Կապիտալը Հայաստանի անունից էլ կփախնի

07/11/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

– Պարոն Ասատրյան, ինչպես կգնահատեք 2010 թվականի բյուջեի նախագիծը:

– Բավականին թույլ բյուջե է, որովհետեւ բնավ չի համապատասխանում այն իրողություններին ու խնդիրներին, որ ծառացած է մեր երկրի առջեւ: Օրինակ, քննարկվող նախագծով ծրագրավորված է այս տարվա համեմատ բյուջեի եկամուտների նվազեցում մոտ 25 տոկոսով, պետք է նվազի նաեւ եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը: Կամ, օրինակ, անդրադառնալով բյուջեի եկամուտների ձեւավորման առանձին հատվածներին՝ կարելի է հետեւյալ եզրակացությանը գալ` բուն նպատակը ոչ թե ինչ-որ խնդրի լուծումն է, այլ պարտավորության կատարումը: Բյուջեի ծախսային մասով փաստորեն այս տարվա մակարդակի պահպանման խնդիր է դրվում, բայց դա իրականացվելու է բյուջեի դեֆիցիտը կտրուկ մեծացնելու միջոցով: Իսկ երբ գալիս ենք բուն ծախսային քաղաքականությանը, ավելի շատ հարցեր են առաջանում, քան համոզվածություն, որ տնտեսական իրավիճակի կայունացման կամ տնտեսական անկման կանխման ուղղությամբ ինչ-որ լուծումներ են տրված: Հատկապես անհանգստացնող է ծախսերի ոչ համաչափ կրճատումը: Այսպես, կրթության ու գիտության հոդվածով շուրջ 25 տոկոս կրճատում է նախատեսված այն պարագայում, երբ պետական ապարատի պահպանման ծախսերը գրեթե անփոփոխ են մնացել: Այո, ճգնաժամ է, եկել է գոտիները ձգելու ժամանակը, բայց դա համաչափ պետք է արվի: Եթե ծախսերի կրճատում է նախատեսված, ապա դա նախ եւ առաջ պետք է վերաբերեր պետական ապարատի պահպանման ծախսերին: Իշխանությունները տվյալ իրավիճակում պետք է օրինակ ծառայեն, պետք է պետական կառավարման ամբողջ համակարգի արդյունավետության բարձրացման օրինակով հաղորդեն տնտեսվարողներին, ամբողջ հասարակությանը համապատասխան ազդակները: Իսկ միջազգային կազմակերպություններից կամ արտաքին աշխարհից ներգրավված միջոցները պետք է ուղղվեին տնտեսության աշխուժացմանը, տնտեսական արդյունավետության բարձրացման խնդիրների լուծմանը: Մինչդեռ ստացվում է, որ մենք սերունդների, մեր զավակների հաշվին պետական ապարատի պահպանման ծախսերն ենք հոգում:

– Բայց բյուջեի դեֆիցիտի աճը բնորոշ է ճգնաժամային վիճակում հայտնված բոլոր երկրներին, դա սովորաբար անվանում են ընդլայնողական տնտեսական քաղաքականություն:

– Այո, բայց ընդլայնողական քաղաքականությունը չպետք է կատարվի ի հաշիվ պետական ապարատի ծախսերի պահպանման կամ ավելացման: Ակնհայտ է, որ ցանկացած այլ ուղղությամբ ծախսերի աճը շատ ավելի մեծ բազմարկում է ապահովում, քան, ասենք, չինովնիկին տրված աշխատավարձը, կամ առավել եւս` գործուղման ծախսերը: Ոչ ոք չի ասում, որ մենք պետք է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինենք, ինչպես նախատեսված էր 2009թ.-ի բյուջեի նախագծում` բյուջեի ճեղքվածքը մինչեւ 1 տոկոս հասցնել: Դա շատ լավ ցուցանիշ էր նույնիսկ եվրոպական զարգացած երկրների համար: Խնդիրը այլ է` եթե ստանձնում ես պարտավորություն, մեծացնում էս դեֆիցիտը, ապա այդ միջոցների օգտագործման արդյունավետությունը պետք է կրկնակի ու եռակի բարձր լինի: Պարտքի ավելացման ճանապարհով ձեռք բերված միջոցները պետք է ուղղվեն այնպիսի ծախսերի իրականացմանը, որոնք հետագայում այդ պարտքերը մարելու երաշխիք կհանդիսանան:

– Ճգնաժամի ո՞ր փուլում է այս պահին գտնվում Հայաստանը, եթե հաշվի առնենք, որ աշխարհը կարծես թե արդեն դուրս է գալիս ճգնաժամից:

– Թեեւ մտահոգություններ կան, որ համաշխարհային տնտեսության համար ճգնաժամի երկրորդ ալիք կլինի, սակայն առնվազն այս պահին համաշխարհային տնտեսությունը ճգնաժամից դուրս եկած վիճակում է գտնվում: Դրա մասին են վկայում զարգացած երկրների` ԱՄՆ-ի, Եվրամիության անդամ երկրների մակրոտնտեսական ցուցանիշները: Ներկայումս դժվար է կանխագուշակել` երկրորդ ալիք կլինի՞, թե՞ ոչ, ես կարծում եմ, որ այն չի լինի: Մինչդեռ Հայաստանում վիճակը որակապես տարբերվում է այլ երկրներից, մեր երկրում ճգնաժամի անգամ առաջին նախանշանները բավականին ուշ դրսեւորվեցին, իսկ 2008թ. մենք ամփոփեցինք համեմատաբար լավ արդյունքներով: Սակայն այս տարվա առաջին ինը ամսվա տվյալներով՝ տնտեսական անկման ցուցանիշով մենք գերազանցում ենք ոչ միայն ԱՊՀ բոլոր երկրներին, այլեւ առաջատարն ենք համաշխարհային մակարդակով: Այստեղ մտորումների տեղիք է տալիս նաեւ այն, որ ինտեգրված չլինելով համաշխարհային տնտեսության ու հատկապես չունենալով զարգացած ֆինանսական հատված, մենք հայտնվեցինք համեմատաբար ավելի ծանր վիճակում: Հետեւաբար` պետք է հասկանանք, որ խնդիրը մեր մեջ է, պատճառները մեր մեջ են: Օլիգոպոլ համակարգ ասվածը ամենամեղմ գնահատականն է, որը կարելի է տալ մեր երկրին: Մենք գործ ունենք տնտեսության ու քաղաքական համակարգերի սերտաճման հետ, խոշոր բիզնեսը, հանդիսանալով երկրի ղեկավարի սպասավորը, իշխող դիրք ունի ամբողջ կառավարման, անգամ քաղաքական համակարգի նկատմամբ: Բիզնեսի ու իշխանության սերտաճումը հասել է աննախադեպ մակարդակի, մինչդեռ սա ազատական տնտեսավարման ամենաառաջնային կանոնի խախտում է:

– Ժամանակին ՀՀ վարչապետն ու տնտեսական ոլորտի նախարարները ասում էին, թե ճգնաժամը մեզ համար հնարավորություններ էլ է ստեղծում, քանի որ արեւմտյան երկրների կապիտալը իրենց ֆինանսական հատվածում խոր ճգնաժամի պատճառով կարող է «փախնել»-գալ մեր տիպի երկրներ: Նման բան տեղի չունեցավ: Արդյո՞ք կառավարությունը լավ չաշխատեց այս ուղղությամբ:

– Կներեք, բայց դա անլուրջ մոտեցում էր, Հայաստանն այնքան փոքր ու աննշան երկիր է, իսկ այսօր, ցավոք, նաեւ այնքան վատ երկիր է, որ Հայաստանի անունը լսելով՝ անգամ կապիտալը կփախնի: Անցած տարի Հայաստանը աշխարհում հայտնի էր մեկ բանով` դա խայտառակ նախագահական ընտրություններն էին եւ հետընտրական զարգացումները, դա մարտի մեկի գնդակահարությունն էր: Կապիտալը չէ, նույնիսկ մեկ լուման դա տեսնելով՝ կփախչեր Հայաստանից: Մի երկիր, որտեղ ոտնահարվում ու անտեսվում են օրենքները, որտեղ իշխանությունները սեփական վերարտադրությունը ապահովելու համար ուղղակի կաշառում են սեփական ժողովրդին կամ նպաստում կաշառմանը, իսկ դժգոհությունը մարտի մեկով են փակում, եւ որտեղ չգտնվեց իշխանության ներկայացուցիչ գեթ մեկը, որ ցավակցի ու ներողություն խնդրի, չի կարող կապիտալի հանգրվան հանդիսանալ: