Ինչպես են խլում սեփականությունը

07/11/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մի քանի օր առաջ մեր թերթի խմբագրություն էր դիմել քաղաքացի Լուիզա Բալասանյանը, ով պատմում էր, թե ինչպես են անօրինական ճանապարհով իրենից խլել ժառանգությունը եւ ինչպես են մեր «արդարադատ» դատական ատյանները պաշտպանում ճշմարտությունը` իհարկե, մեկը մյուսի գործին «չխփելու» սկզբունքով:

Եվ այսպես, 1919թ. Լուիզա Բալասանյանի հայրը` Տիգրան Բալասանյանը, հրապարակային սակարկությունների ժամանակ ձեռք է բերել այն ժամանակ Երեւանի Սվերդլովի, այժմ` Բյուզանդի 16 հասցեում գտնվող տունն իր բակով: Հենց այս տանն էլ 1930թ. ծնվել է Լուիզա Բալասանյանը, ում ծննդից 6 տարի հետո հայրը` Տիգրան Բալասանյանը, մահացել է: Հոր մահից հետո նրան սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը եւ բակը ժառանգաբար անցել է իրավահաջորդներին` Տ. Բալասանյանի այրուն` Անահիտ Բալասանյանին, եւ դստերը` Լուիզա Բալասանյանին, ընդ որում` նրանցից յուրաքանչյուրը տան 1/2-ի սեփականատերն էր: Արդեն 1987թ. ապրիլի 30-ին Անահիտ Բալասանյանն իր բաժինը եւս նվիրում է դստերը` համաձայն այդ տարիներին գործող ՀՀ ՔՕ-ի 92 եւ 256,257 հոդվածների պահանջներին: Այսինքն` Լուիզա Բալասանյանը փաստացի դառնում է տան միակ սեփականատերը եւ 1987թ. հունիսին ստանում է տվյալ հասցեով իր տեխնիկական անձնագիրը: Դրանից 4 տարի անց` 1991թ., Լ. Բալասանյանը Հողային օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` դառնում է նաեւ Բյուզանդի 16 հասցեում գտնվող 490քմ հողամասի միակ սեփականատերը: «Մինչեւ 1940թ. ես ապրել եմ այդ տանը, հետո գնացի Թիֆլիս, այնտեղ ավարտեցի դպրոցն ու նորից վերադարձա Երեւան: Ուսանողական տարիներին ես ապրում էի այդ տանը: Մեր ապրած տարիներին տնվորներ կային, ոմանք մահացան, ոմանք էլ առուվաճառք կատարեցին` այդ տարիներին թաղամասի լիազոր Զարիկ Ամիրյանի միջնորդությամբ: Հիմա էդ մարդիկ չկան»,- պատմում է Լուիզա Ամիրյանը` հիշելով, թե ինչպես Զարիկ Ամիրյանի թոռները խնդրում էին իրեն, որ իր սեփականության մի մասը վաճառեր: «Իրենք ուզում էին խազյաին դառնան: Գումար առաջարկեցին, եւ ես հրաժարվեցի: 300 դոլար մեկը առաջարկեց, 500-ը` մեկը, 2000 դոլար՝ մյուսը»,- ասում է Բյուզանդի 16 հասցեի, այսօր արդեն նվիրատվությունը կորցրած կինը, ում սեփական տունն ու հողամասն այսօր ունի «տերեր», որոնցից առաջին ընտանիքը Բյուզանդի 16 հասցեում հաստատվել է 1956թ.: Ի դեպ, պարզվում է` վերջիններս դեռեւս գթությունը չեն կորցրել եւ մտահոգվել են սեփականատիրոջ ապագայով: «Ես լավ հիշում եմ` ինձ առաջարկել էին մի շան բուն` ասելով, որ ես իրենցից ձեռք քաշեմ ու տունը իրենց վրա ձեւակերպեմ: Ես ասացի` ինձ էդ շան բունը պետք չի»,- ասում է Լուիզա Բալասանյանը, ով այսօր փորձում է ապացուցել, որ ինքը Բյուզանդի 16 հասցեում գտնվող տան միակ ժառանգորդն ու սեփականատերն է: Չնայած, ըստ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների իրավասության դատարանը քննելով Արթուր Մկրտչյանի, Ռիմա Իսպիրյանի, Վահագն Գրիգորյանի, Հռիփսիմե Հարությունյանի, Գայանե Մկրտչյանի, Լիդա Բարսեղյանի, Աթաբեկ Արսենյանի, Գոհար Պետրոսյանի, Արմեն Թահրյանի հայցը ընդդեմ Լուիզա Բալասանյանի` սեփականության իրավունքի դադարեցման եւ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին` բավարարել է, եւ դադարեցրել Լ. Բալասանյանի սեփականության իրավունքը Երեւան քաղաքի Բյուզանդի 16 հասցեի 490քմ մակերեսով հողամասի եւ դրանով ծանրաբեռնված 278,44քմ մակերեսով շինությունների նկատմամբ եւ ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետման եղանակը: «Ու ամենահետաքրքիրն այն է, որ էդ մարդիկ նկարներ էին բերել դատարան, որտեղ ցույց էին տալիս, թե իբր իրենք նկարվել են էդ տանը: Բայց դա ինչ առնչություն ունի գործի հետ: Ես է՞լ գնամ իմ նկարները բերեմ»,- դատարանի վճռից վիրավորված` նշում է արդեն նախկին սեփականատերը, ով վճռի նկատմամբ իր բողոքով դիմել է նաեւ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, որոնք կրկին պաշտպանել են «օրինական» ու «արդարացի» վճիռը: «Հետաքրքիր է նաեւ այն, որ դատարանի որոշման հիմքում նշվել էին այնպիսի հանգամանքներ, ինչպիսին Լուիզա Բալասանյանի այլ վայրում սեփականություն ունենալը: Չգիտեմ, թե ի՞նչ կլինի` միգուցե Եվրադատարա՞ն դիմեմ»,- եզրափակում է Լ. Բալասանյանը, ով ամեն դեպքում մեծ ցավ է զգում իր մանկության տան կորստի համար, որի ճակատագիրը շատ հանգիստ վճռվեց ՀՀ դատարաններում: