Պատգամավորները՝ ֆոնդերի դեմ

07/11/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱԺ մշտական հանձնաժողովներում երեկ ավարտվեցին 2010թ. բյուջեի նախագծի մեկ շաբաթ շարունակվող քննարկումները: Արդեն պատգամավորները պետք է առաջարկություններ ներկայացնեն կառավարությանը, որից հետո վերջնական տարբերակը ներկայացվելու է ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:

Նախորդ տարիների համեմատ այս անգամ բյուջեի նախագծի նկատմամբ ԱԺ-ում ուշադրությունը փոքր էր: Նույնիսկ խորհրդարանական ընդդիմությունը, որի շարքերն այս անգամ համալրել էր նաեւ ՀՅԴ-ն, հարկ չհամարեց խորությամբ քննադատել 2010թ. ֆինանսական գլխավոր փաստաթուղթը: Բյուջետային քննարկումները որոշակի «սրություն» ստացան երեկ, երբ պատգամավորները նախարարությունների աշխատողներին տրվող պարգեւավճարների մասին հարց բարձրացրեցին: Պարգեւավճարների կամ աշխատավարձերի թեման պատգամավորների համար շատ ցավոտ հարց է: Իհարկե, սա վերաբերում է ոչ բոլոր պատգամավորներին: ԱԺ-ում բացի օլիգարխ, ներմուծող, արտադրող, երթուղայինի գծեր կամ այլ բիզնեսներ ունեցող ազգընտիրներից, թեեւ ոչ շատ, բայց կան նաեւ բիզնես չունեցող պատգամավորներ, որոնց համար իրենց աշխատավարձի չափը նշանակություն ունի: Եվ ամեն տարի բյուջեի քննարկումների ժամանակ նրանք բարձրացնում են իրենց աշխատավարձը բարձրացնելու հարցը, որը հիմնականում մերժվում է: Այս անգամ թեեւ նման առաջարկ չհնչեց, բայց պատգամավորներն ընդվզեցին հավելավճարներ ու պարգեւավճարներ ստանալու` պաշտոնյաների հնարավորությունների դեմ: Պարզվում է, այդ հավելավճարների ֆոնդերը երբեմն գերազանցում են բյուջեով նախատեսված աշխատավարձերի ֆոնդերին: Դրանք սովորաբար վճարվում են գերատեսչությունների արտաբյուջետային ֆոնդերից: Իսկ արտաբյուջետային ֆոնդերն իրենց հերթին գոյանում են տուգանքներից ու ստուգումներից մասհանումների, խնայողությունների, տվյալ ոլորտում գործող տնտեսվարողների հատկացումների եւ այլ միջոցների շնորհիվ: Եվ այդ ֆոնդերը բյուջետայինի համեմատ բավականին «ազատ» գումարներ են ու հնարավորինս հեռու են ստուգող աչքերից: Գերատեսչությունների ղեկավարներն իրենց հայեցողությամբ են օգտագործում այդ միջոցները: Կարող են իրենց ցանկացած աշխատողին նրա աշխատավարձի տասնապատիկի չափով պարգեւավճար հատկացնել, գործուղումների համար հավելյալ գումարներ տրամադրել, մեքենաներ գնել եւ այլն: «Նախարարություններում որոշ աշխատակիցների հսկայական պարգեւավճարներ են տալիս: Դրանք երբեմն գերազանցում են աշխատավարձի ֆոնդը, ինչը նորմալ երեւույթ չէ: 2008թ. նույն հարցը բարձրացրի Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի առաջ: Ինչ-որ մեկը այդ նախարարությունում 500 հազար դրամի պարգեւավճար էր ստացել: Նախարարը պատասխանեց, որ ոչ թե 500 հազար դրամ, այլ մեկ միլիոն դրամ է ստացել»,- խնդիրը ավելի պատկերավոր ներկայացնելու համար երեկ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքերով՝ իրենց գերատեսչության արտաբյուջետային ֆոնդը գոյանում է ստուգումների արդյունքում հայտնաբերված գումարներից 10 տոկոսի չափով կատարվող մասհանումների հաշվին: Նրա խոսքերով՝ հարկային մարմնի արտաբյուջետային ֆոնդը վերջին տարիներին կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ կամ 3.8 մլն դոլար: Նույնը վերաբերում է մյուս բոլոր նախարարություններին: Եվ հատկապես այս արտաբյուջետային ֆոնդերի միլիարդավոր դրամներն այսօր տնօրինվում եւ ծախսվում են այդ գերատեսչությունների ղեկավարների կամակայական ցանկությամբ: Այդ ֆոնդերն ի սկզբանե ստեղծվել են ցածր վարձատրվող աշխատողներին հավելավճարներ տալու նպատակով, որպեսզի նրանք չգայթակղվեն կաշառակերությամբ: Սա հատկապես վերաբերել է ստուգումներ իրականացնելու հնարավորություն ունեցող մարմիններին: Հարկայինում առաջինն է նման ֆոնդ ստեղծվել եւ սկզբում արդարացրել է իր առաջ դրված նպատակը: Սակայն ժամանակի ընթացքում այդ գաղափարը մուտացիայի է ենթարկվել, հարկային ծառայողները նորից «ինքնաֆինանսավորմամբ» են զբաղվել, արտաբյուջետային ֆոնդի գումարներն էլ պարգեւավճարների կամ այլ հատկացումների տեսքով ղեկավարների հայեցողությամբ են ծախսվել: Նույնը վերաբերում է նաեւ էկոնոմիկայի ու մյուս նախարարություններին: «Արտաբյուջետային ֆոնդերը չպետք է լինեն, դա կոռուպցիա է: Ինչո՞ւ այդ միջոցները չեն մտնում բյուջե, ինչո՞ւ ընդհանրապես դուրս չենք շպրտում շրջանառությունից»,- հայտարարեց Վ.Բոստանջյանը:

Երեկվա քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ հայտնի հարկային փաթեթին: ԱԺ անցած քառօրյայի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց կառավարության ներկայացրած հարկային փաթեթը, որը ենթադրում էր ակցիզային հարկեր վճարող եւ տարեկան 4 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների մոտ հարկային գործակալ նշանակելու հնարավորություն: Այդ նախաձեռնությունն իբրեւ թե պետք է բարելավեր հարկային վարչարարությունը եւ հայտնաբերեր այդ շրջանակում գործող տնտեսվարողների ստվերային շրջանառությունը: Նախագիծը ներկայացնող` ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ԱԺ-ում հայտարարել էր, որ այդ փաթեթի ընդունման շնորհիվ ստվերից հարկման դաշտ կբերվի 30 մլրդ դրամի չափով գումար: Այլ խոսքերով ասած` այդ հարկային փաթեթի գինը 30 մլրդը դրամ է: Երեկ բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Արմեն Ալավերդյանին հարցրեց, թե 2010թ. բյուջեով նախատեսված 533 մլրդ դրամ հարկեր եւ տուրքերի մեջ ներառվա՞ծ է արդյոք այդ 30 մլրդ: «Կառավարությունը 30 մլրդ հաշվարկ չի արել: Մենք երբեք չենք ասել, թե ինչ գումար պետք է հավաքվի դրա արդյունքում: Իմ կարծիքով՝ դա տեխնիկական թերություն է»,- երեկ կտրուկ պատասխանեց Ա.Ալավերդյանը: «ԱԺ ամբիոնից է հնչեցվել այդ թիվը, երբ մենք հարցրել ենք, թե ինչքան է դրա գինը: Այդ փաթեթը եթե տնտեսական էֆեկտ չի տալու եւ իզուր ներվեր է փչացնելու, ինչո՞ւ ընդունեցինք»,- զարմացավ Վ.Այվազյանը: