Ավելի շատ է ծախսվելու

07/11/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում բազմաթիվ պետությունների կառավարություններ, ի թիվս այլ ծախսերի, զգալիորեն կրճատեցին ու շարունակում են կրճատել առաջին հերթին պետական ապարատի պահպանման ծախսերը:

Այս քայլն ունի ոչ միայն շոշափելի տնտեսական եւ սոցիալական էֆեկտ (քանի որ տնտեսված միջոցներն ուղղվում են պետության համար ավելի կարեւոր նշանակություն ունեցող ոլորտներ), այլեւ բարոյական ազդեցություն: Սրանով իշխանություններն իրենց ժողովրդին ցույց են տալիս, որ շարքային քաղաքացիների հետ պատրաստ են կիսել ճգնաժամի բացասական հետեւանքները: Նույնիսկ Ռուսաստանում, որն առանձնապես աչքի չի ընկնում «ժողովրդասիրությամբ», հաջորդ տարվա պետական բյուջեն նախատեսում է Կառավարության, Պետդումայի եւ Դաշնային խորհրդի ծախսերի էական կրճատում: Սակայն, եթե բազմաթիվ այլ հարցերում մեր իշխանություններն ընդօրինակում են «ռազմավարական գործընկերոջը», ապա այս առումով վարվել են ճիշտ հակառակ կերպ: ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի ու ՀՀ կառավարության աշխատակազմերի ծախսերը ոչ միայն չեն կրճատվել, այլ որոշ դեպքերում նախատեսում են զգալիորեն ավելացնել: Ընդ որում, պետք է հաշվի առնել այն, որ 2010թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված է ընդհանուր ծախսերի ավելի քան 9% կրճատում (այս տարվա հաստատված բյուջեի համեմատ): Այսինքն` կարելի է ասել, որ այն գերատեսչություններն ու մարմինները, որոնց պահպանման ծախսերը կրճատված կլինեն ավելի մեծ չափով, քան 9%-ը, իսկապես, ավելի շատ են կրում ճգնաժամի բացասական ազդեցությունը: Իսկ պետական իշխանության այն մարմինները, որոնց պահպանման ծախսերը կրճատված կլինեն ավելի քիչ չափով, քան 9%-ն է, միջինից ավելի լավ պայմաններում կլինեն: Հաջորդ տարվա բյուջեի նախագծում արձանագրված թվերը վկայում են, որ մեր պետական մարմիններից շատերը ծախսերը կրճատելու մտադրություն չունեն: 2010 թվականի պետական բյուջեի նախագծով, օրինակ, ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերը ոչ միայն չեն նվազելու, այլ նույնիսկ գերազանցելու են 2009թ. հաստատված պետական բյուջեի նույն ցուցանիշը 2.1%-ով: ԱԺ աշխատակազմի պահպանման ծախսերը 2010թ. գերազանցելու են նախորդ տարվա հաստատված պետական բյուջեի համապատասխան ցուցանիշը 1.7%-ով: Սա՝ այն դեպքում, երբ, կրկնենք, ընդհանուր առմամբ 2010թ.-ի պետական բյուջեն ծախսերի գծով ավելի քան 9%-ով պակաս է 2009թ.-ի հաստատված պետական բյուջեից: Եթե ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերը 2009թ. հաստատված բյուջեով կազմել են շուրջ 2,3 մլրդ դրամ, ապա 2010թ. պետական բյուջեի նախագծով այդ ծախսերը ավելացված են շուրջ 118 մլն դրամով (կամ ավելի քան 300 հազար դոլարով): Իսկ ՀՀ ԱԺ աշխատակազմի պահպանման ծախսերը 2009թ. հաստատված պետական բյուջեի համեմատ 2010թ. ավելացվելու են շուրջ 42 մլն դրամով (կամ ավելի քան 100 հազար դոլարով): Ավելորդ է նշել, որ այդ գումարները կարող էին ուղղվել, օրինակ, կրթության բնագավառ, որի ծախսերը 2010թ. պետական բյուջեի նախագծով այս տարվա հաստատված բյուջեի համեմատ մոտ 25%-ով պակաս է նախատեսված: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարությանը, ապա նրա աշխատակազմի պահպանման ծախսերը հաջորդ տարի որոշ չափով պակաս են լինելու այս տարվա հաստատված պետական բյուջեով նախատեսվածից: Եթե 2009թ. համար նախատեսված էր մոտ 1մլրդ 342 մլն դրամ, ապա 2010-ին նախատեսված է 1 մլրդ 225 մլն դրամ, այսինքն` 117 մլն դրամով կամ ավելի քան 300 հազար դոլարով պակաս գումար: Այսինքն` Կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերը կրճատվել են 8.7%-ով եւ այս թիվը մոտ է 2010թ. պետական բյուջեի ընդհանուր ծախսերի կրճատման չափին (9%): Իսկ ընդհանրապես, մեր օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերը 2010թ.-ին, ըստ պետական բյուջեի նախագծի, կազմելու են մոտ 50 մլրդ 223 մլն դրամ կամ ավելի քան 130 մլն դոլար: Եվ սա պակաս է 2009թ. հաստատված պետական բյուջեի նույն ցուցանիշից 6.5%-ով: Այսինքն` իշխանության մարմինների պահպանման ծախսերը զգալիորեն ավելի քիչ են կրճատվել, քան բոլոր տեսակի ծախսերի կրճատման միջին ցուցանիշն է` 9%-ը: Սա նշանակում է, որ մյուս բնագավառներում ծախսերը միջին հաշվով ավելի շատ են կրճատվել, քան 9%-ն է: Ընդ որում, իշխանության մարմինների պահպանման ծախսերի այդ 6.5% կրճատումը զգալիորեն ապահովվել է զուտ նրա շնորհիվ, որ ի տարբերություն այս տարվա հաստատված պետական բյուջեի, 2010թ. բյուջեում ծախսերը հաշվարկելիս չեն ներառվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի պահպանման ծախսերը: Բացի այդ` ՀՀ Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների շնորհիվ, որով թվով 6 դատարաններ լուծարվեցին, նրանց աշխատակազմերի առանձին աշխատակիցներ կրճատվեցին: Սա եւս նվազման ուղղությամբ է ազդել 2010թ. իշխանության մարմինների պահպանման ծախսերի վրա: Ի դեպ, վերը նշված թվերը վերաբերում են միայն աշխատակազմերի պահպանման ծախսերին: Կան նաեւ առանձին ոչ մեծ ծրագրեր, որոնց շրջանակներում միջոցներ են տրամադրվում ինչպես ՀՀ նախագահի աշխատակազմին, այնպես էլ` ԱԺ ու կառավարության աշխատակազմերին (օրինակ, ՀՀ նախագահի ու կառավարության աշխատակազմի կարողությունների զարգացում, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից քաղաքական հետազոտությունների իրականացում, միջազգային կազմակերպությունների ԱԺ անդամակցության վճարներ եւ այլն): Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերը 2010 թվականի պետական բյուջեի նախագծով (այս տարվա հաստատվածի նկատմամբ) կրճատվել են շուրջ 7.8%-ով:

Ինչ վերաբերում է նախարարությունների ու մարզպետարանների աշխատակազմերին, ապա բոլոր նախարարների աշխատակազմերի պահպանման ծախսերն էլ 2010թ. պետական բյուջեի նախագծով կրճատվել են, կրճատման միջին ցուցանիշը կազմել է 8%: Իսկ մարզպետարաններից ամենաշատը կրճատվել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերը` 6.3%, որին հաջորդում են Արագածոտնի, Շիրակի ու Վայոց Ձորի մարզերը (համապատասխանաբար՝ 5.6%, 5%, 4.8%): Նկատենք, որ բոլոր դեպքերում սա զգալիորեն ցածր է ծախսերի կրճատման միջին մակարդակից` 9%-ից: Ամենաքիչը կրճատվել են Արմավիրի մազպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերը` 1.4%, որին հաջորդում են Կոտայքի, Լոռու ու Գեղարքունիքի մարզերը` համապատասխանաբար 2.2%, 2.7% եւ 2.8% ցուցանիշներով: Արարատի մարզպետարանի ցուցանիշը 3.6% է, Տավուշինը՝ 4.2%: Այսպիսով` ՀՀ նախագահի, ԱԺ աշխատակազմերի պահպանման ծախսերը 2010-ին ավելի շատ են լինելու, քան 2009թ. հաստատված պետական բյուջեով էր, իսկ կառավարության, նախարարների ու մարզպետարանների աշխատակազմերի պահպանման ծախսերը թեեւ նվազել են, սակայն ավելի պակաս չափով, քան 2010թ. բյուջեի ընդհանուր ծախսերի նվազման ցուցանիշն է: