«ՆԱՏՕ-ն խրախուսում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացը եւ հույս ունի, որ հայ-թուրքական համաձայնությունները կյանքի կկոչվեն»,- երեկ Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նա ասել է, որ ՀՀ իշխանությունների հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը` ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն միանգամայն բավարարված է երկու երկրների հարաբերությունների կարգավորման հեռանկարով: Նշենք, որ երեկ Ռ. Սիմոնսին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նախագահականի մամլո ծառայության, Ս. Սարգսյանն ասել է, որ գարնանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ, սակայն Հայաստան նրա այցից հետո շատ իրադարձություններ ու զարգացումներ են տեղի ունեցել, ինչպես նաեւ հաստատվել է 2009-2010թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը: Ըստ Ս. Սարգսյանի, Հայաստանը շարունակելու է ջանքերը` ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդման ուղղությամբ: Երեկ Ռ.Սիմոնսին ընդունել է նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: