«Նախորդ շաբաթվա վերջին Երեւանում Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի ներկայացուցիչները փակ բանակցություններ են անցկացրել ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի բացման վերաբերյալ»,- երեկ նման տեղեկություն է հրապարակել ռուսական «ԽՏՎՎպՐրՈվՑ» թերթը: Ընդ որում, թերթի տեղեկությունները հաստատել են վրացական եւ ռուսական ԱԳՆ-ների ներկայացուցիչները: ԽՏՎՎպՐրՈվՑ»-ը հրապարակել է նաեւ այդ բանակցություններին վերաբերող մանրամասներ: Վրաստանի ԱԳՆ-ից «ԽՏՎՎպՐրՈվՑ»-ի աղբյուրները հայտնել են, որ Երեւանում բանակցությունները, այնուամենայնիվ, տեղի են ունեցել, սակայն հատուկ համակարգով: Վրաց դիվանագետները երկխոսություն են ունեցել Հայաստանի ներկայացուցիչների հետ, ովքեր տեղեկացրել են բանակցությունների ընթացքի մասին սահմանային հարցերի գծով պատասխանատու ռուս գործակալին, իսկ այնուհետեւ կրկին հանդիպել են վրաց գործընկերների հետ: «ԽՏՎՎպՐրՈվՑ»-ը գրում է, որ Վրաստանը ցանկանում է անցակետի բացման հարցը կապել վրացական արտադրանքի վրա սահմանված ռուսական էմբարգոն հանելու հնարավորության հետ: Իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ում վստահեցրել են, որ համաձայնեցվել են «գրեթե բոլոր հարցերը, որոնք վերաբերում են «Վերին Լարսի» աշխատանքի մեկնարկին»: Երեւանում կայացած փակ բանակցությունների մասին տեղեկությունը հրապարակել են նաեւ վրացական թերթերը, ինչի առթիվ երեկ Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Նինո Կալանդաձեն հատուկ ասուլիս է հրավիրել եւ հերքել է ռուս-վրացական բանակցությունների անցկացման փաստը: «Երեւանում բանակցություններ են անցկացվել Վրաստանի եւ Հայաստանի փորձագետների միջեւ. ռուսաստանցի ներկայացուցիչների հետ ոչ մի բանակցություններ մենք չենք վարել»,- հայտարարել է Կալանդաձեն: Միեւնույն ժամանակ, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն երեկ հայտարարել է, որ Վրաստանը, կարծես, պատրաստ է բացել «Վերին Լարսը»` «հաշվի առնելով բարեկամական Հայաստանի շահերը»: