թարմ տեսքով է գնում խանութ: Իսկ որոնք որ թարմ չեն` խորը սառեցման են ենթարկվում` մինչեւ -40 աստիճան, որից հետո կատարվում է -40 աստիճան պահպանում: Մեզ մոտ ապրանքի փչացումը բացառված է»,- նշեց «Արաքս» ՓԲԸ-ի տնօրենը: