Սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը մեր թերթին տված հարցազրույցում հայ-թուրքական սահմանի բացման կապակցությամբ մտավախություն էր հայտնել, թե սա այն Հայաստանը չէ, որը կցանկանար, որ տեսնեն թուրքերը: Այսինքն` թե՛ հասարակության ինքնագիտակցության առումով, թե՛ ժողովրդավարության առումով մեր երկիրն այնքան էլ ներկայանալի չէ:
Սա, ցավոք, ճշմարտություն է, քանի որ այն լուռ հանդուրժողականությունը պետական մակարդակով կատարվող նվաստացուցիչ անօրինականությունների հանդեպ, արդեն խոսում է հասարակության գիտակցական նվազ ռեսուրսի մասին: Օրինակ` եթե «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագրին վերջին հինգ տարում Հայաստանում բնակվելու մասին տեղեկանք չտրվի` մերժումը հիմնավորելով, թե նա հետախուզման մեջ գտնվելու ժամանակ Հայաստանում չի եղել, ապտակ կլինի նախ` հասարակությանը: Քանի որ պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը հետախուզման մեջ գտնվելու ընթացքում եղել է հանրապետությունից դուրս, չեն կարող հաստատել ո՛չ Ազգային անվտանգության աշխատակիցները, ո՛չ էլ Նիկոլին հայտնաբերելու կոչված պետական մյուս կառույցները: Սակայն իշխանությունների կողմից հասարակությանն ուղղված քամահրական վերաբերմունքը նույն հասարակության կողմից արժանի արձագանք չի գտնում: Այսինքն` արձագանքում են միայն քիչ թվով մարդիկ: Իսկ հաճախ անգամ նրանք էլ են լռում:
Եթե մեր հասարակության կարծիքն էական լիներ, Հունգարիա` պետական այցով մեկնած ՀՀ նախագահը ճանապարհ ընկնելուց առաջ ինքն իրեն հարց կտար` Հայաստանն ու Հունգարիան` բացի առաջին տառերի համընկնումից, պատմական այս փուլում ի՞նչ ընդհանուր շահեր ու հետաքրքրություններ ունեն: Այդ դեպքում նա իր այցը հաստատ անորոշ ժամանակով կհետաձգեր:
Եթե լինեինք ազատ երկրի ազատ քաղաքացիներ, օլիգարխների շուրթերից հնչող հիմարություններին կարձագանքեինք ոչ թե տարակուսած կամ նույն այդ օլիգարխի մտքերը սվաղելով, այլ նրանից հաշիվ կպահանջեինք: Եթե հասարակության կարծիքն էական լիներ, երկրի վարչապետը կկատարեր իր խոստումը` ինչ-որ լծակներով սահմանափակել շքեղության հանդեպ պետական պաշտոնյաների եւ օլիգարխների հակումը: Եթե կառավարության նիստից առաջ, դիցուք, Մաշտոցի գերեզման այցելությունն ու եկեղեցում զանգվածային մոմավառությունը չեն օգնում, պետք է օգնության գան սկզբունքայնությունն ու Քրեական օրենսգիրքը:
Այն արժեքները, որ վերեւից ենթագիտակցորեն պարտադրվում են հասարակությանը, աղետալի են: Վերջին մեկ-երկու տարում «առաջավոր մարդկության» ուշադրությունը գրավող ծնունդ-կնունքները, հարսանիքները այդ արժեքների բաղկացուցիչն են: Ուրախանալու ձեւը, առիթը, միջոցները խոսում են մարդու եւ, առհասարակ, հասարակության մակարդակի մասին: Այդ կերուխումերին թամադայություն են անում առաջնակարգ համարվող դերասաններ ու դերասանուհի-հաղորդավարներ, ովքեր վատ չեն զգում թամադայությունը վերածել միմոսության` «տիրոջը» դուր գալու համար: Չիմաստավորված շքեղության այս դրսեւորումներն արդեն նյարդայնացնող են` իրենց վտանգավորությամբ: Այս ամենը կարելի կլիներ համարել մարդկանց անձնական գործը եւ չհաշվել, թե ում դրամապանակում` որքան գումար կա, եթե այն, ինչ անում են նրանք, այդքան վարակիչ չլիներ նաեւ ստորին խավերի համար: Չունենալով սեփական կարծիք, պաշտպանական հոգեւոր եւ աշխարհիկ գիտելիքներ, նրանք կապկում են այն, ինչ տեսնում են: Ի դեպ, թյուրիմացաբար ամուր ընտանիք կազմելու ամենակարեւոր պայման է ընկալվում հարսանիքից հետո երկնքում ճայթող հրավառությունը: Իսկ որքան լավ կլիներ, եթե հասարակությանը պարտադրվեին գիտակցված ժուժկալության եւ համեստության օրինակներ:
Սիրիայից եկած ընկերներիցս մեկը պատմում էր, թե որքան համեստ ու զուսպ էր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հարսանյաց արարողությունը գեղեցկուհի կնոջ հետ: Ինտերնետով որոնեք «Bashar al Assad wedding» էջը եւ կհամոզվեք ինքներդ: 2000թ. դեկտեմբերին տեղի ունեցած Սիրիայի նախագահի հարսանիքին ներկա չեն եղել ոչ Սոսո Պավլիաշվիլին, ոչ Վալերի Լեոնտեւը, ոչ Տոտո Կուտունյոն, ոչ Պուգաչովան եւ ոչ էլ, առավել եւս, Լյուբով Ուսպենսկայան: Սիրիական թերթերն արձանագրում են. «Բաշար ալ Ասադի հարսանիքն անցել է առանց աղմուկի եւ շքեղությունների»: Եվ դա այնքան են գնահատել շարքային սիրիացիները, ովքեր եւս փորձում են իրենց կենցաղում եւ խնջույքների ժամանակ լինել նույնքան համեստ, որքան իրենց երկրի նախագահն է:
Իսկ որ արժեքները հասարակությանը պետք է պարտադրել, եւ որ երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային ընտրանու անձնական օրինակն այդ պարտադրանքի ամենաարդյունավետ եւ անցավ միջոցն է, ապացուցված է: Խորհրդային տարիներին, չհաշված գաղափարական գրոտեսկը, հարգի էր այն մարդու մոդելը, ով համեստ է ապրում, գիրք է կարդում, դասական երաժշտություն գիտի:
Իմ հայրական տան հարեւաններից մեկը Վոլոդյա Մաղալյանն էր` Երեւանի պետական համալսարանի թերթի խմբագիրը: Նա իր կնոջ եւ երեք զավակների հետ բնակվում էր մեկ սենյականոց բնակարանում: Հասկանալի է, ահավոր նեղվածք էր, սակայն նրա տա շեմքից առաջանալը բարդ էր ոչ թե այն պատճառով, որ կահույքը թույլ չէր տալիս, այլ, որ հենց դռնից դասավորված էին անթիվ ու անհամար գրքեր: Գիրք էր ամենուրեք, որտեղ հնարավոր էր: Առհասարակ, մեր հայրերի համար տանն անհրաժեշտ ամենակարեւոր կահույքը գրապահարաններն էին, նոր հետո` մնացյալը: Ճաշի սեղանների ամենաէական մասը ամենեւին սեղանի պարունակությունը չէր, այլ զրույցը` մեր հայերի իմաստուն զրույցը, խոսքը, խրատը: Խնջույքներին ոչ թե ինչ-որ անհասկանալի թամադաներ էին վարձվում, ովքեր նախապես գրված տեքստում ու կենացների շարքում պարզապես ավելացնում էին ձեր անունը: Մեր հայրերն իրենք էին թամադայություն անում. ամեն ինչ բնական էր, իրենք էին երգում, ու հյուրերն էին երգում, նվագում: Ամեն ինչ այնքան բնական էր:
Դիոգենեսի օրինակով պարզ է, որ բարձրագույն գիտակցություն ունեցող մարդուն ինքն իր եւ աշխարհի հետ ներդաշնակ ապրելու համար բավական է անգամ տակառը: Դիոգենեսի դեպքում ամենեւին չափազանցություն չեն թվում մեզ հասած զրույցները, թե նա անգամ ավելորդ է համարել եւ հրաժարվել է կավե թասից այն բանից հետո, երբ տեսել է, որ ջուրը կարելի է խմել նաեւ բռով:
Այս ամենից կարելի է անել մեկ եզրակացություն, որը կարող է օգտակար լինել պետության համար. պետք է սահմանվի «Չտեսության հարկ» կամ տուրք, ինչպես կուզեք: Խնջույքների ավարտին կազմակերպած հրավառության համար պետք է մեծ գումար մուծել պետական գանձարան: Ճոխությունն ու անբովանդակ շռայլությունը պետք է անմիջապես հարկվի այդ հարկատեսակով: