Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ս.Սարգսյանին տեղեկացրել են նաեւ Բաքվում ունեցած հանդիպումների մասին: Երեկ համանախագահները հանդիպել են նաեւ արտգործնախարարի հետ: «Մենք գտնվում ենք գետի` այցի մեջտեղում»,- Ս.Սարգսյանի հետ մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Իսկ նրա ռուս գործընկեր Յուրի Մերզլյակովը նշել է. «Այո, հենց այսօր վերադառնալու ենք Բաքու: Այդ պատճառով էլ, ասելով, որ գետի մեջտեղում ենք, պարոն Ֆասիեն նկատի ուներ ոչ թե բանակցային գործընթացը, այլ մեր այս այցելությունը տարածաշրջան»: Մերզլյակովը հաստատել է տեղեկատվությունը, որ համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին են ներկայացրել Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպման ժամկետի եւ վայրի վերաբերյալ իրենց առաջարկը, սակայն հավելել, որ հստակ որեւէ բան ասել չի կարող, քանի դեռ Բաքվից չեն վերադարձել: Յուրի Մերզլյակովը նաեւ ասել է, թե այցի շրջանակներում եռանախագահները Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ չեն հանդիպելու եւ Ստեփանակերտ չեն մեկնելու ժամանակի սղության պատճառով։