Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մասնակցելով Միջազգային ռազմավարական հետազոտությունների խորհրդի շենքի բացման արարողությանը` խոսել է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայությունների մասին: Գյուլը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ սկսված գործընթացը դրական ավարտ կունենա: «Իհարկե Ղարաբաղի խնդրում տարբեր քննարկումներ կան: Սակայն Ադրբեջանից զավթված հողերը պատկանում են Ադրբեջանին, եւ դրանում որեւէ կասկած չկա: Այս խնդրում Հայաստանի կողմից որեւէ առարկում քննարկման թեմա չէ: Այդ տեսակետից ելնելով՝ հավատում եմ, որ աշխատանքները ընթանում են գրավյալ տարածքների անհապաղ վերադարձման շուրջ եւ այդ համատեքստում մի շարք խնդիրներ ավելի հեշտ կլուծվեն: Մինսկի խմբի վերջին մեկ տարվա աշխատանքներից թե Ադրբեջանը, թե Հայաստանը գոհ են մնացել»,- ասել է Թուրքիայի նախագահը։