Նոյեմբերի 6-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպել է Հայկական կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորած պատվիրակության հետ: Արքեպիսկոպոս Աթեշյանն իր երախտագիտությունն է հայտնել, որ Թուրքիայի հայ համայնքի կողմից բարձրացված մի շարք հարցեր իրենց լուծումն են ստանում: Հայկական կողմը նշել է, որ համայնքային սեփականության մի շարք հարցեր արդեն իսկ լուծվել են, եւ համայնքին պատկանող սեփականությունն օրենքի սահմաններում վերադարձվել է հայերին: Արքեպիսկոպոսի խոսքով` այլ սեփականությունները վերադարձնելու համար անհրաժեշտ համայնքային փաստաթղթերը պատրաստվում են: Նա հիշեցրել է Թուրքիայի վարչապետին, որ հայ համայնքն ունի 43 եկեղեցի, 17 վարժարան, հիվանդանոց եւ նման բազմաթիվ հաստատություններ, որոնց միակ եկամուտն է համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի վարձակալության գումարները: Ռ. Թ.Էրդողանն, իր հերթին, նշել է, որ ինքն «օտար չէ Թուրքիայի հայ համայնքին եւ գիտի, որ համայնքը խնդիրներ ունի»։ Նա ասել է, որ խնդիրներ ունեն նաեւ այլ համայնքները, եւ, որպես կառավարության ղեկավար, ինքը պարտավոր է իմանալ դրանց մասին եւ աշխատել դրանց լուծման ուղղությամբ: Հանդիպման ավարտին Թուրքիայի վարչապետը ցանկություն է հայտնել այցելել Հայոց Պատրիարքարան եւ հանդիպել Մեսրոպ պատրիարքի հետ։