Մխիթարվենք. «մարդ բանական» ենք

07/11/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Դուք զբաղվում եք գենետիկայով, մարդաբան եք, ուսումնասիրում եք մարդու ծագումը, զարգացումը, այդ թվում` էթնիկական խմբերի ծագումն ու զարգացումը: Հատկապես մեր տարածաշրջանում սուր են ընկալվում հարցերը` ո՞ւմ արմատներն են ավելի հին, ովքե՞ր են ի սկզբանե ապրել այս տարածքում: Գիտությունը կարո՞ղ է հիմնավորումներով տալ այս հարցերի պատասխանը:

– Իհարկե: Հատկապես վերջին 20-25 տարիների ընթացքում կտրուկ առաջընթաց ունենք այդ ուղղությամբ: Արդեն սկսել ենք ուսումնասիրել մարդու ծագումնաբանությունը եւ տարբեր էթնիկական խմբերի ձեւավորումն ու զարգացումը` օգտագործելով շատ նուրբ հատկանիշներ, ինչպիսիք են մոլեկուլային հատկանիշները, այսինքն` ԴՆԹ-ն: Մարդու ուսումնասիրության ավելի խոր, ավելի նուրբ մակարդակ առայժմ չկա: Արդեն 25 տարի զբաղվում ենք հայ ժողովրդի եւ տարածաշրջանի ժողովուրդների ծագումնաբանության հարցերով` օգտագործելով մոլեկուլային գենետիկական հատկանիշները:

– Հիմա, երբ օրակարգում է հայ-թուրքական հարաբերությունների վերահաստատումը, հիշում ենք 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միտքը, թե հայերը եւ թուրքերը գենետիկորեն անհամատեղելի են: Դա սուբյեկտի՞վ ընկալում է, թե՞ գիտական նման եզրակացություն կա:

– Ոչ մի մասնագետ իրեն երբեք թույլ չի տա այդպիսի բան ասել այն պարզ պատճառով, որ Երկրագնդի բոլոր մարդիկ պատկանում են նույն տեսակին` այսինքն` բանական մարդուն: Դա նշանակում է, որ մենք գենետիկորեն նույնն ենք. կրում ենք նույն թվով գեներ, բազմանում ենք նույն ձեւով: Որպեսզի պարզ լինի, թե մարդկությունը որքան է միմյանց նման, ասեմ, որ մեր գենետիկական բազմազանությունը տեղավորվում է ընդամենը 0,2%-ի սահմաններում: Այսինքն` 99,8%-ով բոլորս նույնն ենք, իսկ այդ 0,2% տարբերությունն էլ ըստ գեների տարբերակների է: Այսինքն` մենք տարբերվում ենք աչքի ձեւով, մաշկի գույնով եւ այլ ֆիզիոլոգիական կամ կենսաքիմիական հատկանիշների դրսեւորումներով:

– Ձեր բացատրությունն ըստ Աստվածաշնչի՞ է, թե՞ գիտական, եւ շա՞տ են տարբերությունները:

– Իհարկե, կա երկու մոտեցում: Մի քանի տարի առաջ բախտ եմ ունեցել դասավանդել ճեմարանում: Ինձ հրավիրեցին հոգեւոր դասի ապագա ներկայացուցիչներին բացատրելու` ի՞նչ է կատարվում ժամանակակից մոլեկուլային գենետիկայում եւ որքանո՞վ է այդ գիտությունը համատեղելի Աստվածաշնչի հետ: Հետաքրքիր էր` ո՛չ ես էի վիճում, ո՛չ իրենք: Ես ներկայացնում էի գիտության տեսակետը եւ փորձում համեմատել կամ համադրել Աստվածաշնչին: Սակայն հիմա ես կխոսեմ միայն գիտական տեսակետի մասին, քանի որ Աստվածաշնչինը բոլորին հայտնի է: Ես չեմ կարող ասել, թե Աստվածաշնչի` մարդու ստեղծման պատմությանը կողմ չեմ: Պարզապես`գիտնական եմ, եւ փորձում եմ բոլոր երեւույթների համար գտնել ապացույց: Եթե կարող ես ապացուցել եւ վերարտադրել այս կամ այն երեւույթը, այդ դեպքում կարող ես ասել, որ գիտականորեն հիմնավորված է:

– Եվ գիտությունը պարզել է, որ մարդը ծագել է Աֆրիկայո՞ւմ: Հայերիս համար դա ծանր հարված է:

– 25 տարի է` կիրառում ենք մարդու ուսումնասիրության մոլեկուլային մեթոդները: Այո՛, ապացուցված է, որ ժամանակակից մարդը ծագել է մոտ 150-200 հազար տարի առաջ` Աֆրիկայում եւ բազմանալով ու զարգանալու ցանկություն ունենալով` տարածվել է ողջ երկրագնդով: Մեր տարածաշրջանում ժամանակակից մարդը հայտնվել է մոտ 50-60 հազար տարի առաջ: Ովքե՞ր են եղել մեր նախնիները: Պարզ է` ոչ հայեր, ադրբեջանցիներ կամ թուրքեր: Այս բոլոր հասկացությունները, դասակարգումը ձեւավորվել է շատ-շատ ուշ: Ի՞նչ է նշանակում՝ տարբերություն ժողովուրդների միջեւ. եթե սկսել են ապրել տարբեր վայրերում, նրանք սկսել են մեկուսանալ: Այդ մեկուսացումն է դարձել մարդկանց միջեւ տարբերության ձեւավորման պատճառ: Եթե տեղի է ունեցել մուտացիա, օրինակ` փոխվել է մաշկի գույնը, աչքի ձեւը եւ այլն, դա չի ազդել մարդկանց մտավոր ունակությունների վրա այն պարզ պատճառով, որ չունենք մարդու մտավոր զարգացումը հսկող հատուկ մուտացիաներ, որոնք բնորոշ են այս կամ այն ժողովրդին, բայց բացակայում են մյուս ժողովրդի մոտ:

– Սակայն ռասայական խտրականության հիմքը հենց այս կամ այն ազգին կամ ռասային մտավոր թերարժեք համարելն է։

– Այո, բայց ռասայական տեսության պատճառը քաղաքականն է: Օրինակ, ֆաշիստական Գերմանիան, որոնք առաջ քաշեցին իրենց` արիական ցեղին պատկանելու գաղափարը, որը ոչ մի հիմք չունի: Ի՞նչ արիական ցեղի մասին կարող են խոսել գերմանացիները, եթե արիականությունը Հնդկաստանի կամ Իրանի հետ կապված հասկացություն է: Այսինքն` պետք էր առաջ քաշել արդարացում` այս կամ այն ժողովրդին բնաջնջելու համար:

– Եթե Երկրագնդի մարդիկ, ինչպես նշեցիք, ունեն գենետիկական նույն պատկերը, հետեւաբար` կարծիքը, թե հայերս մեր պատմության բերումով ձեռք ենք բերել գենետիկական նոր հատկանիշներ, որոնք թույլ են տալիս, ի տարբերություն այլ ժողովուրդների, չբնաջնջվել, գոյատեւել, անցնել դարերի միջով, գիտական հիմնավորում չունի՞:

– Այդ հատկանիշները հոգեբանական եւ հոգեֆիզիոլոգիական բնույթի են` ժառանգական եւ արտաքին գործոնների ազդեցության տակ ենթարկվելով բնական ընտրությանը: Բազմադարյա տառապանքների եւ հալածանքների, պարտադրված գաղթի պայմաններում հայերը ձեռք են բերել առանձնահատկություններ, որոնք թույլ են տվել փրկվել, հարմարվել օտար միջավայրին, գոյատեւել եւ բարգավաճել: Եվ այդ ամենը` շնորհիվ մեր գենետիկական ներուժի:

– Ասացիք, որ այս տարածաշրջանում ժամանակակից մարդը հայտնվել է մոտ 50-60 հազար տարի առաջ: Փաստորեն, Հայկական բարձրավանդակն, ինչպեսեւ Հարավային Կովկասը, այն տարածքն են, որտեղ ի սկզբանե ապրել է մարդ բանականը: Գիտությունն այսօր հնարավորություն ունի՞ վերականգնել այդ բնակչության գենետիկական պատմությունը:

– Իհարկե: Ընդ որում, մենք դա անելու հնարավորություն ունենք ոչ թե դամբարանների պեղումների միջոցով, այլ ժամանակակից ժողովուրդներին ուսումնասիրելով: Ցանկացած ժողովուրդ արդյունք է տարբեր աշխարհագրական խմբերի եւ զանազան ցեղերի շփման: Եվ եթե այսօր 6, 7, 10 հազար տարի ետ նայենք, կտեսնենք, որ նմանություն կա եւ՛ Անատոլիայի արեւելյան մասի ժողովուրդների, եւ՛ այսօրվա Հայաստանում բնակվող հայերի միջեւ: Բայց հարցն այն է` ի՞նչ չափով է այդ նմանությունը ներկայացված ժամանակակից հայերի, ժամանակակից թուրքերի, հարակից ժողովուրդների մոտ: «Ժողովուրդ» բառի սահմանումը հիմնված է տարբեր չափորոշիչների վրա: Առաջինը լեզուն է, ապա տարածքը, որտեղ ապրում են, ինչպես նաեւ ժողովուրդների ընկալումը, յուրաքանչյուր մարդու ընկալումը, որ նրանք ունեն ընդհանուր պատմամշակութային ժառանգություն: Յուրաքանչյուր ազգ ձգտում է ներկայանալ որպես հին ժողովուրդ: Եվ դա կարծես լրացուցիչ հպարտություն է առաջացնում ինքնագիտակցության առումով: Ցանկացած ժողովուրդ իրավունք ունի խոսել այդ մասին: Պարզապես պետք է տարբերակել` նա հին է` որպես հազարավոր տարիներ գենետիկորեն մեկուսացա՞ծ միավորում, թե՞ միայն որպես պատմամշակութային միավորում: Վերջինիս համար հիմք են նաեւ պատմական աղբյուրները: Բայց որքան ետ գնանք, այնքան պատմական աղբյուրները նվազում են, եւ ոչ մի ապացույց այդ առումով չենք կարող բերել: Այսօրվա գենետիկական մեթոդները թույլ են տալիս ասել, որ հայերի գենետիկական պատմությունը սկիզբ է առել մոտ 5-7 հազար տարի առաջ, այսինքն` հայերի ձեւավորման ակունքները սկիզբ են առել այն ժամանակ, երբ սկսել է առանձնանալ հնդեվրոպական ընտանիքից հայերենը` որպես առանձին լեզու: Այս իմաստով կարող ենք ասել` հին ժողովուրդ ենք, եւ այսօր կարելի է ապացուցել, որ հայերը բնիկ ժողովուրդ են Հայկական բարձրավանդակում:

– Իսկ թուրքե՞րը:

– Ի՞նչ է նշանակում՝ թուրք: Մեր տարածաշրջանում թուրքական տարրն ի հայտ է եկել ընդամենը վերջին հազարամյակում: Այսինքն` թյուրքական լեզվով խոսող ցեղերը տեղափոխվելով, գաղթելով Կենտրոնական Ասիայից դեպի Անատոլիա` դեպի Հայկական բարձրավանդակ, կարողացել են իրենց լեզուն, հետագայում՝ նաեւ կրոնը եւ, որ ամենակարեւորն է, ինքնագիտակցությունը, այսինքն` իդենտիֆիկացիան, պարտադրել կամ արմատավորել միլիոնավոր մարդկանց շրջանում: Այսօր այդ ողջ բազմությունը, որ մոտ 70 միլիոն է, իրենց ընկալում են որպես թուրքեր: Ես ինքս դրան այնքան էլ չեմ հավատում, քանի որ այդ պրոցեսները, ըստ վավերագրերի, տեղի է ունեցել թրով եւ սրով:

– Հնարավո՞ր է զատել, թե, դիցուք, Թուրքիայում որքան մարդ է իրեն ընկալում որպես թուրք եւ քանիսը` ոչ: Նկատի ունեմ` կարելի է ունենալ անձնագիր, ուր ազգություն որպես նշված է` թուրք, սակայն դավանանքով, ազգային ավանդույթներով շարունակել մնալ հայ, թուրք, հրեա:

– Այսօր ամենահավաստին մոլեկուլային գենետիկական տվյալներն են, որոնք թույլ են տալիս ասել` այսօրվա Թուրքիայի ժողովրդագրական, նաեւ գենետիկական պատկերը շատ բազմազան է, քանի որ այնտեղ բնակվել եւ բնակվում են բազմաթիվ ժողովուրդներ: Երկար տարիներ նրանք եղել են համեմատաբար մեկուսացված, ձեւավորել են ինչպես գենետիկական, այնպես էլ պատմամշակութային առանձնահատկություններ: Այդ հատկանիշների ձեւավորումից հետո նրանց ստիպողաբար միավորել են մի գաղափարի, չասեմ` շուրջ, տակ, քանի որ համախմբումը եղել է բռնի ուժով: Չեմ կարծում, որ նրանք բոլորը ձուլվել են այդ գաղափարի շուրջ: Կարծում եմ, որ նրանց մի մասը պահպանել է ոչ միայն գենետիկական առանձնահատկությունները: Մոտ 5 տարի առաջ Ստենֆորդի համալսարանում մասնագետներն ուսումնասիրեցին Թուրքիայի գենետիկական պատմությունը: Աշխատանքը հիմնականում օբյեկտիվ էր, բայց ուներ մի բացթողում` չէր նշվում` ի՞նչ ծագում ունեին այդ ուսումնասիրության մեջ ներգրավված մարդիկ: Այսօր մենք հնարավորություն ունենք տեսնել` ծագումնաբանական ի՞նչ հատկանիշներ ունեն այն խմբերը, որոնք ուսումնասիրվել էին: Ասեմ` շատ պարզ երեւում է, որ Թուրքիայի հյուսիս-արեւելյան մասը համշենցիներն են: Համշենահայերին ուսումնասիրելիս` տեսնում ենք նույն գենետիկական պատկերը: Հրեաները հարավային մասում են, մի խումբը քրդեր են եւ այլն: Այսինքն` թուրքերը պետականության գաղափարի կիրառման առումով մեծ հաջողության են հասել իրենց տեսակետից` կարողացել են այդ էթնիկական բազմազանությունը բերել մեկ ընդհանուր գաղափարախոսության, լեզվի, կրոնի:

– ՀՀ-ում ուսումնասիրություններ արվե՞լ են:

– Այո, ուսումնասիրել ենք մոտ 2000 հայի: Ուսումնասիրում ենք տարբեր աշխարհագրական խմբեր` սկսած Արեւելյան Հայաստանից, այսինքն` Ղարաբաղից` մինչյեւ Կիլիկիա: Ձգտում ենք վերականգնել այն սկզբնական խճանկարը, որն այսօր քողարկված է: 5-7 հազար տարի առաջ հայերի ձեւավորման գործընթացում ներգրավված են եղել ոչ միայն հայախոս ցեղերը, որոնք ի սկզբանե իրենց գուցե համարել են հայ, այլեւ տարբեր ծագում ունեցող եւ տարբեր լեզուներով խոսող խմբեր: Այսօր տեսնում ենք, որ մեր գենետիկական բազմազանությունը կամ արմատների թիվը շատ մեծ է, եւ դա մեր առավելությունն է: Գենետիկայի տեսակետից մենք շատ կայուն ժողովուրդ ենք: Երբ ասում են` հայերը, որպես հին ժողովուրդ, ծերացել են, մարում են, դա համարում եմ դիլետանտական մեկնաբանում, քանի որ մեր բազմազանության աստիճանն այսօր համեմատելի է ժամանակակից թուրքերի բազմազանության հետ: Այլ բան է, որ պետք է կարողանանք պաշտպանել եւ պահպանել այդ բազմազանությունը, նշանակում է` պետք է մտածենք, որ մեր կենսաբանական զարգացումն ընթանա ոչ միայն ՀՀ-ում բնակվող ժողովուրդների սահմանում, այլեւ ներգրավելով Սփյուռքի հզոր գենետիկական ներուժը:

– Այսինքն` մարդաբանությունը եւ գենետիկան զուտ մշակութային, գիտական արժեք են ներկայացնում եւ որեւէ ձեւով չեն ազդում քաղաքական ընթացքի վրա: Յուրաքանչյուր ժողովուրդ ձգտում է իրեն ներկայացնել որպես հնագույն արմատներ ունեցող, սակայն ժամանակակից պատմությունը ցույց է տալիս, որ նման հավակնությունները` բացի հոգեբանական մխիթարությունից, ոչինչ չեն տալիս այդ ժողովուրդներին:

– Կենսաբանորեն ժամանակակից թուրքերի միայն 6%-ն է թուրք, իսկ 94%-ը բնիկ ծագում ունի: Նկատի ունեմ` գենոֆոնդը: Եվ երբ խոսում ենք` բնի՞կ է ժողովուրդը, թե՞ ոչ, իհարկե` բնիկ է, բայց թուրք լինելու գաղափարը ընդամենը 9 դար առաջ է ի հայտ եկել: Երբ ասում ենք` ադրբեջանցիները բնիկ չեն, պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանցի լինելը բնիկ չէ, բայց ժողովուրդը երբեք չի անհայտանում կամ բնաջնջվում, ուղղակի ժողովրդի ընկալումը, իդենտիֆիկացիան է փոխվում, բայց որ այսօրվա ադրբեջանցիները կենսաբանական ժառանգորդ են նաեւ այնտեղ մի քանի հազար տարի ապրող ժողովուրդների: Բայց պարզ է, որ այնտեղ եկել են արաբները, պարսիկները, թուրքերը եւ այլն: Ինչ վերաբերում է մեր հարեւանների կողմից տարածվող այն ինֆորմացիային, թե հայերը եկվոր են Արեւելյան Հայաստանում, անհեթեթություն է: Պարզել ենք, որ այս Արեւելյան Հայաստանի գենոֆոնդի 40-50%-ը սկիզբ է առել 40-50 հազար տարի առաջ: Այսինքն` ի սկզբանե մեր գենետիկական նախնիներն ապրել են Արեւելյան Հայաստանում:

– Նշեցիք, որ Երկրագնդի բնակչությունը պատկանում է «մարդ բանական» տեսակին, սակայն այն, ինչ կատարվում է աշխարհում` նկատի ունեմ` մարդկանց, ժողովուրդների, պետությունների փոխհարաբերությունը, դժվար է տեղավորել բանականության սահմաններում: Հնարավո՞ր է վեր կանգնել ցածր բնազդներից եւ փորձել խաղաղ գոյատեւել միմյանց հարեւանությամբ:

– Պետք է բանականությունը գերիշխի, սթափ դատողությունը բարձր լինի քաղաքական շահերից: Քաղաքական գործիչները քաղաքական նպատակների համար օգտագործում են կեղծ տվյալներ, կեղծ գաղափարներ: Գիտությունը կոչված է մոտեցնել, միացնել ժողովուրդներին: Երբ գիտությունը բաժանում է, նշանակում է՝ որեւէ քաղաքական գործիչ է խառնվել: Ե՛վ միջուկային զենքի ստեղծումն է այդպես, եւ՛ ռասիզմը: 2003թ.-ին Բրիտանական խորհրդին առաջարկեցի կազմակերպել Հարավային Կովկասի 3 ժողովուրդների համատեղ գենետիկական ուսումնասիրությունը: Ադրբեջանցիները չցանկացան, վրացիներն այլ հարցերով էին զբաղված: Պատճառն այն է, որ մեր հարեւանները չեն ցանկանում մասնակցել այդ ծրագրին, քանի որ ցանկանում են քողարկել, որ այսօր այդ երկրներում ապրում են մարդիկ, ովքեր ունեն տարբեր ծագում եւ էթնիկական իդենտիֆիկացիա: Հուսով եմ, որ ոչ հեռու ապագայում հնարավոր կլինի իրականացնել նշված ծրագիրը: