Վերջին օրերին հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել Կարեն
Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որը, ըստ մամուլի
տեղեկությունների, պատրաստվում է սեփականաշնորհել մոսկվահայ գործարար,
«ԲԱՄՕ» շինարարական կազմակերպության սեփականատեր Մուրադ Մուրադյանը: Նա ՀՀ
ԱԺ պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ Հարություն
Մուրադյանի եղբայրն է: Վերջինս երկու օր առաջ «Առավոտին» տված
հարցազրույցում, մեղմ ասած, չէր ողջունել իր եղբոր կողմից մարզահամերգային
համալիրը սեփականաշնորհելու առաջարկը: «Ես այնքան եմ զայրացել, որ առայժմ
եղբորս հետ չեմ խոսել: Հնարավոր է, որ ինքը նման առաջարկություն արած
լինի: Բայց համոզված եմ եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ
դա ոչ բարի խորհրդատուի անհաջող խորհուրդ է»,- ասել էր Հարություն
Մուրադյանը: Երեկ մենք կապվեցինք «ԲԱՄՕ»-ի սեփականատեր Մուրադ Մուրադյանի
հետ, որի հետ հեռախոսային հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:
– Պրն Մուրադյան, իրականությանը համապատասխանո՞ւմ են այն
տեղեկությունները, որ դուք Ռոբերտ Քոչարյանին մարզահամերգային համալիրը
սեփականաշնորհելու առաջարկ եք ներկայացրել:
– Այո: Ես մոտ 20 օր առաջ նման առաջարկով դիմել եմ նախագահին եւ սպասում ենք, որ մինչեւ այս ամսվա վերջ պատասխան կստանանք:
– Մարզահամերգային համալիրն ընդգրկված չէ սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցուցակում, ինչպե՞ս է այդ խնդիրը կարգավորվելու:
– Հավանաբար, որեւէ մեխանիզմ կգտնեն: Դրա համար էլ այժմ ուսումնասիրում են, որպեսզի այդ հարցը լուծեն իրավական ճանապարհով:
– Իսկ որքա՞ն գումար եք պատրաստվում վճարել մարզահամերգային համալիրի համար:
– Մենք առաջարկել ենք 15 մլն դոլար` վաճառքի եւ ներդրումային ծրագրի
համար, բայց կտեսնենք, թե ինչ առաջարկություն կանի Հայաստանի
կառավարությունը: Այդ գումարից սկզբում միանվագ` շուրջ 6 մլն դոլար
մուծվելու է պետական բյուջե, իսկ մնացած 9-10 մլն դոլարի ներդրումները
կատարվելու են 3 տարվա ընթացքում, որովհետեւ մենք նախատեսում ենք
շինարարական աշխատանքներին զուգահեռ շահագործել համալիրը: Եթե
կառավարությունն ընդունի մեր առաջարկը, մենք կգանք, մամուլի ասուլիս
կհրավիրենք, մանրամասն կներկայացնենք մեր ծրագրերը:
– Սեփականաշնորհման դեպքում պահպանելո՞ւ եք համալիրի ուղղվածությունը:
Մամուլում տեղեկություններ եղան, որ ցանկանում եք դրա փոխարեն հյուրանոց
կառուցել:
– Առնվազն հիմարություն կլինի այդպիսի կառույցը հյուրանոց դարձնել,
որովհետեւ Հայաստանում կան տասնյակ հյուրանոցներ: Համալիրը շահագործվելու
է միմիայն համերգային ու սպորտային միջոցառումների համար: Ես գիտեմ, որ
մարզահամերգային համալիրի սկզբնական նախագծում սառցադաշտ է եղել, որը մինչ
այսօր չի շահագործվել, եւ մենք պատրաստվում ենք նաեւ սառցադաշտ կառուցել:
Մեր ընկերությունը կառուցել է Մոսկվայի «խպՊՏՉօռ ՊՉՏՐպՓ»-ը։
– Ձեր եղբայրը` Հարություն Մուրադյանը, բավական վատ էր մեկնաբանել
համալիրը սեփականաշնորհելու ձեր գաղափարը: Նա հայտարարել էր, որ 2000
թվականին ձեր եղբայրները դիմել են կառավարությանը` «ԿանԱԶ» գործարանը
սեփականաշնորհելու առաջարկով, ընդ որում, երկու անգամ ավելի ձեռնտու
պայմաններով, քան ներկայիս սեփականատերը, բայց իշխանությունները` հաշվի
առնելով իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը, մերժել են ձեր
ընտանիքին: Եվ նա բացառել էր, որ ձեր առաջարկը կարող է ընդունվել
Հայաստանի իշխանությունների կողմից:
– «ԿանԱԶ» գործարանի հետ կապված, իսկապես, եղել է այդպիսի դիմում, բայց
չեն ընդունել, քանի որ, իրենց կարծիքով, ավելի ճիշտ օպերատոր են ընտրել:
Իսկ եղբորս բացասական վերաբերմունքի հետ կապված ասեմ, որ նա շատ
հայրենասեր տղա է եւ ինքը տեղյակ էլ չի եղել, որ ես մարզահամերգային
համալիրը սեփականաշնորհելու առաջարկ եմ ներկայացրել: Այնպես որ, ամեն ինչ
նորմալ է: Եղբայրս խոսել է որպես քաղաքական գործիչ: Պարզապես նա
մտավախություն ունի, որ որպես կառույց համալիրը շահագործելը շատ դժվար
կլինի, որովհետեւ դա շատ պատասխանատու աշխատանք է: Նա նաեւ
մտավախություններ ունի, որ Հայաստանի իշխանությունները մեզ կընդունեն
որպես թիրախ: Բայց մենք զրուցել ենք, ու այսօր մեր միջեւ
տարաձայնություններ չկան:
– Տեղեկություններ հրապարակվեցին, թե այս գործարքի հետ առնչություն
ունի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, որը դառնալու է մարզահամերգային
համալիրի բաժնետերերից մեկը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ լուրերը:
– Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան ընդհանրապես
գոյություն չունի: Մենք բավական ինքնուրույն մարդիկ ենք եւ կարողանում ենք
ինքնուրույն որոշումներ ընդունել: Մեր ընկերությունը Ռուսաստանում գործող
հայտնի ընկերություն է, զբաղվում է շինարարությամբ եւ շինարարական
նյութերի արտադրությամբ, եւ համալիրում ներդրվելու է մեր սեփական
կապիտալը: Մեր հոլդինգի մեջ մտնում են 10-15 ընկերություններ: Եվ ոչ մի
քաղաքապետ դրա հետ կապ չունի:
– Մարզահամերգային համալիրի աշխատակիցները մտավախություն ունեն, որ
սեփականաշնորհումից հետո կազատվեն աշխատանքից, եւ իրենց այլընտրանքային
աշխատանք չի առաջարկվի: Ըստ ձեր բիզնես-ծրագրի, պահպանվելո՞ւ է համալիրի
կոլեկտիվը:
– Մեր առաջարկության մեջ նշված է, որ մենք առնվազն մեկ տարի պահպանենք 100
աշխատակիցների, որոնք հիմա չեն աշխատում, բայց ընդգրկված են աշխատավարձի
ցուցակում: Մենք պարտավորվել ենք սեփականաշնորհման դեպքում նրանց հետ
աշխատանքային պայմանագրեր կնքել:
– Ձեր կարծիքով Հայաստանի իշխանությունները կընդունե՞ն ձեր առաջարկը:
– Կարծում եմ` դրական պատասխան կստանանք: Որպես շինարարական օբյեկտ
կառույցի այսօրվա վիճակը հաշվի առնելով, կարծում եմ` մեր առաջարկը
կընդունվի:
– Հայաստանում մեծ օբյեկտների սեփականաշնորհման նկատմամբ հասարակության
ուշադրությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ որպես կանոն նման
գործարքներն ունենում են ստվերային կողմեր, հետագայում պարզվում է, որ
սեփականատերն իշխանության այս կամ այն ներկայացուցիչն է: Դուք որեւէ մեկի
հետ նման պայմանավորվածություններ ունե՞ք:
– Ես Ռուսաստանում երկար տարիներ աշխատած գործարար եմ եւ ստվերային
գործարքներն ուղղակի բացառում եմ: Ես դիմել եմ ուղիղ հանրապետության
նախագահին, նա բավական երկար մտածել է, իմ մասին տեղեկություններ է
հավաքել, դրանից հետո միայն իմ նամակն ուղարկել է ուսումնասիրելու:
Ստվերային գործարքի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, ես ինքս ինձ
նման բան թույլ չեմ տա:
– Իսկ Հայաստանում որեւէ այլ ոլորտում բիզնես ունե՞ք:
– Մենք Մարտունու շրջանի Գետաշեն գյուղում փայտամշակման փոքր գործարան ունենք:
– Դուք երբեւէ հովանավորե՞լ եք Արտաշես Գեղամյանին:
– Ես նույնիսկ անձնապես նրան չեմ ճանաչում, երբեւէ նրան չեմ հանդիպել:
Արտաշես Գեղամյանին ճանաչում եմ միայն որպես քաղաքական գործչի: