«Կայենն առաջին մարդն էր, ով հասկացավ, թե ինչ է մրցակցությունըգ»
Անհայտ հեղինակ
Եթե կազմենք վերջին մեկ ամսվա տնտեսական լրահոսի «հիթ շքերթը», ապա առաջին հորիզոնականում ամենայն հավանականությամբ կհայտնվի մրցակցության թեման։ Դրա մասին միշտ էլ խոսել են։ Ընդ որում, առավել պաթոսով խոսել են հենց այն մարդիկ, ովքեր մեղավոր են Հայաստանում նորմալ մրցակցության բացակայության համար։ Սակայն վերջին շրջանում թեման ավելի մոդայիկ է դարձել։
Խոսակցությունների մեկնարկը տվեց Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն տիկին Նգոզի Օկոնջո-Իվիլան։ Հիշեցնենք, որ տիկնոջ կարծիքով, «Հայաստանի տնտեսությունն ունի օլիգոպոլ կառուցվածք»։ Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե ինչպե՞ս կարելի է լուծել այդ խնդիրը, եթե հենց Հայաստանի ղեկավարներից շատերը (ովքեր կոչված են հենց նման խնդիրներ լուծելու համար) կանգնած են այդ օլիգոպոլ կառուցվածքի ետեւում, տկն Նգոզին պատասխանեց. «Կարծում եմ, սա մի հարց է, որի ուղղությամբ հայ ժողովուրդը պետք է աշխատի եւ ինքը լուծում գտնի»։
Հետո տիկնոջ հետ հեռակա բանավեճի մեջ մտավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Երբ լրագրողները խնդրել էին նրան ասել, թե համաձա՞յն է արդյոք նշված գնահատականի հետ, Գ. Ծառուկյանը պատասխանել էր. «Իհարկե, ոչ։ Նա երբեք ոչ մի բան չի հասկացելգ »։
Այնուհետեւ «խաղի մեջ» մտավ վարչապետ Տ. Սարգսյանը։ Հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում ունեցած ելույթում նա նշեց, որ «երկրի տնտեսությունում առկա են օլիգոպոլիաներ եւ ցածր մրցակցային մակարդակ։ Մենք դա արձանագրում ենք նաեւ գների էլաստիկության կոշտությամբ, ինչը լրջագույն մարտահրավեր է մեզ համար»։
Տկն Նգոզիի այցից երկու շաբաթ անց ՀԲ կառավարիչ-տնօրենին «պաշտպանեց» նաեւ Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը՝ ասելով. «Այո, մենք համաձայն ենք. Հայաստանում դեռեւս շատ օլիգոպոլիաներ եւ մոնոպոլիաներ կան։ Շատ ոլորտներ վերահսկվում են մեկ կամ երկու խոշոր ընկերությունների կողմից»։ Իհարկե, «խասյաթի» համաձայն, տիկինը փորձել էր նաեւ կառավարության սիրտը շահել, որ շատ չնեղվեն՝ ընդգծելով, որ Հայաստանը զգալի առաջընթաց է ապրել, որ անցումը կենտրոնացված պլանային տնտեսությունից շուկայականի երկար գործընթաց է, եւ արդեն իսկ ստեղծվել եւ գործում են շուկայական մեխանիզմներ, եւ այլն։
Հետաքրքիր զուգադիպությամբ (կամ հակառակը) ՀԲ կառավարիչ տնօրենի այցից օրեր անց նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվեցին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Աշոտ Շահնազարյանի լիազորությունները։ Նրան այդ պաշտոնում փոխարինեց Դավիթ Հարությունյանը։ Շատերը լուրը լսելով մտածեցին՝ արդյո՞ք սա Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն է։ Հետո պարզվեց, որ խոսքը գնում է վարչապետի օգնականի մասին։ Իսկ նախկին նախարար, ներկայիս պատգամավոր Դ. Հարությունյանը դժվար թե նշանակվեր այդ պաշտոնում։ Ճիշտ է, նա շատ կրթված մարդ է, սակայն ժամանակը ցույց տվեց, որ պրն Հարությունյանի պատկերացումները տնտեսական մրցակցության մասին, մեղմ ասած, հակասում են մրցակցության օգուտների վերաբերյալ դասական ճշմարտություններին։ Տարիներ առաջ, երբ բջջային կապի ոլորտի մոնոպոլիստ «ԱրմենՏելը» բառի բուն իմաստով թալանում էր ազգաբնակչությանը՝ 250 դրամ րոպեավճարով եւ ձեռքի վրա 200 դոլարով վաճառվող սիմ-քարտերով, պրն Հարությունյանը գտնում էր, որ Հայաստանին երկրորդ օպերատոր պետք չէ, անիմաստ է. մեր շուկային մեկ օպերատորն էլ բավական է։ Իսկ երկու օր առաջ տեղի ունեցավ երրորդ օպերատորի՝ «Օրանջի» բացումը։
Ըստ երեւույթին, տնտեսվարող սուբյեկտների վրա Դ. Հարությունյանի նշանակումը սթափեցնող ազդեցություն ամենեւին չի գործել, քանի որ կադրային այս փոփոխությունից անմիջապես հետո թանկացավ բենզինը, դեղորայքը, կարագը եւ այլն։ Հանձնաժողովն, իհարկե, քաջաբար առաջ նետվեց։ Տնտեսվարող սուբյեկտներից տեղեկություններ պահանջեց այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վառելիքի ներկրման եւ իրացման գների, ներկրման ծավալների վերաբերյալ: Իսկ դեղերի, կարագի եւ բուսական յուղի շուկաներում պարզաբանումներ կպահանջի գների բարձրացման հիմնավորումների կամ դրանց համար պատճառ հանդիսացած գործոնների վերաբերյալ: Ստացված նյութերի վերլուծության արդյունքում կորոշվի վարույթներ հարուցելու հիմքերի առկայության հարցը: Ինչպես եւ նախորդ դեպքերում, այս անգամ նույնպես բանը կավարտվի ծիծաղելի փոքր տուգանքներով։ Գները չեն իջնի, գին թելադրողներն էլ՝ իրենց օլիգոպոլ կամ մոնոպոլ դիրքով, կսպասեն մեկ-երկու ամիս՝ հերթական անգամ գները թանկացնելու համար։ Որքան էլ հանձնաժողովը տուգանի կամ նկատողություն անի, միեւնույն է՝ ոչինչ չի փոխվելու։ Առանց բուն պատճառը՝ օլիգոպոլ կամ մոնոպոլ դաշտը կարգավորելու, խնդիրները չեն լուծվի, ինչպես գրիպը չի բուժվում՝ քիթը սրբելով։
Իսկ բուն պատճառի դե՞մ ինչպես պայքարել։ Օրենսդրությունը կարծես նորմալ է, համապատասխան կառույցներն ու ռեսուրսները կան։ Ոմանք խնդիրը անձերի հետ են կապում, ոմանք՝ քաղաքական կամքի, ոմանք՝ էլ ազգային մենթալիտետի։ «Պոլիտէկոնոմիա» կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանն եւ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ այս ամենին ավելացնում են համակարգի խնդիրը։ Այսինքն՝ նրանց կարծիքով, ՏՄՊՊՀ-ն եւ Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը (ՀԾԿՊ) ունակ չեն մրցակցություն ապահովել եւ պայքարել մենաշնորհների դեմ։ «Այսօր այդ հանձնաժողովները հաճախ մենաշնորհային դիրք ունեցողների համար փաստաբանի դեր են կատարում եւ հասարակությանը սկսում են բացատրել, թե ինչու բարձրացավ այս կամ այն ապրանքի գինը, փոխանակ պաշտպանեն հասարակության շահերը ընդդեմ խոշոր մոնոպոլիստների»,- ասում են նրանք եւ առաջարկում ընդունել օրենք՝ «Հակամենաշնորհային կարգավորման մասին»: Նախագիծն արդեն մշակել են։ Ընդ որում, այդ օրինագծով նախատեսվում է ստեղծել հակամենաշնորհային կարգավորման խորհուրդ, որի մեջ կգործեն ՏՄՊՊՀ-ն, ՀԾԿՊ-ն, ինչպես նաեւ՝ բուն հակամենաշնորհային մարմինը: Այսինքն՝ երեքը՝ մեկում։ Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ նոր կառույցը նույնպես «մոնոպոլիստների փաստաբանի» դերը չի ստանձնի։ Հեղինակները, որպես հիմնական փաստարկ, նշում են, որ այդ խորհուրդը պետք է ֆինանսավորվի ոչ թե գործարարների, այլ միայն բյուջեի միջոցների հաշվին: Այդպիսով՝ ավելի անկաշկանդ ու արդար կլինի։ Թերեւս այնքան արդար ու անաչառ, որքան, ասենք, նախարարները, դատավորները եւ բյուջեից ֆինանսավորվող մյուս «հրեշտակները»։
Ամփոփելով այս տխուր թեման, կարելի է փաստել, որ մոտ ապագայում մեզանում դժվար թե նորմալ մրցակցային միջավայր ստեղծվի։ Չնայած, ինչպես ասում են, առանց մրցակցության կյանքի որակն ավելի ցածր է, բայց քունը՝ ավելի հանգիստ։ Չկա չարիք՝ առանց բարիքի։